Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հաքան Ֆիդանն ուղիղ ասում է՝ Անկարան հայ-թուրքական գործընթացը դիտարկում է՝ որպես Ադրբեջանի օրակարգի բաղկացուցիչ. վերլուծաբան 168.am 168.am

time
Հաքան Ֆիդանն ուղիղ ասում է՝ Անկարան հայ-թուրքական գործընթացը դիտարկում է՝ որպես Ադրբեջանի օրակարգի բաղկացուցիչ. վերլուծաբան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հերթական անգամ անդրադարձել է Հարավային Կովկասում Երևանի ու Բաքվի միջև տիրող իրավիճակին՝ զուգահեռաբար խոսելով հայ-թուրքական կարգավորման հեռանկարից: Նա մի շարք ուշագրավ ու ցինիկ մեկնաբանություններ է արել, ըստ էության՝ հերթական անգամ խոստովանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առկա նախապայմանների փաստը: Նա, մասնավորապես, ասել է. «Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:

«Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում»,- Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններում «չեն քննարկվում երկու հարց. մեկը՝ Զանգեզուրի միջանցքի հարցը, մյուսը՝ Հայաստանի սահմանադրության հետ կապված որոշակի հարցեր»: Նա նշել է՝ երբ այդ հարցերը լուծվեն, և Ադրբեջանը ստորագրի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանները Հայաստանի հետ։

Ընդհանրապես դատելով հայտարարություններից՝ կարելի է ասել, որ Թուրքիայում հարավկովկասյան զարգացումներին հետևում են մեծ ուշադրությամբ: Ստամբուլում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի բացման ելույթում Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն էլ հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը, որը 30 տարի անկայունության աղբյուր է եղել Կովկասում, նոր փուլ է մտել։ «Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են իրենց խնդիրները լուծել բանակցությունների և քննարկումների միջոցով, ինչպես կարևոր է ԵԱՀԿ-ի համար։ Հուսով եմ, որ երկու երկրների միջև երկարատև համաձայնագրի հասնելու դեպքում և՛ Կովկասյան տարածաշրջանը, և՛ մեր ավելի լայն տարածաշրջանը ձեռք կբերեն խաղաղության մթնոլորտ»,- հայտարարել է Քուրթուլմուշը։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Թուրքիան սկսեցին, այսպես կոչված, կարգավորման գործընթաց, հայտարարեցին, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները, նույնիսկ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հատուկ ներկայացուցիչների մակարդակով, սակայն կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ թուրքական նախապայմանները չեն վերացել նույնիսկ Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքական ակտիվ օրակարգից դուրս բերելուց հետո:

Անկարան շարունակում է պայմանավորել գործընթացը Բաքվի շահերով: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի ձևակերպումը ցույց է տալիս, որ Թուրքիայի «բաց դուռն» իրականում կախված է Երևանի և Բաքվի միջև համաձայնագրից։ Սա հաստատում է թուրք-ադրբեջանական սերտ արտաքին քաղաքական կապը, որտեղ Անկարան իր տարածաշրջանային նախաձեռնությունները համադրում է Բաքվի օրակարգին։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան պահում է հաշտարարի, բայց ոչ անկախ դերակատարի դիրքը Երևանի ու Բաքվի միջև:

Հաքան Ֆիդանն ուղիղ ասում է՝ Անկարան հայ-թուրքական գործընթացը դիտարկում է՝ որպես Ադրբեջանի օրակարգի բաղկացուցիչ. վերլուծաբան

Ըստ նրա, երբ Անկարան հայտարարում է «կարգավորման պատրաստակամության» մասին, բայց այն կապում է փաստաթղթի և որոշ հարցերի համաձայնեցման հետ, Թուրքիային թույլ է տալիս հանդես գալ՝ որպես, այսպես ասած, կառուցողական կողմ, սակայն առանց իրական քաղաքական զիջումներ անելու, ինչը դիվանագիտական, հոգեբանական ճնշում է Երևանի նկատմամբ:

Վերլուծաբանի որակմամբ, Ֆիդանի դիտարկումներում կա որոշակի ուղերձ նաև Արևմուտքին և Մոսկվային, Թուրքիան ցանկանում է ներկայանալ՝ որպես տարածաշրջանային կայունության առանցքային խաղացող և խաղաղության գործընթացի առանցքային ապահովող։

«Սա հատկապես կարևոր է ԱՄՆ-ՌԴ մրցակցության պայմաններում Հարավային Կովկասում»,- գտնում է վերլուծաբանը՝ շարունակելով, որ Թուրքիան հավակնում է լինել ոչ միայն Ադրբեջանի գործընկերը, այլև տարածաշրջանային գործընթացների քաղաքական հովանավորը։ Նրա որակմամբ, հայ-թուրքական նորմալացումը Բաքու-Երևան համաձայնագրին կապելն այդ կարգավիճակի ձևակերպման փորձ է։ Փորձագետը կարծում է, որ սա ճնշման ձև է, քաղաքական տեխնոլոգիա, և այդ հայտարարությունն ունի հետևյալ ենթատեքստը․ «Նորմալացում կլինի, եթե լինեն մի շարք քայլեր»։

Նա նշեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար մեծ ու ցանկալի հանգրվան է համարում, ուստի կարծում է, որ կարգավորումը հետաձգելը մեծ լծակ է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետ գործընթացում: Ըստ նրա, Անկարան հայ-թուրքական գործընթացը չի դիտարկում՝ որպես երկու պետությունների միջև հավասար օրակարգ, այլ՝ որպես Ադրբեջանի օրակարգի բաղկացուցիչ և տարածաշրջանային կոնֆիգուրացիաների մաս:

«Եթե այս դիրքավորումը չլիներ, բնականաբար, Անկարան կարող էր սահմանը վաղուց բացած լինել, քանի որ ըստ էության ներկայումս Հայաստանի ու Թուրքիայի պաշտոնական խոսույթում խնդիրներ չեն նշմարվում: Եթե խնդիրներ չկան, ապա փակ սահմանն առնվազն անհասկանալի է, սա այն դեպքում, երբ խոսքը բնականոն հարաբերությունների մասին է: Սակայն սա նման իրավիճակ չէ»,- ասաց նա:

Թուրքագետը նշում է, որ Անկարան տարածաշրջանը դիտում է՝ որպես էներգետիկ և տրանսպորտային հանգույց, որի միջոցով ցանկանում է կապել Կենտրոնական Ասիան, Կասպից ծովի ավազանն ու Եվրոպան, որի համար հարկավոր է խաղաղություն, հաղորդակցությունների բացում, Թուրքիայի ազդեցության ընդլայնում, և այս ամենը՝ մեկ ռազմավարական շրջանակի մեջ։

«Անկարան, կարելի է ասել, որ ձևավորում է «նոր քաղաքականություն հարևանների հետ»: Եթե Մերձավոր Արևելքում Թուրքիան վերջին տարիներին անցել է հաշտեցման գործընթացների՝ գործի դնելով քաղաքական տարբեր մոդելներ, ապա Կովկասում Անկարան փորձում է կիրառել նույն մոդելը՝ զուգահեռաբար անցնելով «կառուցողական» հռետորաբանության՝ առանց զիջելու ուժային գործոնը: Սա թույլ է տալիս Թուրքիային դիրքավորվել, ստեղծել կայունություն ստեղծողի իմիջ, որին Թուրքիան ձգտում է նաև ուկրաինական ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի հետ տանդեմը Հարավային Կովկասում թույլ է տալիս ուժեղացնել ազդեցությունը, ձևավորելով քաղաքական միասնական ճակատ՝ Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության պայմաններում։ Բացի այդ, Թուրքիան փորձում է դառնալ ԵՄ-ՌԴ մրցակցությունը ռեգիոնում բալանսավորողը, Հարավային Կովկասում Թուրքիան իրեն տեսնում է որպես ուժ, որը կարող է միաժամանակ խաղալ բոլոր ուղղություններով՝ ՆԱՏՕ-ի անդամ է, ՌԴ-ի հետ ունի «ռազմավարական մրցակցային գործընկերություն», Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ամրապնդում է թյուրքական գործընկերությունը: Սա բավականին բարդ դեր ու դիրքավորում է, այն կարևոր է լավ հասկանալ, հետևաբար՝ ճիշտ դիրքավորվել: Ինչ-որ առումով այս տարբերակված մոտեցումն է Թուրքիային տալիս առավելություն Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ այս փուլում: Այնուամենայնիվ Թուրքիայից հնչող հայտարարությունները թափանցիկ են ու հասկանալի»,- ասաց վերլուծաբանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test