Ներքաղաքական վերջին իրողությունները շարունակում են մնալ օրակարգային քննարկումների ծիրում․ ինչո՞ւ ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից, ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը շարունակում իզոլացված մնալ, ինչպե՞ս Վաղարշապատում իշխանությունը հաջողության հասավ և ինչո՞ւ է «պարտված» թեկնածուն շարունակում վտանգ հանդիսանալ «հաղթողների» համար»՝ այս և այլ հարցադրումներ են այս օրերին հնչում հանրային շրջանակներում։
Ներքաղաքական վերջին զարգացումների մասին 168․am-ը լսել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանին։
«Սամվել Կարապետյանին բռնել են, որովհետև դեռ վաղուց իդենտիֆիկացրել են՝ նա իշխանության համար թիվ 1 վտանգն է,- հենց այս պարզ ձևակերպումով քաղաքագետը բնութագրեց երկարատև բարդ պրոցեսը՝ հիշեցմամբ, որ այս մտավախությունների պատճառով է, որ իշխանությունները նրա առաջին իսկ արտահայտության տակ փնտրեցին քաղաքական բովանդակություն,- Ու հիմա տեսնում ենք, որ շարունակ երկարաձգում են նրա կալանքը՝ հակառակ հանգամանքի, որ չկա որևէ ապացույց, հիմք չկա՝ նրան ԱԱԾ մեկուսարանում պահելու համար։
Որ գործը քաղաքականացված է, և իրավապահ համակարգը իշխանության՝ ընդդիմությանը լռեցնելու պատվերն է կատարում, հասկանալի է, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա․ եթե, օրինակ, Սամվել Կարապետյանն ամերիկացի լիներ, ԱՄՆ-ը՝ ՀՀ ցանկացած իշխանության թույլ չէր տա դա մարսել ու նույնիսկ 3 օր կալանքի տակ թողնել իր քաղաքացուն։ Բայց քանի որ Սամվել Կարապետյանը հիմնականում Ռուսաստանում է իր գումարներն աշխատել, Ռուսաստանի քաղաքացի է, ստացվում է՝ նրանք կարողանում են։ Ես շեշտում եմ՝ որևէ այլ խոշոր պետություն թույլ չէր տա՝ իրենց քաղաքացու հետ այդպես վարվել․ այստեղ կարևոր է Ռուսաստանի գործոնը, կամ դրա բացակայությունն արձանագրել»։
Ինչ վերաբերում է բռնաճնշումներին առհասարակ, ապա Հրանտ Միքայելյանը նշեց, որ այս իշխանությունը սկսել է ավելի ու ավելի ավտորիտար ուղղությամբ գնալ։
«Մենք տեսնում ենք, որ առհասարակ վերացվում է անկախ տեղական ինքնակառավարումը։ Այս իշխանության օրոք սպանվել է մի համայնքապետ, մի քանիսը ձերբակալվել են շինծու գործերով: Մեկ այլ օրինակ է Վաղարշապատի ընդդիմադիր ուժի անդամների դեմ մեկնարկած գործողությունը։ Այսինքն՝ նույնիսկ «չհաղթած» ընդդիմության դեմ էլի սկսում են բռնաճնշումներ։ Ավելին՝ բռնաճնշումների ալիքը հասել է մեդիաներին։ Սա վկայումն է նրա, որ իշխանությունը կորցրել է կառավարման բոլոր լծակները՝ բացի ռեպրեսիվ լծակներից»։
Այս համատեքստում նա արձանագրեց, որ այս իշխանությունը լավ տիրապետում է սոցիոլոգիական իրավիճակին ու հասկանում է, որ առանց այդ ռեպրեսիաների՝ վարչական ռեսուրսով չի հաղթելու, նույնիսկ քարոզչությունն այլևս չի աշխատում, իսկ մեկ այլ դրսևորում էլ ինստիտուտների շարունակաբար վերացումն է։
Վերլուծաբանը մեկ այլ իշխանական տեխնոլոգիա համարեց ինստիտուտների աղճատումը․ օրինակների թվում նա հիշեցրեց՝ իշխողները սկզբից խորհրդարանի վրա գրոհեցին, ապա դատարանների, նաև նախագահական ինստիտուտի՝ այնտեղ նշանակելով անձի, որի դերակատարումը բացակա լինելն է, ապա նաև՝ Երևանի քաղաքապետարանի դեմ, երբ Հայկ Մարությանին ճնշումներով հանեցին ու ցածր արդյունքներով անցկացրին Տիգրան Ավինյանին, նման մի օրինակ էլ, ըստ Միքայելյանի, Թաթոյանի հրաժարականից հետո խախտումներով նշանակված ՄԻՊ-ն էր․․․
«Իսկ հիմա, նաև այդ մեթոդներով, ամբողջությամբ վերացվում է տեղական ինքնակառավարման համակարգը․ սկզբից ճնշումներով հանվում է քաղաքապետը, ապա իշխանության ինչ-որ ներկայացուցիչ նշանակվում է որպես պաշտոնակատար, իսկ ընտրություններին, որպես գործող քաղաքապետ, փորձում է ընտրվել։ Այս սխեման թեև տապալվեց Գյումրիում, բայց աշխատեց Վաղարշապատում»,- հավելեց Հրանտ Միքայելյանը։
Ըստ քաղաքագետի՝ Վաղարշապատից հետո ընդդիմությունը դասեր ունի քաղելու, որովհետև իշխանության հաղթանակի պատճառն, ըստ նրա, եղել է ընդդիմության պակասը, մրցակցության, ակտիվության ու առաջնորդության պակասը։
Ընդդիմության անելիքներին անդրադառնալով՝ մասնագետը որպես առաջնահերթություն դիտարկեց ընդդիմադիրների կողմից հիմնական հարցերի պատասխանները հստակ հնչեցնելու կարևորությունը։
«Եթե ընդդիմությունն ուզում է հաղթել, ապա չի ստացվի շրջանցել պատերազմի ու խաղաղության մասին հարցի հստակեցնումները»,- շեշտեց նա՝ դիտարկմամբ, որ անգամ այս առումով ոչ բարվոք դիրքերում գտնվող իշխող թիմը կարողանում է իրեն ձեռնտու ձևով խաղարկել այս հարցերի պատասխանները։
2026 թվականի հնարավոր ընտրությունների մասին իր դիտարկումներում էլ Հրանտ Միքայելյանը կանխատեսեց դրսի մասնակցության ակտիվացումը։
«Այսինքն, պարզ է, որ Ռուսաստանը ունի որոշակի հետաքրքրություն և ինչ-որ ակտիվություն ունենալու է։ Արևմուտքի ակտիվացմանն արդեն իսկ ականատես ենք։ Նաև Անկարայից և Բաքվից կլինեն մեսիջներ, որովհետև արդեն բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ, որ ինչպես 2021 թ.-ին՝ հայ գերիների մի մասը գուցե ազատ արձակվի (ոչ քաղաքական գերիների):
Տեսնում ենք նաև, որ արդեն պայմանավորվածություն կա ընտրություններից մի քանի ամիս առաջ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացնել։ Ի դեպ, նմանօրինակ մի քարոզչական քայլ էր Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստան գալը:
Մյուս հանգամանքը վարչական ռեսուրսի հարցն է․ մենք տեսանք, որ այս գործոնը Վաղարշապատում նույնիսկ ավելի շատ է կիրառվել, քան Գյումրիում։
Այստեղ հարց է մնում՝ ընդդիմությունը պատրա՞ստ է և ունա՞կ է իր ձայների համար այս իրողությունների պայմաններում պայքարել։ Իսկ ընդդիմության գործիքակազմը սպառված չէ, և եթե իսկապես ադեկվատ աշխատի, իհարկե, հնարավոր է ժողովրդի ձայները ստանալ, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ է իջել, և նա հաղթելու հնարավորություն չի ունենա, եթե ընդդիմությունը ճիշտ աշխատեց»,- ամփոփեց քաղաքագետը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test