Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Քաղաքական վարքագիծ է. ՔՊ-ի ներկայացուցիչները տարիներ շարունակ հասարակությանը մատուցում են իրարամերժ ու ըստ էության սուտ հայտարարություններ» aravot.am aravot.am

time
«Քաղաքական վարքագիծ է. ՔՊ-ի ներկայացուցիչները տարիներ շարունակ հասարակությանը մատուցում են իրարամերժ ու ըստ էության սուտ հայտարարություններ»

Օրերս Շիրազ Խաչատրյանը հրապարակել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի իրարամերժ հայտարարությունները 44-օրյա պատերազմի հետ կապված։

«Նորություն չենք ասի, եթե նշենք, որ ՔՊ-ի իշխանության ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ հասարակությանը մատուցում են իրարամերժ ու ըստ էության սուտ հայտարարություններ։ Դա քաղաքական վարքագծի ձեւ է իրենց մոտ, ոչ թե առանձին դրվագներ, որ պետք է հիմա քննարկենք։ Այդ պատճառով անգամ ձեր նշած հակասական հայտարարությունները վերլուծություն անվանելն օբյեկտիվորեն դժվար է։ Դրանք պարզապես մոլորեցնելու, պատասխանատվությունից խուսափելու եւ հանրային ղեկավարումը կեղծ օրակարգով փոխարինելու մեխանիզմներ են»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը։

Նշեք, որ օրերս Շիրազ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի իրարամերժ հայտարարությունները 44-օրյա պատերազմի հետ կապված։ Մասնավորապես Ալեն Սիմոնյանը հարցազրույցներից մեկում նշել է. «Չենք իմացել, ինձ արթնացրել են, ասել՝ վեր կաց, պատերազմ է սկսվել։ Ես նույնիսկ չեմ հավատացել, մտածել եմ՝ երեւի պուճուրիկ բախում է, հեսա կդադարի։ Հետո, որ տեսել եմ՝ ինչ է կատարվում, հասկացել եմ, որ չէ։ Այո, մենք չենք իմացել»։

Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցներից մեկում հայտնել է. «ՀՀ-ի հետախուզական ծառայող կառույցները եւ Գլխավոր շտաբը մեր հետախուզական այլ աղբյուրներից կարողացել են հստակ ճշտել հակառակորդի գործողությունների օրվա մասին»։

Նշենք, որ օրեր առաջ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի պատրաստած զեկույցը ԱԺ գաղտնի բաժնում է, որոշումն էլ կայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ Շիրազ Խաչատրյանի՝ ամենապատահական մարդու համար հստակ պարզ է, որ 44-օրյա պատերազմի մասին իշխանությունները տեղեկացված են եղել ոչ թե ժամեր կամ մեկ օր առաջ, այլ առնվազն երկու օր առաջ։ Իսկ պատերազմի բարձր հավանականության մասին տեղեկություններ շրջանառվում էին դեռեւս շաբաթներ առաջ. «Փորձագիտական, վերլուծական տարբեր նյութեր կային։ Դա ոչ թե ենթադրություն է, այլ փաստերի ու վկայությունների՝ հետագայում ի հայտ եկած ընդհանուր պատկերը։ Նույնիսկ իշխանության ներսից ու պետական համակարգի առանձին օղակներից նշվում էր, որ սեպտեմբերի կեսերին պաշտոնական Երեւանը ստանում էր պատերազմի վտանգի եւ բարձրացման մասին տեղեկություններ, դրան գումարած Արցախում շրջանառվող տեղեկությունները եւս վկայում էին, որ պաշտոնական Երեւանը նախապես ունեցել է բավարար աղբյուրներ, որոնք հուշում էին պատերազմի վերսկսման իրական վտանգի մասին։ Բայց իշխանությունը ոչ միայն չի կատարել անհրաժեշտ եզրահանգումները, այլեւ չի արձագանքել ստացած ազդակներին այնպես, ինչպես կարող էր անել անկախ պետության ղեկավարությունը»։

Ըստ փորձագետի՝ 2020-ի սեպտեմբերին նախորդած ժամանակահատվածում պատերազմի նախանշանները բազմաթիվ էին՝ ադրբեջանական զորքի կուտակումներ, միջազգային հարթակներում Ադրբեջանի պահվածքի կտրուկ փոփոխություն, Թուրքիայի ակտիվ ռազմաքաղական աջակցություն, զորավարժություններ, դիվանագիտական հաղորդագրությունների սրացում, մի շարք ուժային կենտրոնների նախազգուշացում. «Այդ ամենի հանդեպ ՀՀ իշխանությունների արձագանքը եղել է նվազագույնը անլուրջ, առավելագույնը՝ վտանգավոր անգործություն, հանցավորություն։ Եվ այս պարագայում պատերազմի ծանր հետեւանքների՝ պետական անկառավարելի իրավիճակի համար գլխավոր պատասխանատուն իշխանական բուրգի գագաթին գտնվող անձն է։ Նրա ու ՔՊ-ական իշխանության քաղաքական վարքագիծը, կործանարար որոշումները բերել են, մեզ կանգնեցրել աղետի առաջ»։

Մինչդեռ Շիրազ Խաչատրյանը փաստեց՝ պատերազմից առաջ անհրաժեշտ էր ապահովել բանակի մոբիլիզացիոն պատրաստվածությունը, հստակ հրամանատարական շղթային բերել առաջին պատրաստվածության, օգտագործել դիվանագիտական ճնշման ուղիները, ապահովել սահմանների պաշտպանությունը, իրականացնել տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ, բազմաթիվ այլ միջոցառումներ պետք է արվեին, որոնք յուրաքանչյուր պատասխանատու իշխանություն պետք է կատարեր։ «Փոխարենն իշխանությունն ընտրել է ինքնախաբեության, կեղծ հավաստիացումների եւ իրավիճակի՝ վտանգավոր թերագնահատման ուղին, եւ ունենք այն, ինչ ունենք։ Հիմա, թե ինչ պատմություններ են փորձում ներկայացնել՝ չգիտեինք, ճիշտ ժամանակին տեղեկություն չկար, պատերազմն անսպասելի էր կամ մեզ մոլորեցրել են, այդ հեքիաթները չեն փոխում գլխավոր ճշմարտությունը։ Իշխանությունը նախապես տեղյակ էր ամեն ինչից, բայց չի գործել՝ ըստ անհրաժեշտության։ Իսկ նման անգործությունը գլխավոր հանցագործությունն է, սխալ որոշումների շղթայական կատարումը։ Ժամանակը գալու է, եւ օրվա պատասխանատուները՝ անկախ իրենց հորինած բացատրություններից, պատասխան են տալու թե’ հանրության, թե’ պատմության առաջ»։

Հետաքրքրվեցինք՝ սպասվող պատերազմի մասին տեղյակ լինելով հանդերձ՝ չգործելու հարցում դիտավորությա՞ն միտում եք տեսնում, թե թափթփվածություն, ոչ կարգապահ պահվածք, նա պատասխանեց. «Ե’վ այն կարելի է ասել, ե՛ւ այն։ Մեկնաբանության հարց է։ Եթե քաղաքական երանգ տանք, կարող ենք նաեւ ասել, որ դիտավորություն է. այդ հանցագործ անգործության շղթան չի կարող միայն չիմացության արդյունք լինել, գուցե նաեւ հետագայում Արցախի ճակատագրի հետ խաղալու դիտավորությունն էր, որ բերել եւ հասցրել է այս աղետալի իրավիճակին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 22.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test