Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը պատրաստվում է վերջին պատերազմին 168.am 168.am

time
Փաշինյանը պատրաստվում է վերջին պատերազմին

«Ջախջախիչ հաղթանակ» արտահայտությամբ, ՔՊ-ականները մի քանի օր է՝ տոնում են Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուի տեխնիկական առավելությունը:

Բայց նույնիսկ, եթե այդ թեկնածուն 53 տոկոսի փոխարեն՝ ստանար 93 տոկոս, «ջախջախիչ հաղթանակ»-ը չպետք է լիներ իշխանության բառապաշարում՝ մի հասարակությունում, որն արդեն 5 տարի ապրում է թշնամու կողմից ջախջախված, այդ ջախջախումն այդպես էլ չհաղթահարած վիճակում:

Խնդիրը բառերը չեն, այլ դրանցով արտահայտվող մտածողությունը, արտաքին իրական թշնամու առաջ ջախջախվելու, ներսում մտացածին թշնամիներ կերտելու ու նրանց ջախջախելու՝ իշխանության հակապետական վերաբերմունքը:

Ընտրություններում մրցակիցներին, որպես կանոն, հաղթում են, ջախջախելը թշնամիներին վերաբերող արտահայտություն է, որը նույնական է կապիտուլյացիայի հետ: Ադրբեջանի կողմից կապիտուլյացված իշխանությունն, ահա, այդ վրեժը փոխհատուցում է սեփական քաղաքացիների այն հատվածից, ովքեր համարձակվել են ընտրել ոչ ՔՊ-ական թեկնածուների:

Եվ «ջախջախիչ հաղթանակը» վերաբերում է ոչ միայն ու ոչ այնքան ընտրության օրն իշխանությունից ընդամենը մի քանի հարյուր ձայնով պակաս արդյունք գրանցած թեկնածուներին, որքան նրանց ընտրած քաղաքացիներին: Իշխանությունը ջախջախում է բոլոր նրանց, ովքեր չեն ընտրում իր թեկնածուներին: Այլ պայմաններում, հետընտրական նման հայտարարությունը կարելի էր համարել քարոզչական տեխնոլոգիա:

Բայց երբ իշխանության կողմից նման բառապաշար է կիրառվում պառակտվածության անթույլատրելի աստիճանի հասած հասարակության պարագայում, դա կարող է բառի ուղիղ իմաստով՝ ներհանրային պայթյունի հանգեցնել՝ հատկապես մի քանի ամիս անց սպասվող ԱԺ ընտրություններում:

Հայաստանն ապրում է թշնամանքի, ատելության անթույլատրելի մթնոլորտում: Նորմալ պետություններում այդ մթնոլորտը մեղմում են իշխանությունները՝ գիտակցելով, որ ներհանրային թշնամանքը թուլացնում է պետությունը ներսից՝ բազմապատիկ թուլացնելով նրա դիմադրողականությունն արտաքին սպառնալիքների հանդեպ: Հայաստանում, սակայն, տրամագծորեն հակառակն է: Իշխանությունը ոչ միայն չի փորձում մեղմել ներհանրային թշնամանքը, այլ սնուցում է այն՝ դա դիտարկելով որպես վերարտադրվելու գլխավոր պայման:

Պետության ներքին ու արտաքին դիմադրողականության թուլացման ռիսկն իշխանություններին չի հուզում, որովհետև նրանք արտաքին թշնամիների հետ հարցերը համարում են լուծված (մտածելով, որ բոլոր պահանջների կատարումը նշանակում է արտաքին վտանգի վերացում) և պայքարում են «ներքին թշնամիների» դեմ, որոնց մտադիր են ջախջախել արդեն համապետական ընտրություններում:

Այս իրավիճակը վտանգավոր է մեկ այլ առումով ևս: Նման իշխանության դեպքում ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի համար գայթակղիչ է կիրառել թշնամական մոդելը՝ նախընտրական պայքարին վերաբերվելով որպես քաղաքական պատերազմի: Բայց դա պայքար է զուտ իշխանության համար, որում, անկախ հաղթողներից, պարտվելու են պետությունն ու հասարակությունը:

Հայաստանին այսօր կենսականորեն անհրաժեշտ է ընդդիմադիր առաջնորդություն, որը կկարողանա վեր կանգնել թշնամանքի մոդելով պայքարի գայթակղությունից և Ադրբեջանի հետ անիրական «խաղաղությունը» հաղթաթուղթ դարձած իշխանությանը հակադրել ներհանրային իրական խաղաղության ծրագիր:

Այլապես հաջորդ տարվա հունիսին, ընտրությունների հաջորդ օրն իր կյանքի ամենակարևոր պատերազմին պատրաստվող Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է «ջախջախիչ հաղթանակի» մասին: Հայ ժողովրդի հանդեպ:

Հարություն Ավետիսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test