Վերջերս Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական ցորենի Հայաստան ներմուծման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի մաքսային ծառայությունները չեն համագործակցել։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը «Հետք»-ի տաղավարում ասել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ղազախստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներ, տարանցիկ ռեժիմով առևտուր են արել։
Հետագայում, եթե լինեն բաց սահմաններ, կհամագործակցեն նաև մաքսային ծառայությունները։
Լրանում է Էդուարդ Հակոբյանի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու մեկ տարին։ Հակոբյանը գոհ է կառույցը ղեկավարելու իր որոշումից։ Գոհունակություն ու ոգևորություն է ապրում, հատկապես, բյուջե մտնող հարկերը Կառավարության պլանավորածի չափ հավաքելու առթիվ։
Ըստ նրա՝ ՊԵԿ-ում միջավայր է փոխվել, բեկում է մտել հարկ վճարողների ընկալումներում։ Այնուամենայնիվ, հարկային կոշտ վարչարարության վերաբերյալ տնտեսվարողների բողոքների, ՊԵԿ աշխատակիցների բարեվարքության թերացումների մասին ահազանգերը ևս ՊԵԿ նախագահին հասնում են։
«Խիստ հետևողական եմ, որ մեր աշխատակիցները պարտադիր բանակցեն հարկ վճարողների հետ, լսեն տեսակետները, երբ բացահայտվել է ստվերային շրջանառություն։ Դրանից հետո որոշում է կայացվում»,- ասում է Էդուարդ Հակոբյանը։
Ըստ նրա՝ թիրախավորվում են ամենառիսկային հարկ վճարողները։
Հարցին՝ ինչպես է ստացվել, որ տնտեսական աճը երկու անգամ ավելի դանդաղ է Հայաստանում, քան հավաքագրված հարկերի աճն է, ՊԵԿ նախագահը պատասխանում է, որ դա պայմանավորված է մի քանի ոլորտից ավել հավաքագրված հարկերով, առաջին հերթին՝ շինարարության և բանկերի։
Հաջորդ գործոնը բիզնեսներին ստվերից հանելու վարչարարությունն է և նրանց հարկային դաշտ բերելը։
Ինչ վերաբերում է գալիք տարում սպասվող հարկերի աճին, ապա կրկին հույսն առաջին հերթին ստվերային շրջանառությունները հայտնաբերելն ու հարկային դաշտ բերելն է։
ՊԵԿ-ը հաճախ խուսափում է այս կամ այն խոշոր ընկերության կամ գործարարի անուն տալ, որ ստվերում են գործել և հայտնաբերվել։ Էդուարդ Հակոբյանը պատճառաբանում է, որ օրենքը թույլ չի տալիս։
Նշվում է մի քանի ոլորտ, որտեղ տարիներ շարունակ ստվեր է եղել։ Դրանցից են խաղային ոլորտը՝ վիճակախաղեր, շահումով խաղեր։ Ոլորտի հսկա «Սոֆթ կոնստրակտ»-ի մասին «Հետք»-ի հետաքննությունից հետո արված հարցմանը ՊԵԿ-ը չէր պատասխանել՝ արդյոք գնացել է փաստերի հետքերով։
ՊԵԿ նախագահն այս անգամ էլ շատ մանրամասներ չի ասում, սակայն շեշտում է, որ խաղային ոլորտի երեք խաղացողների մոտ, այդ թվում՝ նշված ընկերությունում, խոշոր ստուգումներ են իրականացվել, որի արդյունքում ստվեր է հայտնաբերվել, և խոշոր չափի հարկեր են վճարվել։ «Առաջիկայում, նույնպես, սպասում ենք նման երևույթի»,- խոստանում է Էդուարդ Հակոբյանը։
ՊԵԿ նախագահի հետ խոսել ենք նաև նրա հետ լեզու գտնելու տնտեսվարողների փորձերի, եկամուտների հայտարարագրման, հնարավոր կաշկանդվածությունների, ապրանքների QR կոդերի համակարգի վերաբերյալ ՊԵԿ-ի ներսում տարակարծությունների և բանավեճերի, հարկատուներին վերադարձվող ավելացված արժեքի հարկի նվազման, հարկային արտոնությունների և այլ հարցերի մասին։
Առաջիկայում QR կոդերի (թվային ծածկագրեր) գները կարող են իջնել։ Այսօր, ըստ ՊԵԿ նախագահի, մեկ QR կոդի արժեքը, առանց ԱԱՀ, 3.5 դրամ է։ Կառավարությունը պլանավորում է առաջիկայում որոշում ընդունել այն իջեցնելու մասին։
Էդուարդ Հակոբյանը համաձայն չէ, որ շրջանառության հարկի փոփոխությունները բացասական են ազդել բիզնեսների վրա՝ չնայած այս համակարգից դուրս մնացած տնտեսվարողները դժգոհ են։
Էդուարդ Հակոբյանին նաև հարցրել ենք՝ պատրաստվու՞մ է առաջադրվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test