Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը, - այս մասին այսօր հայտարարեց փորձագետ Նաիրա Սուլթանյանը, ով քաղհասարակության ներկայացուցիչների հետ պատասխան այցով մեկնել էր Բաքու: Հայ գերիներին տեսակցելու ցանկությունը, սակայն, Բաքուն մերժել է:
«Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից մեզ վրա որևէ սահմանափակում չի կիրառվել, որ այս հարցը չբարձրաձայնենք։ Միջազգային ատյաններում, կառույցներում էլ այս հարցը բարձրաձայնել ենք ու շարունակում ենք բարձրաձայնել, և Կարմիր խաչի բացակայության հանգամանքով պայմանավորված՝ ևս մի ալիք նամակներ են գնացել: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմի հետ ուղիղ խոսելը նոր վիճակ էր մեզ համար, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած: Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորենք նրբանկատորեն, որպեսզի կողմերի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն: Ցավով պիտի ասեմ, որ հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել թվի ու մարդկանց անունների հետ կապված, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին հավաստիացրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթացն ընթանում է», -ասաց Սուլթանյանը:
Հայ գերիներին տեսակցելուն ուղղված հարցին ի պատասխան քաղհասարակության ֆորմատով հանդիպման մասնակիցներից Երևանի Մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց. «Եթե դա չի առաջարկվել որպես ծրագրի մաս, նշանակում է՝ մերժվել է: Որովհետև մեզ առաջարկվել է մեր այցելության օրակարգ, մենք դրա վերաբերյալ ունեինք որոշ մեկնաբանություններ, քանի որ առաջարկի մեջ չկար տեսակցությունը, թեև մենք այդ ցանկությունը հայտնել էինք, նշանակում է պարկեշտ մերժում»:
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նոյեմբերի 21-22-ը Բաքու այցելության ժամանակ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ որոշում է կայացվել նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»:
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը, ով ևս մեկնել էր Բաքու, ասաց, որ այցերը շարունակվելու են. լինելու են թե՛ հայկական պատվիրակություններ Ադրբեջանում, թե՛ ադրբեջանական պատվիրակություններ Հայաստանում: Քոչինյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի քանի ուղերձ է խնդրել փոխանցել Հայաստանի հասարակությանը:
«Առաջինն այն է, որ պատերազմը ավարտվել է. Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է, իրենք ցանկանում են ՀՀ-ի հետ համապարփակ ու երկարաժամկետ խաղաղություն կառուցել, և, որ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի», - փոխանցեց Արեգ Քոչինյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test