Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին արտահոսքերը վկայում են, որ ԱՄՆ-ի «28 կետանոց» խաղաղության նախագիծը Ուկրաինային առաջարկում է ամերիկյան անվտանգության երաշխիքներ, սակայն դրա դիմաց նրանից պահանջում է ծանր և զգայուն զիջումներ։ Հրապարակված տվյալներով ծրագիրը ներառում է․ ● Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի դե ֆակտո ռուսական կարգավիճակի ընդունում, ● Խերսոնի և Զապորոժիեի շփման գծի սառեցում և որոշ հատվածների ապառազմականացում, ● Ուկրաինայի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցությունից և զինուժի կրճատում, ● Արևմուտքի կողմից վերակառուցման լայնածավալ աջակցություն, այդ թվում՝ ռուսական սառեցված ակտիվների ներգրավմամբ, ● Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային մեղմացում՝ համաձայնագրի իրականացման փոխկապակցմամբ։ Վաշինգթոնը կառուցում է խաղաղության մի մոդել, որտեղ ամերիկյան անվտանգության ներգրավվածությունը փոխհատուցվում է Ուկրաինայի տարածքային, ռազմական և արտաքին քաղաքական սահմանափակումներով։ Ժնևում ժամեր առաջ ավարտված ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների մասին պաշտոնական հայտարարությունն ընդգծում է «կառուցողական մթնոլորտը», «զգալի առաջընթացը» և «հաջորդ քայլերի հստակեցումը», սակայն լռում է ծրագրի բովանդակության ամենակարևոր կետերի վերաբերյալ։ Այս հանգամանքը ցույց է տալիս․ ա) ամենազգայուն դրույթները դեռևս չեն համաձայնեցվել, բ) բանակցությունները տեղափոխվել են գաղտնիության և վերահսկվող տեղեկատվական դաշտ։ Ժնևի հայտարարությունն ավելի շատ արձանագրում է գործընթացը, քան բացահայտում իրական քննարկումները։ Եվրոպական երկրների մեծ մասը նախաձեռնությունը գնահատում է զգուշությամբ, քանի որ այն դիտվում է որպես․ ● Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների դե ֆակտո օրինականացում, ● Ուկրաինայի պաշտպանունակության թուլացում, ● միջազգային իրավունքի համար նախադեպ է դարձնում ուժի միջոցով սահմանների փոփոխության լեգիտիմացումը: ● շեշտը դրվում է ԱՄՆ- Ռուսաստան համաձայնությունների վրա՝ ԵՄ-ին ու նրա լիբերալ- գլոբալիստական էլիտաներին թողնելով «խաղից դուրս» վիճակում: Ուկրաինայում նույնպես իրավիճակը բարդ է: Ցանկացած տարածքային զիջում կարող է առաջացնել լուրջ ներքաղաքական ճգնաժամ, քանի որ հասարակական տրամադրություններն ակնհայտորեն հակված չեն ընդունելու խաղաղություն՝ տարածքային կորուստների գնով։ Արդյունքում իշխանությունը կանգնած է պատերազմի շարունակման սահմանափակ ռեսուրսների և խաղաղության բարձր գնի միջև։ Ուկրաինան, մեծ հաշվով, այլընտրանք չունի․ մի քանի ամիս անց երկիրը կարող է կանգնել առավել կոշտ լուծման, կապիտուլյացիայի վտանգի առաջ»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test