Նոյեմբերի 23-24-ը Ստոկհոլմում գումարվել է «Ղրիմյան հարթակի» չորրորդ խորհրդարանական գագաթնաժողովը, որին Թուրքիայի կողմից մասնակցել է Ազգային մեծ ժողովի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամ Ֆուատ Օքթայը: Այդ մասին նա պատմել է «Անադոլու» պետական գործակալության թղթակցին: Գագաթնաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդերաս Նորլենը:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն ասել է, որ գագաթնաժողովի լիագումար նիստում ներկայացրել է Ղրիմի և նրա թաթար բնակչության պատմությունը, խոսել թաթարներին վիճակված «դառը ճակատագրի, նրանց նկատմամբ հալածանքների և բռնատեղահանության մասին»: Ֆուատ Օքթայը հատուկ ընդգծել է, որ «թերակղզում իրավիճակը կտրուկ վատթարացել է 2014թ. ռուսական օկուպացիայից հետո»:
«Այդ ժամանակ, դժբախտաբար, Թուրքիան միայնակ էր Ղրիմի օկուպացիայի դեմ պայքարում: Եթե Եվրամիության և ԱՄՆ մեր գործընկերները ժամանակին անսային զգուշացումներին, ապա Ուկրաինայի այսօրվա վիճակը չէր լինի»,- ասել է թուրք խորհրդարանականը և հավաստիացրել, որ Անկարան «մշտապես պաշտպանել և պաշտպանում է Ղրիմի թաթարների ինքնության, սոցիալ-տնտեսական և մշակութային ազատության իրավունքները»: Նա մամուլին ասել է, որ Ստոկհոլմի գագաթնաժողովում լիազորված էր հանդես գալ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի անունից և հայտարարել է, որ Անկարան պաշտոնապես «սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և նրա սահմանների անխախտելությանը»:
Ֆուատ Օքթայը մասնավորեցրել է, որ Ստոկհոլմում հանդիպում է ունեցել Ղրիմի թաթարների Մաջլիսի նախագահ Ռուֆաթ Չուբարովի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ և տեղեկացել առկա իրավիճակին, նրանց հուզող խնդիրներին: Ղրիմի թաթարների Մաջլիսը գործում է Ուկրաինայում և պայքարում է բռնատեղահանվածների ժառանգների վերադարձի իրավունքն իրացնելու համար:
Թուրքիան մշտապես բարձրացնում է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության հարցը: Այդ թեման վերջերս քննարկվել է Թուրքիայի և Ուկրաինայի նախագհների հանդիպմանը, որ կայացել է Անկարայում: Ըստ երևույթին, պատահական չէ, որ Ստոկհոլմում Ղրիմի թաթարների իրավունքի վերականգնման հարցով խորհրդարանական գագաթնաժողով գումարվել է մի փուլում, երբ հրապարակայնացված է ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը, որի շուրջ ներգրավված և շահագրգիռ կողմերը շարունակում են ինտենսիվ բանակցությունները:
Անկարան, որքանով հասկացվում է, Կիևի համաձայնությամբ փորձում է ուկրաինական կարգավորման «փաթեթում» ներառնել նաև Ղրիմի թաթարների հարցը: Թաթարները Ղրիմից բռնատեղահանվել են 1944թ.-ին՝ օկուպացիայի տարիներին գերմանացիների հետ համագործակցելու մեղադրանքով: Իրականում բռնատեղահանվել է թերակղզու ոչ ռուս ամբողջ բնակչությունը, այդ թվում նաև՝ զգալի թվով հայեր և հույներ: Փաստացի Ղրիմում տեղի է ունեցել արմատական բնակչության էթնիկ զտում և ռուսների զանգվածային վերաբնակեցում:
Ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրում այդ մասին որևէ խոսք չկա: Թուրքիայում հազիվ թե չեն հասկանում, որ ստեղծված իրավիճակում Ղրիմի թաթար բնակչության վերադարձի թեման բանակցությունների առարկա չի կարող լինել: Անկարան, ամենայն հավանականությամբ, գործընթացին առարկայորեն ներգրավվելու խնդիր է փորձում լուծել: Առկա դրությամբ դա, կարծես, ձեռնտու է նաև Ուկրաինային: Բայց որքանո՞վ Էրդողանին կհաջողվի «վերադառնալ» Ղրիմ և Ուկրաինայի հարավ-արևելք, որտեղից Օսմանյան կայսրությունը հեռացվել է ավելի քան երկու հարյուր հիսուն տարի առաջ, շատ անորոշ է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test