Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Նիկոլ Փաշինյանը կասի՝ Ադրբեջանը տալիս է Արծվաշենը, մենք էլ տալիս ենք Տիգրանաշենը, որ չաղ ու բախտավոր ապրենք». Հայկ Նահապետյան 168.am 168.am

time
«Նիկոլ Փաշինյանը կասի՝ Ադրբեջանը տալիս է Արծվաշենը, մենք էլ տալիս ենք Տիգրանաշենը, որ չաղ ու բախտավոր ապրենք». Հայկ Նահապետյան

Նիկոլ Փաշինյանը վերջին 4-5 տարիների ընթացքում տարբեր հայտարարություններ է արել, այսպես կոչված, «անկլավների» հետ կապված։ 2023 թվականի մայիսին իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով 168.am-ի հարցին՝ ասել էր, որ իր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում «86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»։

Այս տարվա սկզբին էլ հրավիրած ասուլիսին ասել էր, որ «անկլավների» օրակարգից չեն կարող հրաժարվել։

«Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել: Անկախ նրանից՝ Ադրբեջանը բարձրացնո՞ւմ է անկլավի թեմա, թե՞ ոչ, մենք ենք բարձրացնում անկլավի թեմա, որովհետև չենք կարող չբարձրացնել: Այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում, և ամեն մեկս մեր փաստարկներով գնալու ենք: Եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որևէ ձևով չառնչվի այդ հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասենք՝ այս հարցը հանում ենք, բայց ո՞վ կարող է այդ հարցը հանել, ո՞վ կարող է ՀՀ ինքնիշխան տարածքի հարցը հանել: Երբ մենք այդ հարցը չենք հանում, այդ հարցն ինքնաբերաբար բերում է անկլավի թեման՝ դնում է բանակցային սեղանի շուրջ»,- ասել էր Փաշինյանը:

Վերջերս էլ լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Իմ պնդմամբ, ես նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով, ունենք խնդիր՝ և՛ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո, և՛ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո որոշակի»:

Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ այս պահին Ադրբեջանից եկող վտանգը սպառնում է Տիգրանաշենին և Տավուշին։

«Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հիմնականում խոսում է «անկլավների» հանձնման մասին, հիմնական վտանգն այս տարածքներին է սպառնում, ինչը մեզ համար իսկապես լրջագույն մարտահրավեր է։ Եթե փորձեն Տիգրանաշենի հարցը քննել, ապա Արարատի մարզից սկսած մինչև Սյունիքը ներառյալ՝ փաստացի կիսվում է 2 մասի, եթե քարտեզի վրա տեսնեք, ապա կպատկերացնեք։ Եթե հիմա Արարատով ավտոմոբիլային ճանապարհով գնաք Սիսիան, Վայք ու այլ վայրեր, ապա ճանապարհին կտեսնեք, որ Նախիջևանի հատվածում բավականին բարձր հողաթմբեր կան, դրանք անվտանգության համար են։ Հիմա պատկերացրեք, որ հանձնում է Տիգրանաշենը, որի վարչական սահմանը հատվում է միջպետական ճանապարհի հետ, հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գալիս ու հասնում են միջպետական ճանապարհին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։

Ըստ նրա, այն պահին, երբ Տիգրանաշենը հանձնվի, ապա Արարատից Սյունիք հասնող բոլոր ճանապարահներն ուղղակի հայտնվելու են ադրբեջանական զինուժի նշանառության տակ, այնքան մոտ են լինելու հայկական մեքենաներին, որ կարող են նույնիսկ պարսատիկով խփել։

Ինչ վերաբերում է Տավուշին, Հայկ Նահապետյանն ասաց՝ գործնականում այսօր Հայաստանից դեպի Վրաստան 2 ճանապարհ կա, որոնցից մեկն անցնում է Տավուշով և հիմնական ուղևորափոխադրումները հենց այդ ճանապարհով են անցնում։ Եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, Տավուշում կան «ադբեջանական անկլավներ», և դրանք պետք է հանձնեն, նշանակում է՝ հակառակորդի ուղիղ նշանառության ներքո է հայտնվում միջպետական կարևոր ճանապարհը։

«Հիշեցնեմ՝ հենց այս ճանապարհով է անցնում Հայաստան մտնող ռուսական գազը։ 1991-1993 թվականին, երբ Հայաստան մտնող գազամուղը Վրաստանի տարածքում պայթեցվում էր, և Վրաստանի իշխանությունները հայտարարում էին, որ դրանք իրենց կողմից չկառավարվող զինված խմբավորումներ են, Հայաստանը 3 անգամ այդ ճանապարհը շրջանցող հատվածով է գազ բերել։ Հիմա, եթե այդ տարածքը հանձնվում է, նշանակում է, որ թշնամու ձեռքում է հայտնվում այդ գազամուղը, իսկ Հայաստանի համար, կարծում եմ, պարզ է, չէ՞, ինչ է նշանակում այդ գազը»,- հավելեց Հայկ Նահապետյանը։

Խոսելով Արծվաշենի մասին, մեր զրուցակիցը շեշտեց՝ հայերը երբեք չեն գնա ու բնակվեն Արծվաշենում, եթե այն Ադրբեջանը վերադարձնի։ Եթե Տիգրանաշենը Նախիջևանին է հարակից, ապա Արծվաշենի թիկունքում Ադրբեջանն է։

«Ո՞վ կգնա Արծվաշենում ապրելու՝ ոչ ոք։ Ադրբեջանը կարող է ասել՝ տալիս ենք Արծվաշենը, եկեք ու ապրեք, Նիկոլ Փաշինյանն էլ կասի՝ տալիս են Արծվաշենը, մենք էլ տալիս ենք Տիգրանաշենը, որ չաղ ու բախտավոր ապրենք, ու դրանով թեման կփակեն»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test