Կառավարության կայքէջում նախօրեին հրապարակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր: Ինչպես նշված է այդ փաստաթղթերին կից, դրանք պատկերացում են տալիս մինչեւ 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016թ.) 2019 թ., Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին (օգոստոս, 2016թ.), Կազանի փաստաթուղթը, ՌԴ փաթեթային առաջարկները, Մադրիդյան սկզբունքները, Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակը, ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկները, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովում, Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Սակայն արդեն մարդիկ արձագանքում են, որ սրանք ոչ բոլոր բանակցային փաստաթղթերն են, եւ անհայտ է, թե ինչ սկզբունքով են ընտրվել: Այս փաստաթղթերի շարքում չկա Քի Վեսթի տարբերակը, իսկ Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակը պաշտոնական փաստաթուղթ չէ, այլ՝ «Հայկական ժամանակ»-ում 2008 թ. մի հրապարակում: Կառավարությունից չեն բացատրել, թե ինչու է նախկին ղեկավարներից միայն երրորդ նախագահի նամակը հանրայնացվել, իսկ մյուս առաջնորդների գրագրությունը՝ ոչ: Բացակայում են նաեւ հայկական կողմի պատասխանները: Փաշինյանը, հիշեցնենք, ամիսներ շարունակ Հայաստանի նախկին նախագահներին բանավեճի է կանչում, իսկ նրանք հակադարձում են, թե` բանակցային փաստաթղթերը եւ հատկապես 2019 թ․ Լավրովյան կոչվող առաջարկը հրապարակիր: Հիմա այն հրապարակվել է, սակայն չկա իր` Նիկոլ Փաշինյանի պատասխանն այդ առաջարկին:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Այս քննարկումը վաղուց է սկսվել: Քննարկումներն ընթանում են եւ դեռ մինչեւ 100 տարի կարող են ընթանալ, քանի որ խոսքն արտառոց մի երեւույթի մասին է: Դիվանագիտության եւ մարդկային պատմության մեջ հազիվ կարելի է գտնել նման բան, սա քաղաքական արկածախնդրության եւ անմեղսունակության նմուշ է: Համաշխարհային պատմության մեջ անգամ դժվար է գտնել նման նախադեպ: Ինչո՞ւ իշխանությունները գնացին այս փաստաթղթի հրապարակմանը: Արդյո՞ք սա ազնվության նշան է: Ամեն անգամ, երբ խոսք էր գնում նախագահների հետ բանավիճելու մասին, եղել են առաջարկներ` հրապարակելու փաստաթղթերը, որպեսզի բանավեճի թեման լինի հստակ: Ես կարծում եմ, որ այս ամենը ոչ մի կապ չունի իշխանության ազնիվ լինելու հետ: Լուծարված է Մինսկի խումբը, եւ պետք է հրապարակվեին փաստաթղթեր: Անգամ այստեղ են հայտնվել «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը, Սերժ Սարգսյանի նամակը եւ այլն: Ամեն ինչ իրար են խառնել: Հրապարակումը պետք է սկսվեր ԵԱՀԿ-ի գործընթացներից, դա կլիներ տրամաբանական: ԵԱՀԿ-ի առաջին ընդունած փաստաթուղթը` «Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջանի Հանրապետություն», այսպիսին է եղել այն, թեպետ նշված է եղել, որ Հայաստանը դրա հետ համաձայն չէ: Ես գիտեմ, թե որքան բարդ է եղել այդտեղ անգամ մեկ ստորակետ փոխելը, այն ոչ միայն բանակցող պատվիրակությունների հետ պետք է համաձայնեցվեր, այլեւ համապատասխան մայրաքաղաքների` Վաշինգտոն, Մոսկվա, Փարիզ եւ այլն: Մենք տեսնում ենք, որ հրապարակված վերջին փաստաթղթում չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, կա հստակ դիրքորոշում, որ այս լուծումը պետք է հիմնված լինի ինքնորոշման սկզբունքի վրա: Ի՞նչ է ասում այդ փաստաթուղթը: Ասում է` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, մնա քո սահմաններում, ինչպես որ եղել ես, տուր Ադրբեջանին այն, ինչ նվաճել ես որպես անվտանգության գոտի, քեզ տրվելու է միջազգային կարգավիճակ՝ մինչեւ հանրաքվե: Այսինքն` կստանաք Արցախը` Լաչինի եւ Քելբաջարի հետ: Այսինքն` մենք ունենալու էինք մի պետություն, որը լինելու էր միջազգային առումով ճանաչված, երաշխիքներով: Եթե մենք համեմատենք ոչ միայն այն, ինչ հիմա ունենք, այլեւ առհասարակ այն իրավիճակի հետ, որ կար, հաշվի առնելով այն 5 շրջանները, որոնք պետք է վերադարձվեին եւ ապառազմականացվեին, Հայաստանն իր բեռից նաեւ ազատվում էր: Դա ստանձնում էր կա՛մ Ռուսաստանը, կա՛մ այլ ուժ: Շատ կարեւոր է նաեւ, որ հրապարակվեց 2016 թվականին Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին, ինչը ցույց տվեց, որ Հայաստանում աշխատել է իսկապես լավ կոլեկտիվ: Ի պատիվ Սարգսյանի, նա կարողացել է ղեկավարել մի փայլուն մասնագիտական խմբի, որը կարողացել է 2016-ի երկիմաստ կետերի մեզ մտահոգող խնդիրները վերացնել: Խոսքը հրապարակախոսության մասին չէ, որ ով ավելի գեղեցիկ կգրի, ում գրածն ավելի մեծ տարածում կգտնի։ Ոչ: Այժմ հասկանալի չէ, թե ինչ պրոցեսներ են հետեւել 2018-ից հետո: Եթե բանակցություններով ինչ-որ բան իշխանության սրտով չէր, դրանից հրաժարվելու փոխարեն կարելի էր լավացնել այն, հստակեցնել եւ այլն: Հրաժարվել ամեն ինչից` նշանակում է պատրաստվել պատերազմի, իսկ եթե պատերազմ, ապա դրա համար պետք է մոբիլիզացիա, հարաբերությունների կարգավորում դաշնակիցների հետ, նոր դաշնակիցներ ձեռք բերել եւ այլն: Մենք նման բան չտեսանք: Թե ինչի վրա էր հույսը` չգիտենք»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test