«Այսօր կարող էի մի ընտանիք այցելել, տնօրհնեք անել, բայց այդ ընտանիքին չեմ այցելել, տնօրհնեք չեմ արել, ինչ է, թե պիտի գնամ քննչական մի անկապ գործով, որի հետ առնչություն չունեմ: Իրենց տված հարցերի, գործերի հետ ես ի՞նչ կապ ունեմ»- Aravot.am-ի հետ զրույցում ասաց այսօր Քննչական կոմիտեում Նաթան սրբազանի ձայնագրության գործով հարցաքննված Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը: Ըստ որի՝ Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր ծառայությունից ազատվելու մասին։ Այս դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել են հոգեւորականներ:
-Այսինքն, եթե Արագածոտնի թեմի քահանա եմ, իրենց ուշք ու միտքը, գերնպատակը Մկրտիչ սրբազանի վրա գործ կարելն է: Ամեն ինչով կաշառել են Ստեփանին, Թադեին, էն մեկին: Հայտարարություններ են գրում, տալիս այս վաճառվածների, Հուդաների ձեռքը, սրանք հայտարարությունն անում են, այդ հայտարարության հիման վրա գալիս են մեր տներ,մեր հեռախոսները ու համակարգիչները փորփրում են, որ մեր վրա գործ կարեն,- ասաց Տեր Վրթանեսը:
Նրա խոսքով՝ ՀՀ ում ոչ միայն որպես ազգային եկեղեցի իրենց Սահմանադրությամբ սահմանված իրավունքը չի պաշտպանվում, այլեւ այնպիսի լուրջ հալածանքների են ենթարկվում, որ կրոնական ոչ մի այլ կազմակերպություն չի ենթարկվում. «Նույնիսկ աղանդներին հավասար չենք, նույնիսկ ավելի վատ են վարվում մեզ, քան կվարվեն նրանց հետ, որովհետեւ նրանց հետեւում միջազգային կառույցներ կան կանգնած, նրանց իրավունքները կպաշտպանեն: Բայց քանի որ մերը ազգային եկեղեցի է , ժողովրդի մի մասն էլ հետխորհրդային երկրին բնորոշ ընկալումներով, էն 37 թվի տրամադրություններով են, իշխանություններն էլ ատելության ու թշնամանքի միջավայր են ստեղծում մեր դեմ՝ օգտագործելով իրենց էջերն ու ԱԺ ամբիոնը եւ մեզ համար դժվար պայմաններ են ստեղծում մեր ծառայությունն իրականացնելու առումով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test