«Ինչպես բոլոր բռնապետական ռեժիմի իշխանությունները դասական իմաստով, այնպես է ՀՀ իշխանությունները անընդմեջ հայտարարում են, որ «մեր երկրում քաղբանտարկյալներ չկան»։ Եվ որքան էլ փորձեն մեզ համոզել դրանում՝ Հայաստանում քաղաքական հետապնդումները ակնառու են, քաղբանտարկյալների թիվը աննախադեպ աճում է, իսկ արդարադատությունը բանտարկված է», – այսօր, Հայաստանում քաղբանտարկյալների առկայության թեմայով կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ երբ քաղաքացիներին ամիսներով պահում են կալանքի տակ միայն այն պատճառով, որ նրանք փողոց են փակել, Ազատության հրապարակում կանգնել են, կամ պարզապես համարձակվել են ասել՝ «ես համաձայն չեմ», դա հենց քաղաքական հետապնդում է։
«Երբ բողոքի ակցիայի ժամանակ բռնությունը կիրառվում է ուժայինների կողմից, բայց դատարան է գնում ոչ թե բռնություն գործադրողը, այլ սեփական իրավունքները պահանջող քաղաքացին՝ դա հենց քաղաքական ճնշում է։ Երբ քննչական մարմինները մի գործը քարշ են տալիս տարիներով, որովհետեւ մարդը ընդդիմադիր է, իսկ մյուս գործը փակում են ժամերի ընթացքում, որովհետեւ մարդը իշխանության յուրայինն է՝ դա հենց ընտրովի արդարադատություն է։ Եվ երբ քաղաքացիներին գիշերը կամ առավոտ կանուխ, տնից դիմակավորված տանում են իշխանությանը քննադատելու համար՝ դա հենց բռնապետություն է», – ասաց բանախոսը։
Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի գործը դարձել է խորհրդանիշ․ «Խորհրդանիշ այն իրականության, որտեղ իշխանությունը չի հանդուրժում ոչ միայն քաղաքական ընդդիմախոսին, այլ նույնիսկ ազգային ցավի մասին հիշեցնողին։ Մարդը, որը կորցրած հայրենիքի մասին է խոսում, որը հիշեցնում է, որ Արցախի հարցը փակված չէ, որ մեր ժողովուրդն ունի իրավունք իր ավետյաց երկրում ապրելու։ Սա քաղաքականություն չէ՝ սա ազգային հիշողության դեմ ուղղված բռնություն է։ Եվ վերջապես, Հայաստանում կա կին քաղբանտարկյալ։ Այո, այս իշխանությունը հալածում է նույնիսկ կանանց՝ հասարակության այն խմբին, որը յուրաքանչյուր ժողովրդավար երկրում համարվում է հասարակության ամենաբարձր պաշտպանված շերտերից մեկը։ Կին քաղաքացուն ներկայացնել որպես «սպառնալիք»՝ դա արդեն ոչ թե ուժի, այլ վախի ցուցիչ է։ Ոչ թե իշխանության ինքնավստահության, այլ իշխանության խորը թուլության ցուցիչ է»։
Տեսանյութն ամբողջությամբ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test