Ընդդիմության պառակտվածության արդյունքում ՔՊ-ն շահեց տեղական ընտրությունը Վաղարշապատ համայնքում: Դրանում ընտրության կարևորությունը պայմանավորված էր հայոց եկեղեցու Մայր տաճարի տեղակայմամբ: Ընտրողը պետք է որոշում կայացներ՝ կողմ է եկեղեցուն, այն է՝ ընդդիմադիր որևէ մեկին, թե կաթողիկոսին պատերազմ հայտարարած վարչապետի թեկնածուին: Թե ընտրության արդյունքը որքանով կնպաստի հակաեկեղեցական արշավի հաջողությանը՝ կերևա հետագայում: Բայց այն, այնուամենայնիվ, թուլացնելու է եկեղեցու դիրքերը վարչապետի աթոռից կառչած անձի դեմ պայքարում: Այս տողերը գրելու պահին դեռևս չգիտեի, որ նույն երևույթի մասին խոսել է նաև այդ անձը: Ինչևէ, դա, իր հերթին, նվազեցնելու է ընդդիմության հնարավորություններն Ազգային Ժողովի ընտրություններում: Որովհետև պաշտպանելով կաթողիկոսին և եկեղեցուն՝ ընդդիմությունը, ցանկանա, թե ոչ, կրելու է գործընթացի բացասական հետևանքների ազդեցությունը: Որովհետև վերը նշված անձն ավելի ոգևորված օգտագործելու է «հակակտրիճական» խոսույթը խորհրդարանական ընտրության քարոզարշավում:
Եվ, տրամաբանորեն, պետք է մեջտեղ բերվեր ընտրության քաղաքականացումը: Ասվածը չի նշանակում, թե այլ բան անհրաժեշտ չէ անել, սակայն ընտրական գործոնների թվում դա այսօր դարձել է առաջնային: Դա միայն իմ գաղափարը կամ ըհայտնագործությունը չէ. Ֆեյսբուքում ևս նկատեցի բազմաթիվ գրառումներ, որ անհրաժեշտ է տեղական ընտրությունները հնարավորինս քաղաքականացնել: Այնինչ, տարիներ առաջ նույն հարթակում գրում էի, որ տեղական ընտրությունները պետք է լինեն ընդամենը մենեջերական բնույթի՝ հաշվի առնելով, որ ընտրվում է ոչ թե, ասենք, խորհրդարանի պատգամավոր, այլ ընդամենը բնակավայրի կառավարիչ: Այն էլ՝ ասֆալտ փռող ու խորհրդային ժէկի պետ մեկ անձի մեջ: Սակայն Նիկոլի օրոք ամեն մի ընտրություն քաղաքական ակտ է, քանի որ նա ինքն է այն դարձրել այդպիսին՝ հատկապես Վաղարշապատի դեպքում: Այնպես չէ, որ նախկիններն այդպես չեն մտածել, սակայն նրանց ժամանակ դա թողնված էր ժողովրդի կամքին: Այսինքն, ավելի ազատ տարբերակ էր, ու այն ավելի շատ կառավարչական, քան քաղաքական գործընթաց էր:
ՔՊ-ի հաջողության հիմքերից մեկն էլ Վաղարշապատ համանքին Խոյ համայնքը միացնելն էր, որի գյուղերում ընտրողների մասնակցությունը հասել և անցել է 60 տոկոսից, իսկ բուն Էջմիածնում այն հիմնականում 40-45 տոկոս էր: Ի դեպ, Խոյ համայնք կոչվածն արհեստական միավորում էր՝ կատարված 2021-ի տեղական ընտրություններից հետո: Նիկոլը երևի հաշվի էր արել անցկացված ընտրության դասերը: Խոյ համայնքի գյուղերը Վաղարշապատ համայնքի մեջ մտցնելու երևույթը, որքան տեղյակ եմ, ունի ամերիկյան ծագում. այնտեղ ընտրատարածքների սահմաններ փոփոխելը կատարվել է դեմոկատների կամ հանրապետականների կողմից՝ հանուն կուսակցական շահերի: Մեզանում նախկինների օրոք դրանք հազվադեպ էին փոփոխվում: Կարծում եմ, որ ՔՊ-ի հաղթանակի առումով Էջմիածնում դեր է կատարել նաև նախկիններից գեներալ Մանվելի բացասական կերպարը, որը հաստատ օգտագործվել է քարոզարշավի ժամանակ: ՔՊ-ական քարոզարշավին բացարձակ չեմ հետևել, բայց կարծում եմ, որ առանց դրա գործը չէր կարող գլուխ գար:
Իհարկե, առկա է նաև ընտրողների գիտակցական մակարդակի խնդիրը, բայց մեզանում դա դարձել է հավի ու ձվի առաջնայնության խնդիր: Ժողովուրդը մեղավոր է, որ այսքան արհավիրքներից հետո ընտրում է որևէ նիկոլականի, մեղավոր են քաղաքական ուժերը, ովքեր լավ չեն աշխատում նույն այդ ժողովրդի հետ: Ի դեպ, վերջերս կարդացի, որ սկզբում ձուն էր, քանի որ ծու ածող թռչունի մոտ ինչ-որ մուտացիա էր կատարվել, ու դրա արդյունքում նրա ածած ձվի առումով շեղում էր կատարվել: Ինչը հետո դարձել էր օրինաչափություն՝ առաջ բերելով հավերին: Թե որն է մեր դեպքում հավը և որը՝ ձուն, թողնում եմ «Հրապարակ»-ի ընթերցողի երևակայությանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test