Կասկած չկա, որ եթե չլիներ հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության վերաբերյալ, հիմա ո՛չ միլիարդատեր ու բարերար Սամվել Կարապետյանը կլիներ կալանավորված, և ո՛չ էլ նրան պատկանող ընկերությունը կլիներ հարվածի տակ։ Այս ամենն ակնհայտ քաղաքական պատվեր է, ինչը Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրականացնում են իշխանության տարբեր օղակներ։ Այդ պատվերի շրջանակներում մի կողմից՝ Սամվել Կարապետյանին աշխատում են հնարավորինս երկար պահել բանտում, մյուս կողմից՝ խլում են նրան պատկանող ընկերությունը։
Անկախ նրանից, թե՛ կառավարության ժամանակավոր կառավարիչ նշանակված անձը, և թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը ՀԷՑ-ում խախտումներ կհայտնաբերին կամ չէին հայտնաբերի, միևնույն է՝ սեփականատիրոջը սեփականազրկելու էին։
ՀԷՑ-ն «ազգայնացնելու» ու «ժողովրդին» վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ բացեիբաց հայտարարել է։ Ոչ թե ակնարկել է, այլ պնդել, որ ՀԷՑ-ը վերցնելու են սեփականատիրոջից։ Դա արել է այն ժամանակ, երբ ՀԷՑ-ում անգամ կառավարության ժամանակավոր կառավարիչ նշանակված չէր ու հայտնի չէր, թե նա ինչ «աշխարհացունց» բացահայտումներ է անելու։
Քաղաքական հաշվեհարդարի ճանապարհին, արհամարհեցին ու անտեսեցին անգամ միջազգային արբիտրաժի պարտադիր կատարման ենթակա վճիռը, որով պահանջ էր ներկայացվել ձեռնպահ մնալ ընկերությունում ժամանակավոր կառավարչի նշանակելուց ու հրաժարվել լիցենզիայից զրկելուց։ Չկատարեցին միջազգային արբիտրաժի վճիռը՝ հարվածի տակ դնելով պետության ու երկրի ներդրումային հեղինակությունը, եթե այդ հեղինակությունից ինչ-որ բան դեռ թողել էին։ Դա բերեց նրան, որ Հայաստանի նկատմամբ միջազգային արբիտրաժային դատարանում հերթական հայցը ներկայացվեց, ինչը պետության վրա կարող է նստել առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլար։
Այս ամենը զուտ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքական իշխանությունը որոշել են վրեժ լուծել Սամվել Կարապետյանից։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ ու հիմա տեղի է ունենում ՀԷՑ-ի շուրջ, ուղղակիորեն տեղավորվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքական հետապնդումների շրջանակներում։
Դրան անմիջականորեն մասնակցում է ոչ միայն օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունը, այլև անկախ համարվող՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Հանձնաժողովում տեղի ունեցող միքանիօրյա քննակումները ցույց տվեցին, որ Հանձնաժողովի նախագահի հրահանգով՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիայից զրկելու «սրբազան» գործին լծվել է նաև Հանձնաժողովի աշխատակազմը՝ բացահայտ իրականացնելով իշխանության քաղաքական պատվերը։ Այդ պատվերի շրջանակում էլ սեփականատիրոջը զրկեցին ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից, չնայած կարող էին հանգիստ այլ միջոցներ կիրառել։ Բայց ընտրեցին ամենախիստ պատիժը՝ զրկեցին լիցենզիայից, որովհետև այդպես էր ցանկանում քաղաքական իշխանությունը։
Լիցենզիայից զրկումը նշանակում է, որ «Տաշիր կապիտալ» ընկերությունն այլևս իրավունք չունի իրականացնել էլեկտրաէներգիայի բաշխման ֆունկցիա, չնայած ՀԷՑ-ի ամբողջ գույքը շարունակում է պատկանել Սամվել Կարապետյանին։
Առաջիկայում փորձելու են լուծել նաև այդ գույքը սեփականատիրոջից խլելու հարցը։
Ճիշտ է, սեփականատերը հանձնաժողովի լիցենզիայից զրկելու որոշումը կարող է բողոքարկել հայաստանյան դատական համակարգում, բայց կասկած չկա, որ այդ բողոքներն էլ որևէ արդյունքի չեն հանգեցնելու։ Ոչ թե այն պատճառով, որ լիցենզիայից զրկելու հիմքերն այդքան հիմնավոր են ու անբեկանելի, այլ, որովհետև դատական համակարգը գտնվում է քաղաքական իշխանության կրնկի տակ ու ցանկացած պահի ենթակա դատավորների միջոցով կարող են ստանալ ցանկալի որոշում։
Այնպես որ, կարող ենք ասել՝ քաղաքական հաշվեհարդարի ճանապարհով, ՔՊ-ական իշխանությունը, ՀԾԿՀ-ի հետ համատեղ, այս փուլում հասավ իր ուզածին։ Բայց, իհարկե, դրանով գործընթացները ոչ թե ավարտվեցին, այլ տեղափոխվեցին մեկ այլ հարթություն, ու այդ հարթության մեջ շատ բան դեռ անորոշ է։
Երկու ամսվա ընթացքում պիտի բանակցեն ՀԷՑ-ը վաճառելու շուրջ, որը գնելու առաջնային իրավունքը՝ էներգետիկայի մասին օրենքում կատարված վերջին փոփոխություններից հետո, պատկանում է կառավարությանը։
Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձություններն այդ փուլում, առայժմ վաղ է խոսել։
Բոլոր դեպքերում, ՔՊ-ական քաղաքական իշխանությունը ՀԷՑ-ն «ազգայնացնելու» կամ «ժողովրդին» վերադարձնելու նպատակ, ինչպես ժամանակին ժողովրդի աչքին թոզ փչելու համար հայտարարում էին, բոլորովին էլ չունի։ Նպատակը քաղաքական էր, որի շրջանակներում առաջիկայում Հայաստանում ականատես կլինենք սեփականության իրավունքի ամենախոշոր վերաբաշխմանը, որը երբևէ տեղի է ունեցել։ Սա շատ վատ ազդակ է դառնալու միջազգային խաղացողների ու ներդրողների համար։ Եթե միլիարդատիրոջ հետ կարող են նման կերպ քաղաքական հաշվեհարդար տեսնել ու խլել սեփականությունը, մյուսների՞ն ինչեր կարող են սպասվել։
ՀԷՑ-ի օրինակը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ ոչնչի առաջ կանգ առնել՝ սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու ճանապարհին։ Ոչինչ, թե դրա հետևանքներն ինչպիսին կլինեն պետության ու ժողովրդի համար։
Բացի այն, որ վտանգում են տնտեսության ապագան, նաև պետությունը դնում են ֆինանսական ծանր բեռի տակ։ ՀԷՑ-ի բռնագրավումը պետության վրա կնստի եթե ոչ ավել, ապա առնվազն կես միլիարդ դոլար։ Դեռ չհաշված այն հարակից ու այլ ծախսերը, որոնք առաջանալու են։
Պետության համար առնվազն այս փուլում լուրջ խնդիր է դառնալու ՀԷՑ-ում ներդրումների իրականացումը։ Ու քանի որ դրա համար պետական բյուջեում փող չկա՝ կրկին գնալու են պետական պարտքը ծանրաբեռնելու ճանապարհով։
Ի վերջո՝ սրանով ոչ այնքան Սամվել Կարապետյանին են վատություն անում, որքան պետությանը։ Սամվել Կարապետյանը, միևնույն է, ստանալու է այն գինը, որը վճարել է ՀԷՑ-ը ձեռք բերելու ու ֆինանսապես կայունացնելու համար։ Տուժելու է պետությունն ու քաղաքացին, որոնք ստիպված են լինելու վայելել քաղաքական իշխանության արկածախնդրության դառը պտուղները։
Այդ պտուղները լինելու են նաև սակագների բարձրացման տեսքով, որին ականատես կդառնանք սպասվող ընտրություններից հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test