fip.am
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նոյեմբերի 17-ին հրապարակված տեսանյութում նշել է, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացել է հաղթել Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում, քանի որ փոխել է «ընտրական քարտեզը»՝ համայնքին միացնելով 17 գյուղից բաղկացած Խոյ համայնքը։
Հիշեցնենք, որ Խոյ և Վաղարշապատ համայնքները միավորելու որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է 2025 թվականի հունիսի 20-ին՝ Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո։
Ըստ Մարուքյանի՝ սա եղել է կառավարող ուժի հաղթանակի հիմնական գործոնը, քանի որ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, նախքան Վաղարշապատում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար դառնալը, եղել է Խոյի համայնքապետ, որտեղ որոշակի ազդեցություն է ձեռք բերել։
«Առաջին բանը, որն արել է Նիկոլ Փաշինյանը ջերիմանդերինգն է (gerrymandering)․ սա կիրառվել է ԱՄՆ-ում, երբ ընտրական տարածքները կտրտվում ու միմյանց են միացվում, որպեսզի որևէ ուժի թեկնածուին նախապատվություն տրվի, և նրա հնարավորությունները մեծանան»,- ասել է Մարուքյանը։
Factor TV-ի տաղավարում նոյեմբերի 17-ին նման պնդում է արել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը` նշելով, որ եթե կառավարող ուժը չմիացներ Խոյ համայնքը, ապա չէր հաղթի ՏԻՄ ընտրություններում։
«Իրենք հաղթել են միայն գյուղական ձայների շնորհիվ, եթե չխոշորացվեր, ապա ընդդիմությունը կհաղթեր այս ընտրություններում»,- նշել է Վարդանյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է՝ ինչպես է Խոյի միացումը Վաղարշապատին ազդել ընտրությունների ընդհանուր պատկերի ու ՔՊ-ի հաղթանակի վրա և, ի վերջո, արդյո՞ք ազդել է։
FIP.am-ը, հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալների վրա, ամփոփել է Վաղարշապատ համայնքի միայն Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի ընդհանուր 25 ընտրատեղամասերի (թիվ 14/1-ից մինչև 14/25-ը ներառյալ) արդյունքները՝ առանց համայնքին միացված Խոյի 17 գյուղերի 22 ընտրատեղամասերի արդյունքների։
Ըստ քվեարկության արդյունքների՝ միայն Էջմիածնի և Ոսկեհատի 25 ընտրատեղամասերում անցողիկ շեմը հաղթահարած ուժերի քվեների ընդհանուր թիվը կազմել է 18,627․ ըստ այդմ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է և ունի 8175 ձայն (43.8%,) ինչը կազմում է ամբողջ համայնքում իր հավաքած ձայների կեսից ավելին՝ 53.4%-ը։
Անցողիկ շեմը կհաղթահարեին նաև «Հաղթանակ» դաշինքը՝ 40.2% կամ 7499 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 5․4% (1019 ձայն), «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 5,2% (983 ձայն), և «Հայրենիք» կուսակցությունը՝ 5.1% (952 ձայն)։ Մյուս ուժերը, ըստ այս տվյալների, չէին հաղթահարի անցողիկ շեմը։
Հիշեցնենք, որ բոլոր ընտրատեղամասերի արդյունքներով, անցողիկ շեմը (կուսակցությունների համար 4%, իսկ դաշինքների համար 6%) հաղթահարել է երեք ուժ՝ ՔՊ-ն, ընդդիմությունից՝ «Հաղթանակ» դաշինքն ու «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Հատկանշական է, որ առանց Խոյի ընտրատեղամասերի ձայների՝ ավագանու կազմում կլիներ 5 ուժ․ ՔՊ-ի և «Հաղթանակ» դաշինքի հետ կլինեին նաև «Հանրապետությունը», «Ազատ դեմոկրատները» և «Հայրենիքը»։ Մինչդեռ, «Մայր Հայաստանը» 2.1%-ով (406 ձայն) դուրս կմնար ավագանուց։
Այս հաշվարկով ավագանու կազմում կհայտնվեր նաև Երևանում ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցությունը, որը շատ հստակ հայտարարել էր՝ կոալիցիա չի կազմի արմատական ընդդիմության հետ, ավելին՝ «թույլ չի տա Գյումրու սցենարի կրկնություն»՝ այն է չի աջակցի արմատական ընդդիմությանը՝ կոնսոլիդացիայի միջոցով իշխանություն վերցնելուն։
Այսպիսով, «Հանրապետությունը» անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում՝ կաջակցեր ՔՊ-ին իշխանություն ձևավորել։
Արմատական ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայրենիքն» ու «Հաղթանակը» հայտարարել էին (1, 2)՝ անցողիկ շեմի հաղթահարման դեպքում միավորվելու մասին․ այդ դեպքում նշված 25 ընտրատեղամասերի արդյունքներով 2-ը միասին ունեն 45,3%, ինչը 1,5%-ով ավելի է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներից, սակայն, մոտ 4%-ով պակաս է ՔՊ-ի ու «Հանրապետության» միասին հավաքած 49,2%-ից։
Նշենք, որ 25 ընտրատեղամասերի արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համայնքապետի թեկնածուն նշել էր, որ կոալիցիա չի կազմելու որևէ ուժի հետ։
Հիշեցնենք, որ այս քաղաքական ուժը բաց ու հրապարակային կերպով չի քննադատում գործող իշխանությանը։ Ավելին կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը գործարար հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, մասնավորապես, FIP.am-ը նախկինում գրել էր՝ Փաշինյանի եղբայրը Քոքոբելյանի ընկերություններում տնօրեն է աշխատում։
Միևնույն ժամանակ, բաց աղբյուրները վկայում են Քոքոբելյանի ու «Հաղթանակ» դաշինքին աջակցող ՀՅԴ-ի ներկայացուցիչների միջև անձնական ու քաղաքական խնդրահարույց հարաբերությունների մասին։ Հետևաբար, այն սցենարը, որ կուսակցությունը կաջակցեր արմատական ընդդիմությանը՝ անորոշ է, ոչ միանշանակ։
Վաղարշապատի ավագանու 33 մանդատները նշված 25 ընտրատեղամասերի (առանց Խոյի) քվեներով կբաշխվեին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 14 մանդատ, «Հաղթանակ»՝ 13 մանդատ, «Հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ» և «Հայրենիք»՝ 2-ական մանդատ։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածը սահմանում է, որ «եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը»։ Նույն հոդվածի 7-րդ կետն ասում է, որ «եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից»:
Այսինքն, Վաղարաշապատի համայնքապետ դառնալու համար թեկնածուներից որևէ մեկը պետք է հավաքի առնվազն 17 ձայն։
Վաղարշապատում մանդատների նշված բաշխվածության պարագայում և օրենսդրական առկա կարգավորումներով իշխանության ձևավորման մի քանի սցենար կարող էր լիներ։
Ընդդիմությունը («Հաղթանակ», «Հայրենիք») թեկնածու առաջադրելու դեպքում կունենար 15 ձայն, ինչը մեկ ձայնով ավելի է «Քաղաքացիական պայմանագրի» 14 ձայնից։ Այսինքն, ընդդիմությունը կկարողանար իշխանություն ձևավորել, եթե ՔՊ-ն չունենար 2-ական մանդատ ունեցող ավագանու՝ կամ «Հանրապետության» և/կամ «Ազատ դեմոկրատների» աջակցությունը։
Դատելով «Հանրապետություն» կուսակցության հայտարարություններից, վերջինս չէր աջակցի ընդդիմությանը։ Իսկ եթե արմատական ընդդիմությունը չստանար նաև «Ազատ դեմոկրատների» ամբողջական՝ 2 ձայնի աջակցությունը, ապա չէր կարողանա իր համայնքապետն ունենալ Վաղարշապատում։
«Հաղթանակ» ու «Հայրենիք» ուժերը միասին ունեն 15 ձայն, ինչը 1 ձայնով քիչ է ՔՊ-ի 14-ի ձայնից։ Հետևաբար այս ուժերին անհրաժեշտ կլիներ ևս 2 ձայն։
«Հանրապետությունը» հայտարարել էր, որ չի աջակցի ընդդիմությանը։ Հետևաբար, ընդդիմությունը իր թեկնածուին համայնքապետ դարձնելու համար կարող էր ակնկալել միայն «Ազատ դեմոկրատների» աջակցությունը։
Սակայն, եթե «Ազատ դեմոկրատների» աջակցության միայն մեկ ձայն լիներ կամ վերջինս չեզոքություն պահպաներ, ընդդիմությունը չէր կարողանա համայնքապետ ունենալ։
ՔՊ-ն միայնակ չէր կարողանա իշխանություն ձևավորել։ Հետևաբար կոալիցիոն գործընկերոջ աջակցություն անհրաժեշտ կլիներ:
Եթե «Հանրապետություն» կուսակցությունը տրամադրեր 2 ձայն, և միևնույն ժամանակ «Ազատ դեմոկրատները» առնվազն չեզոքություն պահպանեին (չմասնակցեին քվեարկությանը), ապա ՔՊ-ն կկարողանար համայնքապետ ունենալ Վաղարշապատում։
Եթե թեկնածուները հավասար ձայներ ունենային (օրինակ՝ 16-16), որոշիչ կլիներ երկրորդ փուլը, իսկ ձայների հավասարության դեպքում առավելություն կտրվեր տարիքով ավագ թեկնածուին:
Այս գործընթացը նկարագրված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նույն՝ 73-րդ հոդվածի 6-րդ կետում․ «Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ․․․։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին»։
Համաձայն ԿԸՀ-ի ընտրողների ռեգիստրում առկա տվյալների՝ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսին։ Եթե ընդդիմությունը համայնքապետի միասնական թեկնածու առաջադրեր քվեներով 2-րդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր «Հաղթանակի» թեկնածու Սևակ Խաչատրյանին, ապա ՔՊ-ի թեկնածուն կդառնար համայնքապետ, քանի որ նա 2 տարով մեծ է 1988-ին ծնված Խաչատրյանից։
Սակայն, եթե ընդդիմությունը ի սկզբանե «Հայրենիքի» համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանին առաջադրեր, ապա հենց նա էլ որպես ավագ թեկնածու (ծնված 1964 թվականին) կղեկավարեր համայնքը։
Այսպիսով, Մարուքյանը ճիշտ է այն առումով, որ Խոյ համայնքի միավորումը Վաղարշապատին ամրացրել է ՔՊ-ի դիրքերն ընտրություններում՝ օգնելով վճռական հաղթանակ տանել ու միայնակ իշխանություն ձևավորելու հնարավորություն ստանալ:
Միևնույն ժամանակ, սակայն, միանշանակ չէ պնդումը, թե ՔՊ-ն չէր կարողանա իշխանություն ձևավորել առանց Խոյի՝ հաշվի առնելով ընտրություններին մասնակցող կոնկրետ ուժերի հետ քաղաքական համագործակցության իրական նախադրյալները, դրանց վերաբերյալ հնչած հստակ հայտարարություններն ու օրենսդրության ընձեռած հնարավորությունները։
Նանե Մանասյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test