Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Աստված չանի, եթե Տիգրանաշենը տվեցին, Պարույր Սեւակ գյուղն էլ այստեղից է քոչելու, էլ չեմ խոսում ճանապարհի մասին, չես հասկանում, թե ինչ կկատարվի» aravot.am aravot.am

time
«Աստված չանի, եթե Տիգրանաշենը տվեցին, Պարույր Սեւակ գյուղն էլ այստեղից է քոչելու, էլ չեմ խոսում ճանապարհի մասին, չես հասկանում, թե ինչ կկատարվի»

«Նախկինում, երբ Տիգրանաշենի շուրջ այս խոսակցությունները լարվում էին, մեզնից միշտ բնակչության հստակ թիվ էին ուզում, բայց այս անգամ դա չկա, իրավիճակը հանգիստ է, Տիգրանաշենի մասին խոսակցություն գոյություն չունի այստեղ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արարատ խոշորացված համայնքի Պարույր Սեւակ գյուղի համայնքային աշխատակից Արտակ Ասատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրավիճակ է համայնքում։

Նշենք, որ Տիգրանաշենը միավորված է Պարույր Սեւակ համայնքին, ոչ թե որպես վարչական միավոր, այլ Պարույր Սեւակ գյուղի մեկ թաղամաս է համարվում։

Վերջին շրջանում Արծվաշենի եւ Տիգրանաշենի հարցը դարձյալ ուշադրության կենտրոնում է ու քննարկվում է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրեց «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

Անդրադառնալով բնակչության տրամադրություններին՝ Ասատրյանն ասաց․ «Աստված չանի, եթե Տիգրանաշենը տվեցին, բնակչությունն ի՞նչ է անելու, բնակչությունը մեկ բան գիտի՝ իրենց տնով ապահովելու են։ Եթե ասենք՝ բնակչությունը շատ լարված է, չէ, անգամ մարդիկ կան, որ իրենց ձեռնտու է, իրենց տներ են տալու»։

Արտակ Ասատրյանը միաժամանակ նշում է, որ Տիգրանաշենի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար շատ մեծ է, եւ անվտանգային, եւ ենթակառուցվածքային խնդիրներ կստեղծվեն Հայաստանի համար, եթե գյուղը հանձնվի Ադրբեջանին։

«Աստված չանի, եթե Տիգրանաշենը տվեցին, Պարույր Սեւակ գյուղն էլ այստեղից է քոչելու, որովհետեւ մեր խմելու ու ոռոգման ջրերը գալիս են Տիգրանաշենից։ Էլ չեմ խոսում ճանապարհի մասին, չես հասկանում, թե ինչ կկատարվի։ Հույս ունենք, որ չի հասնի դրան, որովհետեւ այդ ընթացքում հազար տեսակի հարցեր են ծագելու՝ իրենց տեղաշարժը ո՞նց է կազմակերպվելու, ո՞նց է հսկվելու։ Այն ժամանակ Երասխից գնում էին, մտնում էին Սադարակ, մի ճանապարհ կար, դրանից էին օգտվում, բայց այդ ճանապարհն անցնում է մեր տարածքով։ Այսինքն՝ իրենք բոլոր կողմերից շրջափակված են, ճանապարհ չունեն»,- նշեց Արտակ Ասատրյանը։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ այն մտավախություններին, որ վերցնելով Տիգրանաշենը՝ ադրբեջանցիները ճանապարհ կուզեն իրենց տեղաշարժի համար, զորք կտեղակայեն այդ տարածքներում։ «Ճանապարհ ո՞նց կարող են ուզել, եթե խոսում են միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, ո՞նց կարող են ճանապարհ ուզել։ Մեր ճանապարհով կարող են գնալ-գալ, բայց վերահսկվող, չեմ կարծում՝ այդքան անխելք լուծումների կգնան, չգիտեմ։ Ինձ թվում է՝ նախ Տիգրանաշենը չեն տալու, տալուց հետո էլ լուծումներ պետք է լինեն»,- ասաց նա։

Տիգրանաշենում այսօր բնակվում է 42 տնտեսություն, դրանք հիմնականում մեծ ընտանիքներ չեն, 1-2 անձից են բաղկացած, հիմնականում հին տներ են։ «Բայց խնդիրը ոչ թե այդ տներն են, այլ հենց Տիգրանաշենի դիրքը, տարածքը գնում է, մինչեւ սար հասնում է, ճանապարհը տեղափոխելու ոչ մի տարբերակ չկա։ Եթե շրջանցիկ ճանապարհ կառուցեն, միակ տարբերակը Վեդիով տարբերակն է, այսինքն՝ ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ էլ են առաջանալու։ Լուրջն այն խոսքը չէ, ասում եմ՝ Պարույր Սեւակ գյուղը հաստատ քոչելու է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test