Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանի քննարկումներին եւ հարցերին, թե արծվաշենցիներն այսօրվա պայմաններում պատրա՞ստ են վերադառնալ ու ապրել Արծվաշենում, անվտանգային ի՞նչ խնդիրներ կան։
Վերջին շրջանում Արծվաշենի հարցը դարձյալ ուշադրության կենտրոնում է ու քննարկվում է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրեց․ «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։
«Երբ 1992 թվականի օգոստոսին Արծվաշենը թողեցին, ես ԱԳՆ-ում եմ եղել, բանակցային գործընթացներում քննարկվում էր, որ պատերազմից հետո սահմանների ուղղում պետք է անեն։ Բանակցությունը գնում էր այնպես, որ փոխանակում պետք է անեն։ Հիմա, երբ պարտադիր սահմանել են, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա պետք է սահմանները լինեն, եւ անկլավներն էլ պետք է հանձնվեն, պարզ է, որ Ադրբեջանը հաղթող կողմ է, իրեն ձեռնտու ցանկացած պայման առաջադրում է։ Այնպես չէ, որ արծվաշենցիները ցանկանում են մեկ գյուղի փոխարեն Հայաստանի տրանսպորտային ուղիները վտանգի տակ դնել, Իրանի եւ Վրաստանի հետ Հայաստանի կապը վտանգելով ասել՝ մեր հայրենի հողը, մեր հայրենի հողը։ Պարզվում է՝ մենք Ղարսում էլ հայրենի հող ունենք, Վանում էլ եւ այլն»,- մեզ հետ զրույցում ասաց Մամիկոն Խեչոյանը։
Արծվաշենից տեղահանված համայնքն այսօր տեղակայված է Գեղարքունիքի մարզում եւ ֆինանսավորում է ստանում ՀՀ կառավարությունից։ Արծվաշենից տեղահանվածների 65 տոկոսը բնակվում են Ճամբարակ համայնքում, 10-15 տոկոսը՝ Դրախտիկ գյուղում եւ Ճամբարակ խոշորացված համայնքի այլ բնակավայրերում։ Արծվաշենցիների մոտ 10 տոկոսն էլ այս տարիների ընթացքում արտագաղթել են Ռուսաստան։
Մեր հարցին, թե այսօր արծվաշենցիները պատրա՞ստ են գնալ ու ապրել Արծվաշենում, Մամիկոն Խեչոյանը պատասխանեց՝ այո։ Նա ասաց, որ արծվաշենցիները 1988-1992 թվականներին այնտեղ ապրում էին։ Ըստ նրա՝ այսօր էլ անվտանգային ռիսկերի պայմաններում են ապրում արծվաշենցիները, այնպես չէ, որ պատրաստ չեն ապրել Արծվաշենում։
«Հիմա ո՞նց ենք մենք Ճամբարակում ու Վահանում ապրում։ Ճամբարակում կամ Վահանում տներ կան, որոնք Ադրբեջանի զինված ուժերի կետից հեռու են 3 կմ։ Եթե մեր գյուղի շուրջ սահմանապահներ ու զինծառայողներ լինեն, մեր գյուղից սահմանը հեռու է 7-8 կմ։ Այն հատվածը, որը Ադրբեջանի տարածքով է անցնում, ընդամենը 5 կմ է։ Այնպես չէ, որ Արծվաշենում մենք ավելի վտանգավոր պայմաններում կարող ենք լինել, քան Ճամբարակում ու Վահանում ենք։ Եթե մենք պետություն ունենք, եթե պետությունն իր սահմաններին պետք է ունենա զինված ուժեր, ընդհանրապես խնդիր չէ, ինչո՞ւ պետք է արծվաշենցին, կամ նոյեմբերյանցին ու տավուշեցին վախենան։ Այնպես չէ, որ Արծվաշենը շատ վտանգավոր տեղ էր, ուղղակի Արծվաշենն այն ժամանակ կայացված քաղաքական որոշման հետեւանքով տվեցին»,- ասաց նա։
Խեչոյանը միաժամանակ ասաց, որ Արծվաշենը Հայաստանի մաս է եղել, դեռ Ադրբեջանը չի եղել, երբ Արծվաշենը եղել է հայկական։ «Այնտեղ ոչ մի օր, ոչ մի ժամ թուրք չի ապրել, այնտեղ ապրողները բոլորն ունեն հայկական անձնագրեր, սեփականաշնորհել են իրենց հողը, ինչպես մյուս հայկական բնակավայրերում։ Հիմա էլ ադրբեջանցիներն այնտեղ չեն ապրում, ասում են՝ էդ հողը հո չենք վերցրել, որ ապրենք։ Այնտեղ ընդամենը մի երկու մարդ անասուն էին պահում, հիմա այս խոսակցությունների վրա նրանք էլ են թողել գնացել»,- նշեց նա։
Մամիկոն Խեչոյանի խոսքով՝ թուրքերի հետ պայմանավորվածությանը չպետք է հավատալ, թղթի վրա պայմանավորվածություն, նրա խոսքով, հիմա էլ չկա․ «Եթե պայմանավորվածություն կա, ինչո՞ւ են այսօր մեր ամբողջ սահմանին զինծառայողները տեղակայված, Ադրբեջանն էլ իր զինծառայողներով ու տեխնիկայով է կանգնած։ Մեր պայմանավորվածությունը ու երաշխավորը հայ զինվորն է, իր դիրքերը, ուրիշ ի՞նչ պայմանավորվածություն։ Անգամ թղթի վրա գրած պայմանավորվածությունն են ճղում գցում, ուր մնաց բանավոր պայմանավորվածությունը։ Այսինքն՝ թղթի վրայի պայմանավորվածությունն էլ երաշխիք չէ։ Թուրքերի հետ խաղաղ գոյակցությունը միշտ էլ հարցականի տակ է եղել, մեր երաշխիքը, զինված ուժերն են։ Մեր զինված ուժերը 33 տարի կարողացել են մեր սահմանը պահել, հիմա էլ կանգնած են»։
Անդրադառնալով հարցին, թե Տիգրանաշենը հանձնելու դեպքում ի՞նչ խնդիրներ կառաջանան Հայաստանի համար, Խեչոյանն ասաց․ «Շատ դժվար ու ծանր կլինի, Երեւանից ուղիղ գծով երեւի 30-40 կմ է հեռում, նույնիսկ տանկով կարող են խփել։ Եթե նա գալիս, քո սրտի մեջ է մտնում, բնական է, ինքն այնտեղ ցորեն ու կարտոֆիլ չի ցանելու, տանկեր ու հրանոթներ է դնելու»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test