Երևանի Թատերական հրապարակը 1988-90 թվականներին ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև անկախության լրագրողական սերունդ է «երկնել», որի ներկայացուցիչներից ոմանք այսօր էլ շարքերում են: Որքանով դիտարկվում է, նրանցից շատերն այսօր նախկին իշխանությունների ճամբարում են և Նիկոլ Փաշինյանի ամենասուր քննադատն են: Նրանցից մեկը երեք ֆեյսբուքում անդրադարձել էր Գիտությունների ակադեմիայի հոբելյանական միջոցառմանն Իլհամ Ալիևի ելույթին, որտեղ նա պատմաբաններին հանձնարարել է Ադրբեջանի պատմության մասին ավելի շատ գրքեր ստեղծել և միջազգային հարթակներում «հիմնավորել ներկայիս Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»:
Խնդիրն, իրոք, լրջագույն է և ալիևյան այդ կանխածրագիրը հնարավոր բոլոր միջոցներով ու, մանավանդ, միջազգային հարթակներից պետք է ամենակոշտ ձևով հակադարձվի: Բայց լրագրողը քաղաքական դիտարկում է արել, որի ենթատեքստն այն է, որ Հայաստանի իշխանությունները «համարժեք չեն պատասխանում»: Նախ, ավելին, քան Նիկոլ Փաշինյանն ասաց «պատմական քարտեզների» մասին, որ դրանցում Հայաստանը կա, իսկ Ադրբեջանը՝ ոչ,- հազիվ թե պատկերացնելի է: Երկրորդ, Ադրբեջանի «իրական պատմություն ստեղծելու» մասին Բաքվում խոսում են ավելի քան վաթսուն տարի: Եվ թե ինչո՞ւ Հայաստանի նախկին իշխանություններին այդ լրջագույն խնդիրը չի հուզել, մնում է անհասկանալի:
Բայց անդրադառնանք վերնագրում առանձնացված հարցին: Հայաստանի անկախության սերնդի մի քանի լրագրողներ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում միշտ «իշխանության խոհանոցին մոտ են եղել»: Նրանցից ոմանք Հայաստանի նախագահին ուղեկցել են արտասահմանյան գործուղումներում, լուսաբանել ԼՂ կարգավորման բանակցությունները , շփվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի և նրա թիմի, Երևանում հավատարմագրված դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ռեզիդենտների, համագործակցել արտերկրի, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի, Վրաստանի գործընկերների հետ:
Վստահաբար կարելի է ասել, որ լրագրողական երևանյան մի «խմբակ», որ մեկ-երկու վստահելի ներկայացուցիչ էլ Ստեփանակերտում ուներ, ղարաբաղյան կարգավորման գործընթացից ԱԳՆ ոչ երկրորդական պաշտոնյայի գրեթե հավասար՝ տեղեկացված էր: Ավագ սերնդի մարդիկ կհիշեն, որ 1997թ. նոյեմբերին «փուլային տարբերակի» մասին առաջին արտահոսքը տվել է «Նոյան տապանը», որ այն ժամանակ դեռևս համեստորեն կոչվում էր «լրատվական գործակալություն»:
Հիմա հարց է առաջանում, թե այդ մարդիկ ինչո՞ւ իրենց ահռելի ինֆորմացվածությունը Հայաստանի և Արցախի հանրությանը գոնե ընդհանուր գծերով չեն բացել: Բերենք ամենաթարմ օրինակը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս ասաց, որ «ԵԱՀԿ ՄԽ առաջարկություններին» ինքը 2019թ.-ին տեղյակ է եղել: Նույնը, երևի, կարող են պնդել կամ տեսանելի ապագայում կպնդեն առաջին և երկրորդ նախագահները Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի երեք նախկին նախագահներն էլ ունեն լրագրողա-փորձագիտական թիմեր: Եվ չափազանց մեծ է հավանականությունը, որ նրանք նույնպես «ծանոթ են եղել» այն «փաստաթղթին», որի հրապարակումը հիմա համարում են Հայաստանի համար գրեթե բախտորոշ:
Իսկ 2019-ին նրանք ինչո՞ւ իրենց մեդիա-փորձագիտական ռեսուրսների, սոցցանցային «զորաջոկատների» միջոցով տեղեկատվական արտահոսք չեն կազմակերպել, հանրությանը չեն զգուշացրել, որ «Նիկոլ Փաշինյանը մերժում է ԼՂ կարգավորման հայանպաստ առաջարկությունը և երկիրը տանում կործանարար պատերազմի»: Մի քանի տասնյակ լրագրողներից որևէ մեկի «սիրտը չի՞ ծլնգացել»՝ կախվածությունը հաղթահարի և հրապարակի ունեցած տեղեկատվությունը: Չէ՞ որ լրագրողի առաջին պարտավորությունը հանրությանն իրազեկումն է: Ի վերջո, Հայաստանի տարածքն «Ադրբեջան» է անվանվել 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընդունած «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով: Որևէ լրագրող երբևէ Հայաստանի իշխանություններին հարցրել է, թե այդ երկրի հետ ի՞նչ, ինչպե՞ս և հանուն ինչի՞ են բանակցում, եթե Բաքուն Հայաստանը որպես պետություն չի ճանաչում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test