Հայաստանում քաղբանտարկյալներ կան, պնդում են խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններն ու առաջարկում, որ Ազգային ժողովը հայտարարության նախագիծ ընդունի:
Մոտ երկու էջանոց փաստաթղթում, որ հաջորդ շաբաթ կներկայացվի նույն օրակարգով հրավիրած խորհրդարանական լսումներին, նշվում է՝ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում և դրա դրսևորումն է նաև աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»:
«Խոսքը սահմանափակ թվով անձանց իրավունքների պաշտպանության մասին չէ, խոսքը խոշոր հաշվով Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության պաշտպանության մասին է, որովհետև այսպես պիտի լինի՝ որքան շատանում են խոսքի ազատության պատճառով կալանավորումները, հետապնդումները, այնքան մոտենում է մեզնից յուրաքանչյուրի հերթը», - ասում է նախագիծը հեղինակած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Պատգամավորի պնդմամբ՝ ճաղերի հետևում գտնվող մի շարք հասարական, քաղաքական գործիչներ ԵԽԽՎ սահմանած բանաձևով քաղբանտարկյալներ են: Շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծում մոտ 13 տարի առաջ ընդունված այդ բանաձևով սահմանված չափանիշներին են հղում անում ընդդիմադիրները և պնդում՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Այդ չափանիշներից մեկով՝ անձը քաղբանտարկյալ է, եթե նրան ազատությունից զրկել են բացառապես քաղաքական դրդապատճառով, այլ անձանց հետ համեմատած խտրականորեն և ակնհայտ անարդար ընթակարգերով:
«Հիմա Հայաստանում կալանքի տակ գտնվող կամ դատաքննության փուլում գտնվող դեռևս վճիռը չկայացրած դեպքերում մենք ճիշտ այդպիսի դեպքեր ունենք, մենք ունենք դեպք, երբ որ անձը, օրինակ, փաստաբան Կոչուբաևը կլինի կամ Գյումրու ընտրված համայնքապետը, իրեն առանց ծանուցման բերման ենթարկելու համար կիրառվել է աննախադեպ քանակի ուժեր, ներխուժել է նաև համայնքապետարան: Մենք նույն դեպքը ականատես ենք եղել նաև Միքայել սրբազանի դեպքում, երբ գրոհել է անգամ Վեհարանը», - ասում է Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է նաև անցած շաբաթ տեղի ունեցած մեկ այլ դեպք, երբ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մտան իշխանականներին քննադատող «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ և ձերբակալեցին նրանց: Ընդդիմադիր փոդքասթերներին կալանավորել են երկու ամսով՝ նրանք մեղադրվում են խուլիգանության համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նկատում է. «Իշխող ուժի ներկայացուցիչները, օրինակ՝ Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, ավելի մեղմ, թե՞ ավելի սուր բառապաշար են օգտագործել, եթե այստեղ կա հանցակազմ, այս իմ բոլոր նշած անձանց դեպքում չկա՞ այդ նույն հանցակազմը, այսինքն՝ այս բոլոր դրվագներով մենք տեսնում ենք տարբերակված մոտեցումներ»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով.«Բոլոր այն մարդկանց, որոնք նրանք անվանում են քաղբանտարկյալներ, բոլոր այդ մարդիկ կոնկրետ հոդվածներով հարցաքննվում են, կա՛մ կալանավորված են, կա՛մ դատական պրոցեսով են անցնում: Օրինակ, քաղբանտարկյալ են անվանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, այդ մարդու դեպքում կա դատական օրինական դատարանի միջոցով արված ձայնագրություն, օրինական, որով ինքը այդ կաշառքը պահանջում է։ Հիմա թողնել իրեն ազա՞տ, ասել՝ լավ ինքը քաղաքական այլ հայացքներ ունի, ընդդիմություն է, թողենք հանկարծ մեզ չասեն՝ ռեպրեսիա է»:«Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Հասմիկ Հակոբյանն աներկբա պնդում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Իշխանական պատգամավորը ևս իր պնդումը հիմնավորում է՝ հղում անելով քաղբանտարկյալի չափանիշները սահմանող նույն ԵԽԽՎ բանաձևին. «Քաղբանտարկյալ են այն մարդիկ, որոնք, օրինակ, դատապարտվում են այնպիսի հոդվածներով ունենալով այլ քաղաքական հայացքներ, որին մեղսագրվող արարքները չեն գործել կամ դատապարտվում են այն ժամկետներով, որը որ ավելի է, քան նախատեսված է իրենց արարքի համար», - ընդգծում է իշխանական պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ արձագանքում է. «Եթե իրենք հղում են անում ԵԽԽՎ-ին ու ասում են՝ տեսեք ԵԽԽՎ-ն չի արձանագրել, ուրեմն Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ուրեմն, իրենք նաև սուտ էին խոսում, երբ որ 2018-ից առաջ եղել են քաղբանտարկյալներ, եղել են մարդու իրավունքների խախտումներ, եղել է ազատ խոսքի սահմանափակում։ Մենք ասում ենք, որ խնդիրներ եղել են և եղել են դրվագներ, որոնք, իսկապես, խնդրահարույց են եղել և դրանք պետք է հաղթահարել, լուծել և գնալ ավելի առաջ և է բացառել դրանց կրկնությունը»:Վարդանյանը նկատում է՝ ՔՊ-ականներն ու նրանց աջակիցներին մեղադրանք չի առաջադրվել իրենց հայհոյախառն ու վիրավորական արտահայտությունների համար: Իրավապահները նրանց արարքներում հանցակազմ երբևէ չեն տեսել, մինչդեռ պատկերը բոլորովին այլ է ընդդիմադիրների դեպքում:
«Մենք ուղիղ եթերում՝ քարոզարշավի ընթացքում, Փաշինյանի սեռական բնույթի հայհոյանքներ ենք լսել, դա Փաշինյանին չի վերաբերվո՞ւմ, եթե այդպես է, եթե հավասարություն կա և եթե խտրական վերաբերմունք չի ընդդիմադիրների նկատմամբ, թող ինչպես Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բերման են ենթարկել, այնպես էլ Փաշինյանին բերման ենթարկեն, մենք բոլորս համոզվենք, որ կա պայքար ոչ նորմատիվ խոսքի դեմ, որ կա խուլիգանության դեմ պայքար», - հայտարարում է Վարդանյանը:
Իշխող խմբակցությունից Հասմիկ Հակոբյանն իր հերթին նշում է. «Դա պարզունակ մանիպուլյացիա է, որովհետև նույն նիստերի դահլիճում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, սեռական բնույթի հայհոյանք տվեց, որը բոլորս լսեցինք, որը նաև տեսանյութերում է առկա, և նա այժմ ազատ իր համար է իր կյանքն է վայելում»:
Հայտարարության նախագծով ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են դադարեցնել քաղաքական հետապնդումները՝ ակնկալելով նաև գնահատականներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանի կարծիքով՝ նախկին իշխանությունների օրոք մարդու իրավուքների խախտումների մասին բարձրաձայնող կառույցներն այժմ լուռ են:
Նախագիծը խորհրդարանական լսումներից հետո կքննարկվի նաև խորհրդարանի իրավասու հանձնաժողովում: Բայց մինչ այդ արդեն իշխանական Հասմիկ Հակոբյանը հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է քվեարկելու:
Առանց ՔՊ-ի աջակցության՝ նախագիծը լիագումար նիստի օրակարգ չի մտնի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test