Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանի քարոզիչ, որն ունի «Լուգանսկի քաղաքացիություն»․ ո՞վ է «10 մզկիթների» մասին կեղծ լուրի հեղինակը fip.am fip.am

time

Համացանցում շարունակում են շրջանառել «Երևանում 10 մզկիթներ կառուցելու մասին» կեղծ տեղեկությունը, որը տարածել էր նախ թուրքական լրատվամիջոցը, այնուհետև՝ հայաստանյան ու ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ (1, 2, 3, 4)։ Չնայած Կառավարությունը հերքել էր, իսկ CivilnetCheck-ի փաստեր ստուգողները պարզել, որ դա կեղծ լուր է, այդուհանդերձ, այն տարածած հայկական որոշ աղբյուրներ չեն հեռացրել։

Կեղծիքը շարունակել են տարածել նաև մի շարք ռուսական աղբյուրներ: Ավելին, այդ կեղծիքի հիման վրա վերլուծություններ ու եզրահանգումներ են արվում։

Օրինակ, ռուս մետրոպոլիտ Լեոնիդի մոտ հարց է առաջացել«Հետաքրքիրն այն է, որ երբ ես գլխավորում էի Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան թեմը, Փաշինյանի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ Երևանում ռուս հոգևոր-լուսավորչական կենտրոնի կառուցման մասին նա ասաց, որ երբ Երևանում կապրեն այնքան ռուս, որքան ապրում են հայեր Մոսկվայում, նրանց համար այդ կենտրոնը կկառուցվի»։

Այդուհանդերձ, «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կեղծ լուրի հեղինակ Օկայ Դեպրեմի գործունեությունը և պարզել նրա առնչությունը ռուսական քարոզչությանը։

Ծագումով թուրք, Օկայ Դեպրեմը (Okay Deprem) ներկայացվում է որպես լրագրող, սոցիոլոգ։ Բնակության մշտական վայր չունի, կամ Ռուսաստանում է, կամ Թուրքիայում։ Երկար տարիներ ապրել է Լուգանսկում, ստացել տեղի քաղաքացիություն։ Փոքրուց հետաքրքրվել է ռուսական մշակույթով, հրապարակումներ ունեցել երիտասարդական ամսագրում։ Սովորել է Ստամբուլի համալսարաններից մեկում սոցիոլոգիա, ուսումնասիրել լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն։ Ուսումը շարունակել է Գերմանիայում, այնուհետև ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում մեկնել Օդեսա ու սովորել Օդեսայի ազգային ինստիտուտում։ Այստեղ աշխատել է տուրիզմի ոլորտում, կազմակերպել զբոսաշրջային այցեր։ 2000-ականների սկզբին եղել է Ռոստովում, Սոչիում, Հյուսիսային Կովկասում։ Իր հարցազրույցներից մեկում հիշում է՝ ինչպես է Թուրքիայից մեքենայով գնացել Դոնբաս։ Իսկ 2015 թվականից արդեն որպես ռուսական կողմից հավատարմագրված լրագրող, լուսաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը, եղել Դոնեցկում, Լուգանսկում։ «2016-ի աշնանը Լուգանսկի ընտրություններում ինձ հրավիրել են որպես դիտորդ։ Մինչև 2019 թվականը ես ապրել եմ հիմնականում Դոնեցկում»,- իր մասին պատմելիս ասել է թուրք լրագրողը։

Նույն հարցազրույցում լրագրողը հետաքրքրվել է՝ Դոնբասում պատերազմից հետո արդյոք փոխել է իր կարծիքը Ուկրաինայի նկատմամբ, ինչին թուրք լրագրողը պատասխանել է․ «Իհարկե, այլ կերպ հնարավոր չէր։ Մինչև 2014-ը Ուկրաինան խաղաղ երկիր էր, հատկապես Դոնբասը։ ․․․2014 թվականից հետո Ուկրաինայում ծաղկեց ազգայնականությունն ու ֆաշիզմը։ Իհարկե, այդ տրամադրությունները այստեղ ավելի վաղ էլ կային, բայց այսպես մասսայական չէին։ Այդ պատճառով իմ ընկերները լքեցին Ուկրաինան»։ Այսինքն՝ թուրք լրագրողը կրկնում է ռուսական քարոզչական թեզերը Ուկրաինայի մասին։

Ռուսական քարոզչության այլ թեզեր առաջ է քաշում այլ հարցազրույցում․ ներկայացնելով կյանքը Լուգանսկում և Դոնբասում՝ ասում է, որ Ուկրաինայի այլ բնակավայրերի համեմատ, «մարդիկ ապրում են լավ, ստանում են բարձր աշխատավարձ, հասարակական տրանսպորտը նոր է, բերվել է Ռուսաստանից»։ Նա նաև պատվավոր տեղ ունի Russian fakes-ի ցանկում, որտեղ ներկայացվում է որպես «կեղծ լրագրող և գործիք Կրեմլի քարոզչության ձեռքին»։

2025-ի սկզբին Բելառուսում տեղի ունեցած ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել և հարցազրույցում հիացմունք է արտահայտել Բելառուսի ղեկավարության վարած քաղաքականության մասին և նկատել, որ այդ երկիրը «ժամանակակից քաղաքական կոնյուկտուրայում հատուկ դեր ունի»։ Սակայն արդեն այս սեպտեմբերին խնդիրներ է ունեցել Բելառուսում․ իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր և 10 օր ձերբակալվածների պահման վայրում պահելուց հետո վտարել են՝ առանց որևէ բացատրության։ Այս դիպվածից հետո նա ասել է՝ տեղափոխվում է Թուրքիա փոքր-ինչ հանգստանալու ու մտքերը հավաքելու համար։

Թերևս հանգստանալուց հետո արդեն հոկտեմբերին ուկրաինական աղբյուրում դարձյալ տեսնում ենք Դեպրեմին․ նա այցելել է Զապորոժյե և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին։ «Ռուսաստանը ցուցադրում է կեղծ օտարերկրյա լրագրողների՝ ուկրաինական տարածքների օկուպացիան քողարկելու համար։ Սա լրագրություն չէ, սա քարոզչություն է, որը ծառայում է պատերազմին»,- գրել է Ուկրաինայի ազգային դիմակայության կենտրոնը։

Այս լրագրողը «MedyaGünlüğü» հարթակում սյունյակ ունի և այս տարվա որոշ հոդվածներ վերաբերում են հայաստանյան իրականությանը։

Օրինակ, հոդվածներից մեկը՝ «Կհայտնվի՞ նոր Սասունցի Դավիթ» վերնագրով, Անդրանիկ Թևանյանի մասին է, որը, նկատենք, առանձնացավ «Հայաստան» դաշինքից և այժմ հայաստանյան քաղաքական դաշտում միայնակ քաղաքական ակտվություն է ցուցաբերում։ Հոդվածն այն մասին է, թե իբրև Նիկոլ Փաշինյանը ճնշում է բոլոր «խարիզմատիկ առաջնորդներին և թույլ չի տալիս, որ նոր սասունցիդավիթներ հայտնվեն»։ Եվ չնայած այդ ամենին, ըստ թուրք հոդվածագրի, «մի քանի տարի առաջ երկրում ստեղծվեց հզոր ընդդիմադիր ուժ՝ «Մայր Հայաստան» անունով»։ Թուրք լրագրողը հիշել է 2023-ի իրադարձությունները, ընդդիմության հավաքները և Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը ու գրել․ «Գործող իշխանությունը այնքան է վախենում նոր Սասունցի Դավիթի ծնվելուց, որ հրահանգել էր ձերբակալել Անդրանիկ Թևանյանին»։

Հատկանշական է, որ Անդրանիկ Թևանյանը հիշատակվում է այս լրագրողի մեկ այլ հոդվածում, որը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասին է։ Այստեղ բերվում են Թևանյանի մտքերն ու դիրքորոշումները Հակոբյանի՝ «ստվերային կարդինալուհի» լինելու մասին։

Ֆրանսիական VIGINUM-ը* (ֆրանս.՝ Service de vigilance et de protection contre les ingérences numériques étrangères) զեկույց է հրապարակել ռուսական ապատեղեկատվական արշավի՝ Storm 1516 մասին: Վերջինը «տեղեկատվական միջամտության օպերացիոն համակարգ» (Information manipulation set) է կամ ցանց, որը կազմակերպված է տեղեկատվական, քարոզչական ազդեցություն կիրառելու համար։

*VIGINUM-ը ստեղծվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխել օտարերկրյա թվային միջամտությունները, մասնավորապես՝ ապատեղեկատվական արշավները, բոտերի ու տրոլների ցանցերը, մանիպուլյատիվ քարոզչական արշավները, որոնք ուղղված են Ֆրանսիայի և եվրոպական երկրների դեմ։

VIGINUM-ի զեկույցում նշվում է 77 տեղեկատվական օպերացիա, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում տարածել են ռուսամետ, հակաարևմտյան և հակաուկրաինական նարատիվներ և կեղծ հրապարակումներ։ Storm-1516-ը գործի է դնում կարճաժամկետ և շատ արագ գործողություններ, օրինակ՝ երբ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում ու դրան շատ արագ արձագանք է լինում, և երկարաժամկետ ազդող ռազմավարություն, երբ, օրինակ, սպասվում են ընտրություններ, քաղաքական անձանց վարկաբեկում և այլն։ Այս ամենին հասնելու համար օգտագործում են կեղծ լրատվական էջեր, սոցիալական ցանցերի հաշիվներ, AI-ով ստեղծված deepfake տեսանյութեր և այլն։

Ի՞նչ մասնակցություն ունի այս ամենին Հայաստանում մզկիթներ կառուցելու մասին կեղծ տեղեկությունը հրապարակած OdaTv-ն։ VIGINUM-ի զեկույցի համաձայն, թուրքական OdaTv-ն ռուսական ապատեղեկատվական գործողությունների մասնակից է եղել։

Հասմիկ Համբարձումյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test