Նախօրեին, երբ պարզ դարձավ, որ ՔՊ-ն հաղթել է Վաղարշապատում եւ հավաքական ընդդիմությունից մի հազար ձայնի չափ ավել է տարել, մարդիկ սկսեցին «ողբասացությունը», թե սա նշանակում է, որ իշխանափոխության հույսերը փոքր են, որ սա 2026-ի ընտրությունների մինի մոդելն էր, եւ ՔՊ-ն, ըստ էության, գործարկեց նոր մեթոդներ եւ քաղտեխնոլոգիաներ, թե ինչպես ադմինիստրատիվ ռեսուրսի ու ճնշումների միջոցով վերընտրվել: Տարբեր գնահատականներ եւ վերլուծություններ արվեցին: Ոմանք սկսեցին բացահայտել, որ դա այնքան էլ հաղթանակ չէր, եւ այդքան փող ու ռեսուրս ծախսելու պարագայում այդ 150 հազար բացարձակ ձայները, որ ստացել է ՔՊ-ն, այնքան էլ կուսակցության ձայները չեն, որքան անձամբ Արգիշտի Մեխակյանի ձայներն են, որն ամեն ինչ արեց, որ նախընտրական փուլում տարանջատվի «Քաղպայմանագրից», եւ խուսափեց Եկեղեցու դեմ արշավի թեմայով որեւէ բան ասել, հակառակը` անգամ հասկացնում էր, որ դա իր սրտով չէ: Եվ ինչպես նման իրավիճակներում լինում է, նաեւ հումորի, մեմերի շարք հայտնվեց համացանցում: Օրինակ, ոմանք սկսեցին գրել, որ մենք խուսափեցինք հերթական քաղբանտարկյալն ունենալու հեռանկարից` ակնարկելով, որ եթե Սեւակ Խաչատրյանն ընտրվեր, ապա հայտնվելու էր բանտում` Դավիթ Համբարձումյանի եւ Վարդան Ղուկասյանի կողքին, քանի որ Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու ընտրված համայնքապետերին բերդ է ուղարկում եւ իշխանությունը տվյալ համայնքում զավթում: Բայց պարզվեց, որ վաղաժամ էին սկսել ուրախանալ, որովհետեւ անգամ չհաղթելը չփրկեց «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչներին ապօրինի հետապնդումներից:
Երեկոյան արդեն տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է դաշինքի անդամներից մի քանիսի տները` խուզարկությունների: Այդ պահի դրությամբ խուզարկում էին Կարեն Գեւորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գեւորգյանի բնակարանները: Լուրեր կային, որ մտնելու են նաեւ դաշինքի առաջին համարի` Սեւակ Խաչատրյանի տուն: Ավելին` չնայած շուրջ երկու ժամ խուզարկում էին մարդկանց տները, սակայն նրանց շրջապատի անձանց, մտերիմներին հայտնի չէր, թե ինչ վարույթի շրջանակներում են տեղի ունենում քննչական գործողությունները, ինչ են փնտրում նրանց բնակարաններում քաղաքական հետապնդումների գործիք դարձած քննիչները: «Հաղթանակ» դաշինքի նախընտրական շտաբի պատասխանատու Հրանտ Ավետիսյանը մեզ ասաց, որ սպասում են փաստաբաններին, որոնք արդեն շտապում են էջմիածինցիների տները, գուցե քննիչները նրանց հայտնեն, թե ինչ եւ ինչու են խուզարկում: Հակակոռուպցիոն կոմիտեից էլ մեր հարցին ի պատասխան հայտնել էին. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական եւ վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Այնպես որ, նույնիսկ չընտրվելը փրկություն չէ, եւ ռեպրեսիվ մեքենան աշխատում է բոլոր ընդդիմադիրների նկատմամբ: Թերեւս այն հաշվարկով, որ մարդկանց վախեցնեն, եւ նրանք հրաժարվեն պայքարից ու իշխանափոխություն իրականացնելու մտքերից:
Արեգ Մարգարյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test