Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ծանիր զքեզ hraparak.am hraparak.am

time
Ծանիր զքեզ

Մնաց, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերն ընդունեն կամ չընդունեն ընտրությունների արդյունքները: Ստեղծված իրավիճակում ընտրությունների արդյունքները չընդունելը, եթե անգամ դա չհանգեցնի ընտրությունները չեղարկելուն, ապա առնվազն կբացահայտի, թե ՔՊ-ն քանի թիմով էր մասնակցում այդ միջոցառմանը: Կարծում եմ՝ ընդդիմադիր Արամ Զավենիչն ու էլի մի քանիսը իսկույն կբացահայտվեն որպես Նիկոլի սատելիտներ:

Բայց եկեք դավադրությունների տեսության հետեւից չընկնենք եւ փորձենք սառը դատել ընտրությունների ժամանակ տեղի ունեցածի մասին՝ սկսած ընտրախախտումներից եւ վերջացրած քարոզչական սխալներով, որ թույլ տվեցին թեկնածուներից գրեթե բոլորը:

Հաղթե՞լ է, արդյոք, ՔՊ թեկնածուն: Թվերն ասում են՝ այո, հավաքել է 50 տոկոսին մոտ ձայներ, վերջնահաշվարկում ՔՊ-ի վրա կգրվեն նաեւ փոշիացած ձայները, ու 50+1-ը կապահովվի: Այսքանը` թվերի լեզվով: Իսկ ինչի՞ մասին են խոսում, օրինակ, արձանագրված ընտրախախտումները: Ի վերջո, ՔՊ-ն իր տոկոսները խփել է հենց ընտրախախտումների շնորհիվ: Ի՞նչ չեն արել ՔՊ-շնիկները՝ իրենց ընտրողներին ցուցակներ չե՞ն խցկել, մահացածներին չե՞ն բերել ընտրության, Ոստիկանությունը ՔՊ-ի «ընտրազանգվածին» 9-րդ ձեւերով չի՞ ապահովել, ընտրողներին ընտրատեղամասեր քշելու եւ ընտրատեղամասերի տարածքում ու ներսում ուղղորդումներ չե՞ն եղել, լույսերը չե՞ն անջատվել, ՔՊ վերնախավը Էջմիածնի ու հարակից գյուղերի, այսպես կոչված, օլիգարխիկների գործողությունները չի՞ համակարգել այդ օրը, պետական լծակները, սկսած վարչապետի աշխատակազմից, չե՞ն գործել… Ո՞ր մեկը թվարկես… Տեղամասային ընտրական հանձնաժողովների ոչ ՔՊ-ական նախագահների ու անդամների վրա Արամ Զավենիչի ԲՏՌ-ներով հոգեբանական գրոհներ չե՞ն ձեռնարկվել, ոստիկանությունն աչք չի՞ փակել կուտակումների, քվեախցիկի հետեւում 2 եւ ավելի մարդու առկայության, բաց քվեարկությունների, բացահայտ ուղղորդումների վրա: Ծիծաղելի կլիներ, այնպես չէ՞, եթե այսքանից հետո էլ իշխող ուժը «չհաղթեր»:

Սրանք դրել՝ բուլդոզերը քշել են ժողովրդավարության վրա ու դեռ համարձակվում են պարծենալ իրենց «հաղթանակով»: Եվ սա է պատճառը, որ ես խոսում եմ հետընտրական պրոցեսներ սկսելու անհրաժեշտության մասին: Չենք ընդունում, եղբայր, այս ընտրությունների արդյունքները, ժողովրդավարություն չի՞… Չենք ընդունում, եւ վերջ: Հավանաբար, վերահաշվարկի դիմումներ էլ կան, նաեւ՝ բազմաթիվ հաղորդումներ՝ այլ կարգի ընտրախախտումների մասին, որոնք վրիպել են տեսախցիկներից ու դիտորդների աչքից: Ասում եմ՝ ձեռքի հետ էլ հարց դնենք Նիկոլի առաջ՝ բա ասում էիր՝ ընտրախախտումների էջը փակված է, ինչո՞ւ ես խաբել ժողովրդին: Ո՞վ է տեսել, որ 7 տարի շարունակ համայնքը քանդած, կրիմինալի մեջ կորցրած քաղաքական ուժին այդ համայնքի բնակչությունը վերընտրի: Մարդիկ հո ապուշ չե՞ն… Դու էլ ես հասկանում, չէ՞, Նիկոլ, որ ՔՊ-ն ընտրախախտումներով է զավթել համայնքային իշխանությունը, որ այստեղ գործել է ոչ թե «ամենասիրված» ու «ամենակարող» Նիկոլի ֆենոմենը, այլ բոլոր ուղղություններով պարտություն կրած ՔՊ-ի զոռբայությունը:

Վաղարշապատի ընտրությունների թվերը համոզիչ չեն նաեւ այլ տեսանկյուններից: Ես, օրինակ, տարակուսում եմ, երբ փորձում են ինձ թվերով ապացուցել, որ այդ խոշորացված համայնքի բնակչության կեսից ավելին կարող է թրքամետ լինել եւ պաշտպանել ՀՀ իշխանությունների վարած (պրո)թուրք-ադրբեջանական քաղաքականությունը: Դուք ուզում եք ասել, որ վաղարշապատցիները կողմ են Կիրանցն ու մեր մյուս գյուղերը՝ անկլավների անվան տակ, Ադրբեջանին հանձնելո՞ւն, դուք ուզում եք ասել, որ Վաղարշապատի գյուղերի աշխատավորները հավատում են իրենց արտադրած լոլիկն ու մյուս կուլտուրաները Նախիջեւանով Ադրբեջան, ապա այլ երկրներ արտահանելու ցնորքի՞ն, դուք ուզում եք ինձ համոզել, որ վաղարշապատցիները ոչինչ չե՞ն լսել թուրքական էքսպանսիայի ու դրանից տուժելու հեռանկարների մասին: Վերջապես, դուք ուզում եք ասել՝ վաղարշապատցիներն անհամբեր սպասում են Էջմիածնում Նիկոլի հատուկ հավաքի՞ն, որ տեսնեն, թե նա ինչպես է հիմնահատակ ավերում մայր տաճարը․․․

Իսկ հիմա՝ մի քանի խոսք նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների (քաղաքական ուժերի) թույլ տված սխալների մասին: Իշխանականներին չեմ անդրադառնա: Նրանք, ինչպես եւ սպասվում էր, քարոզչություն, որպես այդպիսին, չեն իրականացրել: Այո, փորձել են որոշ գյուղերում ուտուշ-խմուշ անելով, զուռնա-դհոլ խաղացնելով իրենց նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Այդպես անում էին նաեւ երբեմն-երբեմն մեր գյուղ եկող քյանդրբազները (լարախաղացները), որ մարդ հավաքեին գլխներին ու փող ուզեին «ակամա» հանդիսատեսից: ՔՊ-ի քարոզչության ողջ ծանրությունն ընկած է եղել նրա սատելիտ ուժերի ու թեկնածուների վրա, որոնք ջանք չէին խնայում՝ վատաբանելու վաղարշապատցիների գրեթե 7 պորտը, որ Մանվել Գրիգորյան եւ Սեյրան Սարոյան են հանդուրժել իրենց մեջ, որ տուն, գյուղ ու քաղաք են կառուցել, այսպես կոչված, նախկինների իշխանության տարիներին: Եվ, որքան էլ տարօրինակ էր, այս ֆրոնտում առաջատարն Արմեն Զավենիչն էր կամ նրա թեկնածուն, որ սպառնում էր իր երկու ձեռքը կտրել, բայց չսեղմել ընդդիմության ներկայացուցիչների ձեռքը: Ու ի՞նչ փույթ, որ Արամ Սարգսյանի եղբոր երբեմնի զինակից Մանվելը ողջ չէ, որ բռներ մեծախոս թեկնածուի ականջից ու գցեր արջերի վանդակը:

Առանձնապես գոհացուցիչ չէր նաեւ ընդդիմության քարոզչությունը: Բազմաթիվ լավ կողմերով հանդերձ՝ այն բավականին մեղմ էր, եթե հաշվի առնենք, թե ինչ ուժ էր պայքարում իրենց դեմ: Այդպիսի քարոզչությամբ, Սեւակ Խաչատրյանը գուցե կարողանար հաղթել վրացական ՏԻՄ ընտրություններում, բայց ոչ երբեք Հայաստանում: Ասել եմ ու կասեմ՝ ՔՊ-ն ուրիշ «ֆրուկտ ա»: ՔՊ-ի գլխի տակ փափուկ բարձ դնելը, թե պատրաստ եմ աշխատել նրանց մեջ եղած նորմալ մարդկանց եւ մասնագետների հետ, մեղմ ասած, չի աշխատում: ՔՊ-ում չկա այն ընկալումը, որ իրենց մեջ նորմալ մարդիկ կան: Այնտեղ գրեթե բոլորը հավասար չափով նիկոլական են, ոմանք՝ նույնիսկ ավելի նիկոլական: Դե եկ ու սրանց համերաշխություն եւ հանդուրժողականություն քարոզիր: Նույն սխալը, ականջը կանչի, Վարդան Ղուկասյանը թույլ տվեց: Ասում էր՝ սա, սա, սա անպետք մարդիկ են, նրանցից կազատվենք, իսկ մյուսները կարող են աշխատել: ՔՊ-ում գնահատեցի՞ն այդ մոտեցումը… Միամիտ չլինեք: Նույնն էլ, եթե ոչ ավելի վատը, Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուին էր սպասվում, եթե նա հաղթեր այս ընտրություններում: ՔՊ-ն, քանի որ բնավորությամբ ներհակ է, ինքնահավան է, իրենից դուրս ոչինչ ու ոչ ոքի չի ընդունում, արժանի չէ, որ նրա դեմ հանդուրժողականություն քարոզես: Հանուն հայրենիքի, հանուն շենացման, հանուն բարօրության, հանուն վաղվա լավ օրվա քարոզչությունն այս պարագայում չի աշխատում: Ավելին ասեմ՝ ժողովուրդը մոռացել է այդ բաները, ժողովուրդը չի հավատում արդեն: Նիկոլի պոպուլիզմը կերել է մարդկանց, եւ մարդկանց մի զգալի զանգված, 7 տարի իր մաշկի վրա չզգալով որեւէ դրական փոփոխություն, ակամա հավատում է այդ խաբկանքին, թե ապագան արդեն այսօր է, որ ինքն այսօր ավելի լավ է ապրում, քան երեկ, եւ ավելի լավ կապրի, եթե Նիկոլին խանգարող չլինի:

Ո՛չ Նիկոլի ձախողումները, ո՛չ էլ Վաղարշապատի՝ վերջին 7 տարվա կառավարման խայտառակ պատկերը, կարելի է ասել, դաս չեղան վաղարշապատցիներին: Նրանց մի մասը, գուցե, փորձեց կրկնել Փարաքարի կամ Գյումրու օրինակը, բայց հաջողության չհասավ: Ոչինչ, պատահում է: ՔՊ-ն այնպես է կառչել իշխանությանը, որ նրան այդ իշխանությունից մաս-մաս պոկելը բավականին դժվար աշխատանք է: 2021 թվականին փորձ արվեց ՔՊ-ին ամբողջությամբ եւ համակողմանի զրկել իշխանությունից, որը չհաջողվեց, ու մենք մինչ օրս հեծում ենք այդ ուժի իշխանության տակ: Առջեւում նոր ընտրություններ են, այս անգամ՝ Ազգային ժողովի, ու պետք է ամեն ինչ անել՝ ՔՊ-ից ազատվելու համար: Այդ գործում հայ ժողովրդին ոչ ոք չի օգնելու: Հույս չունենաք: Այդ ընտրություններում նժարի վրա են լինելու մեր ժողովրդի ու մեր երկրի ճակատագիրը՝ մի կողմից, եւ ՔՊ-ի թրքահոտ կառավարումը՝ մյուս կողմից: Թվեր դարձյալ նկարվելու են, վարչական ռեսուրս դարձյալ կիրառվելու է, ընտրախախտումներ դարձյալ լինելու են, առատության եղջյուրից պոպուլիզմը դարձյալ հորդելու է, ընդ որում՝ ավելի շատ ու ավելի ստոր ձեւով… Թքած… Հաղթել է պետք, ՔՊ-ին հեռացնել է պետք, երկիրը փրկել է պետք, հայ ժողովրդի թրքացումը կասեցնել է պետք: Ինչպե՞ս… Քո քվեով, սիրելի հայրենակից, իսկ եթե հարկ լինի, նաեւ քո հետընտրական հզոր ալիքով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test