ԽՍՀՄ փլուզումից առաջ Մոսկվայում տպագրված բոլոր տեղեկատուներում եւ փաստաթղթերում, որպես Հայկական ՍՍՀ տարածք, նշվել է 29.800 քառակուսի կիլոմետր թիվը: Իմ ձեռքի տակ է «Советская энциклопедия» հրատարակչության կողմից Մոսկվայում 1989 թվականին հրատարակված «Советский энциклопедический словарь»-ը, որի 75-րդ էջում տպագրված հոդվածում գրված է, որ 1987 թվականին ՀՍՍՀ տարածքը եղել է 29,8 հազար քառակուսի կիլոմետր, իսկ բնակչության թիվը՝ 3 մլն 412 հազար: Վերը նշված հրատարակչությունը ԽՍՀՄ ամենապաշտոնականն էր ու հավաստին: Մինչդեռ մեր երկրի ղեկավարը դեղատնային ճշգրտությամբ շրջանառության մեջ է դրել 29.743 թիվը: Եվ դրանից հետո, համարյա միշտ, ինչ թեմայից էլ որ խոսի, վերջում մեջբերում է այդ թիվը: Դա է պատճառը, որ շատերը, այդ թվում՝ նաեւ հայկական Վիքիպեդիան, որպես ՀՍՍՀ տարածքի չափ, սկսել են նշել հենց այդ տվյալը:
Եթե ճիշտ եմ հիշում, այդ թիվը շրջանառության մեջ մտցնելիս վարչապետն ասել էր, որ տեսել է այն «ինչ-որ տեղեկատուի մեջ»: Ես ոչ միայն լրագրող եմ, այլեւ տասնամյակների ստաժ ունեցող գիտնական, որի համար առանց պատշաճ հղումի բանավոր խոսքը չի կարող հիմք հանդիսանալ, հատկապես՝ կենսական նշանակություն ունեցող տվյալի պարագայում: Գիտնականները պահանջում են հղում կատարել աղբյուրին, ինչը ես անում եմ, իսկ վարչապետը չի արել: Սակայն, եթե նույնիսկ գոյություն ունի այդպիսի ինչ-որ ադրբեջանական կամ գավառական հրատարակչության կողմից տպագրված տեղեկատու, ԽՍՀՄ պաշտոնական հանրագիտարաններ հրատարակելու համար Մոսկվայում ստեղծված «Советская энциклопедия» հրատարակչության կողմից տպագրված «Советский энциклопедический словарь» հանրագիտարանի տվյալը բազմակի անգամ ավելի ստույգ եւ պաշտոնական պետք է համարել, քան որեւիցե այլ աղբյուրի ներկայացրած հորինված թիվը:
Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանի ձեւով ասենք՝ «ՍՍՀՄ կադաստրի» կողմից 1987 թվականին Սովետական Հայաստանին տրված փաստաթղթում նշված է 29.800 ք/կմ, ինչը 57 քառակուսի կիլոմետրով ավելին է, քան ոմանք այսօր սկսել են օգտագործել մեր երկրում:
Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները եւս համաձայն չեն լինի Ադրբեջանին նվիրել այդ 57 ք/կմ տարածքը: Առավել եւս այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմից հետո այդ պետությունն արդեն իսկ Հայաստանից զավթել է ավելի քան 200 ք/կմ:
Օրերս Նիկոլ Փաշինյանը թեթեւ հեգնանքով խոստովանեց, որ մի պահ ինքն էլ էր դարձել ոչմիթիզական: Նշենք, որ երկրի ղեկավարը պարտավոր է լինել հենց այդպիսին, որովհետեւ նա է հանդիսանում Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորը: Ընդ որում, ըստ ներկայում գործող Սահմանադրության, ՀՀ տարածքի որեւիցե թիզը փոխանակելու կամ հանձնելու համար նա պարտավոր է անցկացնել հանրաքվե եւ միայն դրական պատասխանի դեպքում կարող է ստանալ այդ իրավունքը: Տվյալ դեպքում ոչ թե մեկ թիզ է, այլ՝ ամբողջ 57 քառակուսի կիլոմետր: Դա վերաբերում է նաեւ 42 կմ երկարություն եւ 5 կմ ենթադրյալ լայնություն, այսինքն՝ շուրջ 210 ք/կմ տարածք ունենալիք TRIPP-ին: Պետք է այնպես կազմել դրան վերաբերող փաստաթղթերը, որ շեշտված լինի այդ տարածքի պատկանելությունը Հայաստանին:
Գրիգոր Էմին-Տերյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test