Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին-Սալմանի հանդիպումից մեկ օր առաջ Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբը վարչապետ Նաթանյահուին է ներկայացրել Ռազմաօդային ուժերի վերաբերյալ մասնագիտական «Տեղեկանք» և սկզբունքային անհամաձայնություն հայտնել Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիային գերժամանակակից F -35 կործանիչների մատակարարմանը: Այդ մասին հայտնի է դարձել «Եդիոտ ահրոնոտ» պարբերականին:
Փաստաթղթում «խոր մտահոգություն է արտահայտվում», որ այդ գործարքը փոխում է Մերձավոր Արևելքում իսրայելա-ամերիկյան համագործակցության թե քաղաքական, թե ռազմա-անվտանգային «ավանդական կառուցվածքը», իսրայելական օդուժը «զրկվում է գործողությունների ազատությունից»: Հատուկ ուշադրություն է հրավիրվում «տեղորոշման, տվյալների մշակման և ցանցային համագործակցության բացառիկ հնարավորություններին, որ Իսրայելին առավելություն են տալիս» և «կխաթարվեն, եթե տարածաշրջանի որևէ այլ երկիր նույնը ստանա»:
Այդուհանդերձ, Թրամփ- բին-Սալման հանդիպումն անցել է բացառիկ ջերմ մթնոլորտում, կողմերը, ինչպես Սպիտակ տան պաշտոնյաներից մեկն է ասել, «կարողացել են զգացմունքայնությունից վեր կանգնել և հասնել գործնական պայմանավորվածությունների»: Այսուհետև Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների «ՆԱՏՕ-ից դուրս միակ ռազմավարական գործընկերն է»: Սաուդյան թագաժառանգը խոստացել է ԱՄՆ տնտեսության «ամենաառաջատար ոլորտներում կատարել 600 միլիարդ դոլարի ներդրումներ»: Փոխարենը նա կստանա «միջուկային խաղաղ տեխնոլոգիաներ» և F -35 հինգերորդ սերնդի կործանիչներ:
Այդ բանակցությունների մասին Սաուդյան Արաբիայի պատվիրակության անդամներից մեկը մամուլին ասել է, որ իրենց համար ամենակարեւոր հաջողությունն այն է, որ գործնական պայմանավորվածությունները կայացել են՝ «շրջանցելով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանը»: Այս առթիվ ԱՄՆ նախագահն ասել է, որ Իսրայելը «պետք է ուրախ լինի, որ Սաուդյան Արաբիան F-35 կործանիչներ է ստանում որպես Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակից»:
Թրամփ-բի-Սալման բանակցությունների մյուս ամենաուշագրավ կողմն այն է, որ սաուդյան թագաժառանգի հետ հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ նախագահը գրեթե սենսացիոն հայտարարություն է արել: Ըստ նրա, Իրանն «ամենատարբեր խողովակներով ակնարկում է միջուկային ծրագրի շուրջ գործարքի պատրաստակամության մասին», և ինքը նման բանակցությունների համար «շարունակում է մնալ բաց»: Կարելի՞ է ենթադրել, որ Թրամփն Իսրայելի անվտանգությունը երաշխավորում է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջոցով: Բայց ումի՞ց է նա հրեական պետության ապագան ապահովագրում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test