Մայր Աթոռն «ազատագրելու» առաքելությունը գլուխ բերելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցներն անթաքույց հակակրանքով պարբերաբար անդրադառնում են Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին ու այն հոգևորականներին, որոնք սեփական ընդվզումը, տեսակետը, կարծիքն են հայտնել երկրում կատարվողի վերաբերյալ և չեն լռել, երբ պետք էր խոսել։
Այս պրոցեսներին զուգահեռ արդեն, «իրավական» շղարշի տակ մեկնարկած հետապնդումներն են՝ կալանավորված հոգևորականներ, հարցաքննություններ, մեղադրանքներ։ Ինչպես և ենթադրելի էր, այս հարցում ևս պատկան մարմինները չեն շրջանցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում 3 քննիչ հարցաքննություն է իրականացրել և երեքի դեպքում էլ Արշակ սրբազանը հարցաքննվել է՝ որպես վկա»,- 168․am-ի հետ զրույցում նշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով իր վստահորդի շուրջ մեկնարկած գործընթացներին։
Փաստաբանը հավելեց՝ երկու վարույթների շրջանակում հոգևորականը հարցաքննվել է կասկածի հիմքով։
«Հաշվի առնելով նախաքննական գաղտնիությունը, բնականաբար, շատ մանրամասներ հայտնել չեմ կարող․ միայն կարող եմ ասել, որ ամենաանհեթեթ հոդվածների շրջանակներում է իրականացվել հարցաքննությունը»,- նշեց նա։
Նշենք՝ ավելի վաղ նաև մամուլում էին եղել հրապարակումներ, որ Արշակ արքեպիսկոպոսին շարունակ հարցաքննությունների են կանչում, որ Քննչական կոմիտեն մի քանի վարույթ է հարուցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետի նկատմամբ։
Ավելին՝ շրջանառվում էր տեղեկություն, որ Արշակ սրբազանին մեղադրում են անգամ սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ, և այս ամենը՝ կարգալույծ հոգևորականների կամ ֆեյք «Հարություն վարդապետի» տարածած տեղեկությունների հիման վրա:
«Մեզ հատկապես հետաքրքրեց սպանության մեղադրանքը: Պարզվեց` ըստ ցուցմունքների, Արշակ սրբազանը «թունավորելով սպանել է Գարեգին Ա կաթողիկոսին»,- հենց այսօր այս առնչությամբ գրել էր «Հրապարակ» օրաթերթը և հիշեցրել, որ Գարեգին Ա-ն ձայնալարերի քաղցկեղ ուներ և տևական ժամանակ տառապում էր այդ հիվանդությունից։
Այս տեղեկությունների առնչությամբ մեր հարցադրումներին ի պատասխան՝ Արսեն Բաբայանը նկատեց․
«Ես չգիտեմ՝ ո՞վ է հաղորդման հեղինակը, բայց ինչ վերաբերում է հիշյալ դեպքերին կամ արարքներին առնչությանը, ապա՝ այո՛, դրանք, ի թիվս այլնի, մտնում են հարցաքննության առարկայի մեջ»։
Անդրադառնալով այս գործընթացի համատեքստին՝ փաստաբանն արձանագրեց, որ տեղի ունեցողը տեղավորվում է եկեղեցու դեմ մեկնարկած ապօրինությունների շրջանակների մեջ։
«Արշակ սրբազանը հրաժարվել է վարույթն իրականացնող մարմինների հետ համագործակցությունից․ օգտվել է լռելու իրավունքից։ Հաշվի առնելով, թե ի՞նչ է կատարվում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, հաշվի առնելով Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությունը և Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող իրավապահ մարմիններին չվստահելով՝ Արշակ սրբազանը, օգտվելով իրավունքից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց»,- մանրամասնեց Արսեն Բաբայանը։
Արսեն Բաբայանից նաև հետաքրքրվեցինք Արշակ Սրբազանի մասնակցությանը վերագրվող տեսանյութերի շուրջ մեկնարկած գործընթացների մասին ևս։
«Դրա առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում նույնպես Արշակ արքեպիկոպոսը հարցաքննվել է վկայի կարգավիճակում, դարձյալ պնդել այն, ինչ ասել է հրապարակային՝այսինքն, որ իր հետ որևէ առնչություն չունեն այդ տեսագրությունները»,- ի պատասխան՝ նշեց պաշտպանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test