45-օրյա լռությունից հետո Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը վերջապես զանգահարել է կնոջն ու տեղեկացրել, որ առողջական վիճակը վատացել է, քայլել չի կարողանում:
«Ես սպասում էի այս զանգին 45 օր, երեկ վերջապես նա զանգահարեց ինձ, ասաց՝ «բարև Լինդա, ինչպե՞ս ես»: Նրա ձայնը փոխված էր, թույլ: Հարցրեցի՝ ի՞նչ է քեզ պատահել, Վիգեն: Ասաց՝ «Լինդա, ես այլևս չեմ կարողանում քայլել, ոտքերս շատ են ցավում», - պատմեց կինը:
Լինդա Էուլջեքյանի փոխանցմամբ՝ չնայած ոտքերի ցավին ու սրտի հետ կապված խնդիրներին, բանտապահները հրաժարվում են բժշկի նշանակած դեղերը տրամադրել:
Որևէ մեկի հետ խոսելու, օգնություն խնդրելու հնարավորություն Վիգենը չունի: Շուրջ 5 տարի Բաքվի բանտում գտնվող հայազգի գերին անօգնական, հուսահատ վիճակում է:
«Վիգենն ասում է, որ ուզում է խոսել որևէ մեկի հետ, բայց ոչ ոք բանտում իր հետ չի խոսում՝ ո՛չ ղեկավարներից, ո՛չ պահակներից: Նա ինձ ասաց՝ «գիտե՞ս, մենք միայն հաց ու թեյ ենք ուտում»: Հարցրեցի, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ նրանք ձեզ սնունդ չեն տալիս: Նա ասաց՝ «չգիտեմ»: Ամուսնուս վիճակը շատ-շատ վատ է, երբ պատկերացնում եմ, որ նա արդեն անվասայլակի կարիք ունի, սիրտս տակնուվրա է լինում, մինչդեռ Վիգենը շատ ուժեղ երիտասարդ է, գեղեցիկ տղամարդ է, ընդամենը 46 տարեկան», - ասաց Լինդա Էուլջեքյանը:
Թե ո՞րն է պատճառը, որ Վիգեն Էուլջեքյանը այլևս չի կարողանում քայլել, կինը հստակ տեղեկություն չունի: Կարծում է, որ դա դաժան ծեծի հետևանքն է: Լինդան պատմում է, որ երբ ադրբեջանցիները նրան բռնել են, ուժեղ ծեծի են ենթարկել, ինչից էլ ոտքերը վնասվել են:
Վիգեն Էուլջեքյանը լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին:
Լինդան ասում է՝ երբ դեռ Կարմիր խաչի ներկայացուցիչները Վիգենին այցելելու հնարավորություն ունեին, պատմում էին, որ նա հաճախ է վիճաբանում պահակների հետ: Պատճառն, ըստ կնոջ, վատ վերաբերմունքն էր, ինչը Վիգենը հանդուրժել չէր կարողանում:
Վիգենը խնդրել է կնոջը օգնել իրեն, որպեսզի ապացուցեն, որ ինքն անմեղ է, որ ահաբեկիչ չէ, ինչպես իրեն մեղադրել են Բաքվում և դատապարտել 20 տարվա ազատազրկման: Լինդան էլ խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարությանն ու աշխարհին. «Թարգմանենք այնպես, որ նրանք ինձ լավ հասկանան, ես մայր եմ, ես կին եմ, ես ամուսնուս կարիքն ունեմ, խնդրում եմ բոլոր կառավարություններին, ովքեր զբաղվում են գերիների հարցերով, խնդրում եմ, մի բան արեք, քանի որ այլևս դիմանալ հնարավոր չէ»:
«Նա արտասվում էր, երբ խոսում էր որդու հետ, տղաս էլ էր լալիս, որդիս 25 տարեկան է, նա նշանած ունի, հորն ասաց, որ չի ամուսնանալու մինչև Վիգենը տուն չգա, արդեն 5 տարի է սպասում է», - պատմեց կինը:
Վիգենի կինը՝ Լինդան տեղեկացրեց, որ ամուսինը փաստաբան ունի՝ Լուսիանա Մինասյանը, նա Արգենտինայից է: Ըստ կնոջ, փաստաբանն ամեն ինչ անում է Վիգենին օգնելու համար, համագործակցելով նաև արգենտինացի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:
«Վիգենը ահաբեկիչ չէ, նա Հայաստանի քաղաքացի է, և հետևաբար նա չի կարող վարձկան լինել, նրան 20 տարով ազատազրկելն արդար չէ», - ընդգծեց նա:
Լինդան ուզում է հավատալ, որ մինչև Նոր տարի ամուսինը վերջապես կվերադառնա գերությունից, թեև հույսը գնալով մարում է, հատկապես, երբ օրերս տեղեկացել է, որ Արցախի նախկին ղեկավարների համար ադրբեջանցի դատախազը ցմահ ազատազրկումն է պահանջել. «Ես հասկացա, որ որ ոչ ոք չի կարողանում օգնել 23 հայ գերիներին»:
Բաքվի բանտերում 23 հայ գերիներ են պահվում, նրանց մի մասին Ադրբեջանն արդեն իսկ տարբեր պատժաչափերով ազատազրկման է դատապարտել: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունն էլ ավարտին է մոտենում: Մեղադրող դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել Արցախի 5 նախկին ղեկավարների համար, իսկ նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարի՝ նրանց 65 տարին լրացած լինելու պատճառով:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test