Կարճ ու ամփոփ ներկայացնում եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ադրբեջանալեզու հրապարակումները, որոնք կօգնեն փաստական տեսնել Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա ռեժիմով գծվող զավթողական ծրագիրը: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«15․11․2025 — Azertag.az «Արևմտյան Ադրբեջանի փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագծի պատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծման առաջարկ»
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ համայնքի իրավական հանձնաժողովի կազմում՝ Արևմտյան Ադրբեջանից փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագիծ պատրաստելու համար։ Նախագիծը պետք է ներկայացվի Միլլի Մեջլիսին։ Հայտարարությունն արվել է «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության պայմաններում» գիտաժողովում»։
15․11․2025 — Azertag.az «Արդարադատության ակադեմիայի ռեկտոր․ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան լիովին հնարավոր է»
«Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Շահին Ալիևը հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանից տեղահանվածների վերադարձը Հայաստան «լիովին հնարավոր է» միջազգային իրավունքի հիման վրա։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք»։
18․11․2025 — Azertag.az «Ակադեմիկոս․ Հայերի կողմից կեղծված տեղանունների վերականգնումը անհրաժեշտ է մայրենիի և ադրբեջանական ինքնության համար»
«Ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ հայերի կողմից «կեղծված» տեղանունների վերականգնումը՝ Արևմտյան Ադրբեջանում և Ղարաբաղում, կարևոր է ոչ միայն լեզվի, այլև Ադրբեջանի «ազգային ինքնության» տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ Ալիևի 80-ամյակին նվիրված ելույթում առաջ քաշված հանձնարարությունները կդառնան գիտական աշխատանքների հիմնական ուղղությունները։ Մանրամասն նշվել է, որ 2026–2030 թթ․ ինստիտուտը նախատեսում է հրապարակել մի շարք հիմնարար գրքեր՝ «Ադրբեջանի պատմական աշխարհագրություն», «Ադրբեջանի պատմական ատլաս», «Փաստարկներ Արևմտյան Ադրբեջանի մասին» և այլն՝ ընդգծելով պատմաքաղաքական ծրագրավորված մոտեցումը»։
20․11․2025 — Azertag.az «Նախագահի պատմական ելույթը ԳԱԱ-ի 80-ամյակին․ ժամանակակից պատմագիտական հետազոտությունների ուղեցույց»
«Իլհամ Ալիևը ԳԱԱ-ի 80-ամյա միջոցառմանը ներկայացրել է նոր առաջադրանքներ պատմագիտական հետազոտությունների համար՝ առանձնահատուկ շեշտադրելով Արևմտյան Ադրբեջանի պատմության, պետականության պատմության, քարտեզագրության և էթնոլոգիայի «նոր ուղղությունները»։ Ինստիտուտի տնօրեն Կարիմ Շուքուրովը նշել է, որ այս ելույթը տարբերվում է նախորդ տարիների ելույթներից, քանի որ այն արվում է «տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»։ Նշվում է, որ ողջ գիտական համակարգը վերակազմվում է՝ նոր քարոզչական «պատմագրության» հիման վրա»։
Օրեր առաջ հոդված էի գրել՝ ներկայացնելով, որ նոյեմբերի 3-ի Ալիևի ելույթից հետո, երբ դիտարկում ես ադրբեջանական մամուլը, տպավորություն է, որ Հայաստան անունով պետություն իրենց հարևանությամբ պարզապես չկա։ Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինով, որը կեղծ է, չի դիմանում որևէ պատմական քննության, չունի աշխարհագրական կամ քաղաքական որևէ հիմնավորում, բայց ունի հեռուն գնացող վտանգավոր ծրագրեր։
Այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնի հանդիպումից ընդամենը երեք ամիս անց, սա ցույց է տալիս՝ Ալիևը իրեն զգում է անպատիժ, նա գիտի ՀՀ ներկայիս իշխանությունները այս վտանգավոր միտումը չեզոքացնելու համար ոչ մի քայլ չեն անելու։ Սա լուրջ վտանգ է բոլորիս համար, երբ այս գործողությանը հստակ քաղաքական գնահատական չի տրվում, հետո ստիպված ենք լինելու ռեսուրս ծախսել սրան հակադարձելու համար։ Մինչդեռ այս ամենը կարելի է ուղղել հենց Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի ղեկավարության դեմ։ Սա կոնկրետ զավթողական ծրագիր է, պատերազմի պլան, որը սպառնալիք է՝ ողջ տարածաշրջանի համար։ Ափսոս է մեր ժամանակը, ափսոս է ԱՄՆ միջնորդությունը, ափսոս է մեր երկիրը․․․ Ես իրապես չգիտեմ էլ ինչպես բացատրեմ, որ սա լուրջ ռիսկ է մեր պետության համար և սրան մատների արանքով նայել չի կարելի»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test