Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նպատակային ծրագրերի կատարողականը խայտառակ ցածր է. Վարկային ծրագրերն էլ են տապալել 168.am 168.am

time
Նպատակային ծրագրերի կատարողականը խայտառակ ցածր է. Վարկային ծրագրերն էլ են տապալել

Բյուջեի դեֆիցիտը փակելու համար կառավարությունը խելքից դուրս վարկեր ու պարտքեր է վերցնում։ Շատ հաճախ արդարանում են, թե այդ գումարները վերցնում են տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Բայց դա էլ չեն կարողանում անել։ Վարկային ծրագրերի իրականացումը խայտառակ վիճակում է։ Առավել ևս՝ նպատակային վարկային ծրագրերինը։

Գումարները վերցրել են, դրանց դիմաց հարկատուների վճարած հարկերից՝ տոկոսներ, երբեմն էլ՝ տույժեր են վճարում՝ ծրագրերը նախատեսված ժամկետներում չկատարելու պատճառով։ Ծրագրերը պիտի իրականացնեն, որպեսզի մարդիկ գոնե զգան վարկերի արդյունքը։ Բայց չեն կարողանում իրականացնել, երբեմն տարիներով ձգձգում են, ուշացնում, իսկ այդ ամենի հետևանքները կրում են հարկատուները։ Քիչ է, փակում են վարկերի տոկոսները, մի բան էլ՝ տույժեր են վճարում, ինչ է թե՝ կառավարությունն ի վիճակի չէ ժամանակին կատարել իր ստանձնած պարտավորությունները։

Նպատակային վարկային ծրագրերի կատարողականը սարսափելի ցածր է։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա 9 ամսում նախատեսել են իրականացնել 86.7 մլրդ դրամի կամ շուրջ 225 մլն դոլարի նպատակային վարկային ծրագրեր։

Իրականացրել են ընդամենը 34.7 միլիարդի կամ 90 մլն դոլարի ծրագրեր՝ 2.5 անգամ քիչ, քան պիտի իրականացնեին։

«Արտաքին վարկատուների աջակցությամբ իրականացվող նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցների հաշվին ֆինանսավորումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 34.7 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 40 տոկոսը՝ հիմնականում պայմանավորված ծրագրերի կատարման աստիճանով»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունը՝ այս տարվա բյուջեի կատարման 9 ամսվա հաշվետվության մեջ:

Նպատակային վարկային ծրագրերը 60 տոկոսով թերակատարել են։ Թերակատարումը շատ ավելի մեծ կլիներ, եթե նախատեսվածի մի մասն էլ չկրճատեին։ Տեսել են, որ չեն կարողանում կատարել, տարվա ընթացքում նվազեցրել են։

Ի սկզբանե պլանավորել էին իրականացնել ավելի քան 91 մլրդ դրամի նպատակային ծրագրեր, ընթացքում կրճատել են՝ թողնելով 86.7 մլրդ դրամը։ Բայց դա էլ 60 տոկոսով թերակատարել են։ Շուրջ 135 մլն դոլարի աշխատանքներ, որոնք պիտի իրականացվեին, մնացել են անկատար։ Ի՞նչ պատճառով կամ ո՞ւմ մեղքով, հայտնի չէ։ Այդ մասին գերադասում են բացարձակ ոչինչ չխոսել։

Որքան էլ չիրականացված այս ծրագրերի հետևանքով պետությունն ու քաղաքացին լուրջ վնասներ են կրել ու կրում, այսքան տարի այդպես էլ չեղավ մի անգամ, որ կառավարության պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեին դրա համար։ Բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, բերանները ջուր առած՝ լռում են։ Թողնես օր ու գիշեր նախկիններին կմեղադրեն, իսկ այս խայտառակ ձախողումների համար, որի հետևանքով պետությունը ոչ միայն ֆինանսական կորուստներ է կրում, այլև ծրագրերի արդյունքները չի ստանում, ո՞վ պիտի պատասխան տա։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ծրագրեր կան, որոնցով միլիարդավոր դրամների հասնող աշխատանքներ են նախատեսել իրականացնել, բայց բացարձակ ոչինչ չի արվել։

Նպատակային վարկային ծրագրերով, Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով, տարեսկզբի 9 ամիսներին շուրջ 10 մլն դոլարի աշխատանքներ պիտի կատարվեին, կատարողականը կազմել է զրո տոկոս։ Ոչ մի աշխատանք չի իրականացվել։

Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականն էլ եղել է ընդամենը 22.8 տոկոս։ Պետական բյուջեի ճշգրտված պլանով նախատեսել են իրականացնել ավելի քան 23 մլն դոլարի աշխատանքներ, 5.2 միլիոնի են իրականացրել։ Գրեթե 4.5 անգամով քիչ։

Ասիական զարգացման բանկով նախատեսված 14.3 մլրդ դրամի կամ շուրջ 37 մլն դոլարի նպատակային ծրագրերից 9.1 մլրդ դրամինը կամ 23 մլն դոլարինն են իրականացրել։

14 մլն դոլարի աշխատանքներ մնացել են չկատարված։ Թերակատարումը կազմել է գրեթե 36 տոկոս։

Եվրասիական զարգացման բանկով իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականն էլ կազմել է 78.7 տոկոս։ Ավելի քան 21 տոկոսով չի իրականացվել։ Շատ աշխատանքներ մնացել են թղթի վրա։ Այնպես, ինչպես թղթի վրա են մնացել օտարերկրյա պետություններից ներգրավված միջոցներով իրականացվող նպատակային վարկային ծրագրերը։ Այս դեպքում կատարողականը շատ ավելի խայտառակ ցածր է։

Տարեսկզբի 9 ամիսների ծրագիրն իրականացվել է ընդամենը 22.4 տոկոսով։

Օտարերկրյա պետություններից ներգրավված վարկերով նախատեսել են իրականացնել 42.4 մլրդ դրամի նպատակային ծրագրեր՝ համարժեք 110 մլն դոլարի։ Ընդամենը 9.5 մլրդ դրամի կամ շուրջ 25 մլն դոլարի աշխատանքներ են կատարվել։ 9.1 մլրդ դրամը եղել է Գերմանիայից, 0.4 միլիարդը՝ Ֆրանսիայից ներգրավված միջոցները։ Մի դեպքում ծրագրի կատարողականը կազմել է 77.6 տոկոս, մյուս դեպքում՝ 29 տոկոս։

Օտարերկրյա պետություններից ներգրավված միջոցների հաշվին նախատեսված մնացած 29.3 մլրդ դրամի նպատակային ծրագրերի կատարողականը զրո է։ Այդ ծրագրերի մասով 9 ամսում ոչ մի աշխատանք չի կատարվել։ Վարկերը, ինչպես միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների պարագայում, վերցրել են, բայց ծրագրերը, որոնք պիտի իրականացնեին այդ գումարներով, չեն կարողացել իրականացնել։ Գումարները պարտքերի տեսքով կախել են պետության վրա ու դրանց դիմաց տոկոսներ են վճարում, իսկ ծրագրերի իրականացման արդյունքները չեն երևում։

Այս խնդիրը, իհարկե, միայն նպատակային վարկային ծրագրերին չի վերաբերում։ Շարունակում է ցածր լինել նաև բյուջեի մյուս ծախսերի կատարողականը։

Ինն ամսում գրեթե 1 մլրդ դոլարի է հասնում բյուջեի ծախսերի թերակատարումը։

Նախատեսվածի համեմատ ծախսերի ծրագիրը 14.3 տոկոսով պակաս է կատարվել։ Ու ինչպես միշտ, շատ ավելի մեծ է եղել կապիտալ ծախսերի թերակատարումը՝ անցնում է 27 տոկոսից։

425 մլն դոլարի կապիտալ ծախսեր հետ են մնացել նախատեսված ծրագրից։

Այս իրավիճակը, որը տարիներ շարունակ կրկնվում է, հետևանք է նրա, որ կառավարությունն ու կառավարության ղեկավարը դրա համար որևէ պատասխանատվություն չեն կրում։ Խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես մեկ մարդու նման դակելով՝ բյուջեն է ընդունում, այնպես էլ՝ բյուջեի կատարողականը։ Արդյունքում՝ տարիներ շարունակ կանգնում են նույն կոտրած տաշտակի առաջ, բայց հետևություններ այդպես էլ չեն արվում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test