Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը՝ «Մայր Աթոռն ազատագրելու համար» hraparak.am hraparak.am

time
Ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը՝ «Մայր Աթոռն ազատագրելու համար»

Վաղարշապատում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց, որը մեծ աղմուկի տեղիք է տվել: Նա, էջմիածինցիներին դիմելով, գրեց. «Ձեր ընտրությամբ կարեւոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին», եւ վերստին ակտիվացրեց խոսակցություններն առ այն, թե Հայաստանի գործող իշխանությունները, այդուհանդերձ, իրականացնելու են Առաքելական եկեղեցու կրոնա-վարչական կենտրոնի գրավումը եւ փորձելու են հեռացնել գործող Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսին։

Դժվար է ասել, թե այս իրավիճակում զարգացումներն ինչ հունով կընթանան, եւ որքան հեռուն է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը, սակայն միանշանակ է մի բան՝ ՏԻՄ ընտրություններում գործող քաղաքական մեծամասնության հաղթանակը որեւէ կերպ չի կարող հիմք լինել կաթողիկոսի փոփոխության համար։ «Հրապարակի» էջերում բազմիցս այս խնդրին անդրադարձել ենք ու կանդրադառնանք եւս մեկ անգամ։ Այն, որ Առաքելական եկեղեցին կարիք ունի լուրջ բարեփոխումների, պարզ է ինքնին։ Ընդ որում, դա ոչ թե նոր պարզ դարձավ, այլ հայտնի իրողություն էր շատ վաղուց։ Ընթերցողները թերեւս կհիշեն, որ դեռ «թավշյա հեղափոխությունից» առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր սոցկայքի էջում Առաքելական եկեղեցում «եկեղեցական բարեկարգություններ» անցկացնելու հարց էր բարձրացրել եւ հանդես էր եկել հոդվածներով, ինչն առաջացրել էր Մայր Աթոռի վրդովմունքը, եւ անգամ քննարկվում էր Բագրատյանին բանադրանքի ենթարկելու հարցը։

Այսինքն, դեռ Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության գալուց առաջ էլ «Առաքելական եկեղեցու բարեկարգության հարցը» եղել է ասպարեզում, եւ տարբեր մարդիկ են դա բարձրացրել։ Այլ հարց է, որ նախկինում Առաքելական եկեղեցու վերնախավը, կարելի է ասել, սերտաճել էր նախկին քաղաքական իշխող համակարգի հետ, ու այս թեմայով հրապարակումները մնում էին միայն զուտ լրագրողական-հրապարակախոսական ժանրում եւ անհատների կողմից էին բարձրացվում` մնալով անարձագանք։ Ի դեպ, ընթերցողը կհիշի նաեւ, որ այդ շրջանում ընդդիմությունը Գարեգին 2-րդին մեղադրում էր իշխանությունների հետ սերտաճելու, այսպես ասած՝ «Սերժ Սարգսյանի վարչակազմին կից եկեղեցական վարչության պետի» վերածվելու մեջ։ Ու հիմա, երբ «իրավիճակ է փոխվել», եւ 44-օրյա պատերազմից ու Արցախի կորստից հետո Առաքելական եկեղեցին փորձում է հայապահպանության, Արցախի, հայի մշակույթի եւ ոգու հարցերով զբաղվել, նախկին ընդդիմադիրները հիշել են «Առաքելական եկեղեցու բարեկարգության» թեման։ Իմ համոզմամբ, եթե Գարեգին 2-րդը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հանդեպ լոյալ կեցվածք որդեգրեր, չպահանջեր նրա հրաժարականը, հետագայում չզբաղվեր Արցախի ու գերիների հարցերով, նրա դեմ այս արշավը չէր սկսվի։

Սակայն նույնիսկ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի համառությունն ու քանդարարության եռանդը, մի բան վստահ կարելի է ասել՝ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը, նրան հրաժարեցնելու իրավունքը եւս Ազգային-եկեղեցական ժողովինն է։ Այնպես չէ, որ Առաքելական եկեղեցու գործող ղեկավարը կամ եկեղեցական վերնախավը մեր «աչքի լույսն» են, անթերի են ու անձեռնմխելի, հատկապես որ մենք զուտ կրոնական-հավատքային առումով էլ առանձնակի ջերմեռանդությամբ աչքի չենք ընկել, սակայն զուտ եկեղեցական-իրավական առումով, եկեղեցական լեգիտիմության առումով հարցի դրվածքն այսպիսին է։ Եվ եթե նույնիսկ հենց հիմա Հայաստանում անցկացվի հանրաքվե, այն ունենա 100 տոկոսանոց մասնակցություն, եւ 100 տոկոսն էլ պահանջի կաթողիկոսի հրաժարականը, դա արդյունք չի տա եւ նման գործընթաց սկսելու համար հիմք չի կարող ծառայել։ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է, որպես Հայաստանի գործող ղեկավար, որտեղ գտնվում է Առաքելական եկեղեցու կրոնական-վարչական կենտրոնը՝ պահանջել Մայր Աթոռից, որ հրավիրվի Ազգային-եկեղեցական ժողով՝ քննելու Առաքելական եկեղեցում ծագած խնդիրները, ներառյալ՝ նաեւ գործող կաթողիկոսին հնարավոր հրաժարականի առաջարկը։ Բայց որոշողն Ազգային-եկեղեցական ժողովն է, որտեղ 2/3-ը, ի դեպ, աշխարհականներ են, 1/3-ը՝ կրոնավորներ։

Ցանկացած այլ լուծում, եթե չի պահպանում եկեղեցական օրինականության, այսինքն՝ եկեղեցական լեգիտիմության սկզբունքը, մեծ հաշվով, անիմաստ է եւ կարող է դուռ բացել անօրինականությունների, ասենք` «Հակաթոռ կաթողիկոսության» ստեղծման կամ «կաթողիկոսական գահի ուզուրպացման» համար։ Իսկ թե ինչ լուծում կտա խնդրին ԱԵԺ-ն, արդեն ժողովի որոշելիքն է, ըստ տվյալ պահին ձեւավորվելիք կոնսենսուսի` թե՛ ժողովականների, թե՛ եպիսկոպոսների եւ թե՛ Հայաստանի բարեպաշտ հանրության կամքի լույսի ներքո։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test