ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորումը գլխավոր գործոնն է եղել ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Եթե Խոյ համայնքը հանում ենք, բուն Էջմիածին քաղաքի ընտրական ցուցանիշներով ՔՊ-ն միանձնյա իշխանություն հաստատ չէր ձևավորում, մոտավորապես Գյումրու պատկերն էինք ստանում` նույնիսկ ՔՊ-ի համար շատ ավելի վատ պատկերով»,- ասաց Սուրենյանցը։
Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ քաղաքական բանավեճի սեղանին 2 վարկած էր քննարկվում՝ Երևանի՞, թե՞ Գյումրու տարբերակը կլինի (Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում նույնիսկ տարաձայնություններ ունեցող ընդդիմադիր ուժերը միավորվեցին և թույլ չտվեցին, որ ՔՊ թեկնածուն համայնքապետ ընտրվի խմբ․), բայց անգամ Երևանի տարբերակը չեղավ (2023թ․ ավագանու անդամ ընտրված ընդդիմադիր ուժերն ունեին հնարավորություն՝ միավորվելու և թույլ չտալու, որ քաղաքը ղեկավարի ՔՊ թեկնածուն, սակայն ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց– խմբ․)։ Այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը», նույնիսկ չստանալով քվեների 50+1 տոկոսը, ձևավորում է միանձնյա իշխանություն (19 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 12 մանդատ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը և 2 մանդատ՝ «Մայր Հայաստան» կուսակցությունը– խմբ․):
Սուրենյանցի կարծիքով՝ առնվազն 3 քաղաքական ուժ կարող էին հաղթահարել 4 տոկոսի շեմը, նրանց շատ քիչ ձայներ չբավարարեցին դա անելու համար։ Պատճառները, ըստ քաղաքական վերլուծաբանի, տարբեր են․ ընտրարշավի ընթացքում միգուցե ոչ այնքան արդյունավետ են գործել, մարտավարության սխալ են թույլ տվել։
«Ընտրություններն օրինաչափ և պատահական մի շարք գործոնների հանրագումար են։ Եվ շատ դժվար է կանխատեսել, օրինակ, թե ինչու «Հայրենիք» կուսակցությունը չկարողացավ 4%-ի շեմը հաղթահարել, որովհետև բավականին բարձր ակորդով էր մտել ընտրարշավի մեջ։ Նույն կերպ անակնկալ էր, ասենք, «Ազատ դեմոկրատների» թեկնածուների հաջողությունը. ոչ ոք չէր սպասում, ըստ էության, որ նրանք կարող են այդքան ձայն հավաքել («Ազատ դեմոկրատներ»՝ 1177 քվե, «Հայրենիք»՝ 1193 քվե)։ Ես կանխատեսում էի, որ, օրինակ, այսպես կոչված արևմտամետ թևը՝ «Հանրապետություն» կուսակցության դեմքով, չի հաղթահարի 4 %-ը, և այդպես էլ եղավ (1241 քվե –խմբ․)։ Իրենց պարագայում էլ պատճառն այն էր, որ ՔՊ-ն ձգտում էր մոնոլիտ իշխանության և այնպիսի հռետորաբանություն էր գեներացնում, որ ուղղակի արևմտամետների էլեկտորալ բազան կլանեց»,- ասաց Սուրենյանցը։
Քաղաքական վերլուծաբանը վստահ է, որ այս օրինաչափությունը գործելու է նաև համապետական ընտրություններում։ Ըստ նրա՝ հայաստանյան «պսևդոարևմտամետների» շեշտադրումները կամ մարտավարությունը կառուցվում են հակառուսականության հիմքով։ Նրանք միայն այդկերպ են կարողանում քվեներ ստանալ, և այս պարագայում դրա դրոշակակիրը դարձավ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Ի՞նչ են նշանակում Վաղարշապատի ընտրությունների արդյունքները 2026թ․ խորհրդարանական ընտրությունների համատեքստում (Փաշինյանն այսօր գրառում էր արել, թե սա 2026թ․ համապետական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի նախերգանքն է– խմբ․)։ Սուրենյանցը կարծում է՝ իշխանությունը 3 գործոն շահագործելու է և մեդիատեռորի է ենթարկելու։
«Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հիմա ասելու են, որ սա համապետական ընտրությունների մինի-մոդել է, որ տեսեք՝ ՔՊ-ն վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, նույնը տեղի է ունենալու համապետական ընտրություններում։ Սա շատ պրիմիտիվ թեզ է։ Այո, ցանկացած ընտրություն, այդ թվում՝ տեղական, կարևոր է, չկա ընտրություն, որը քաղաքական հետևանք կամ նշանակություն չունենա։ Մյուս կողմից չի կարելի անջատ վերցրած մի տեղական ընտրության արդյունքով հեռու գնացող ենթադրություններ անել»,- ասաց Սուրենյանցը։
Հիշեցրեց՝ հենց այս թեզը շատ ակտիվ ՔՊ-ականները առաջ էին տանում, երբ Գյումրու ընտրություններից հետո ընդդիմությունն էր ոգևորված։ Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ տեղական ընտրությունները, ինչքան էլ կարևոր լինեն, ունեն տեղական առանձնահատկություն, ու չի կարելի որպես մի մոդել վերցնել և համապետական ընտրությունների համար հետևություններ անել։ Միաժամանակ վստահ է, որ ՔՊ-ն փորձելու է Վաղարշապատի մոդելն օգտագործել և հասարակությանը հիասթափեցնել՝ ցույց տալով, որ ընտրությունների ճանապարհով փոփոխություններ հնարավոր չէ։ Այսպես ՔՊ-ն փորձելու է հասարակությանն ավելի հեռու պահել ընտրությունների ինստիտուտից, որտեղ ինչքան քիչ ժողովուրդ մասնակցի, այնքան վարչական ռեսուրսի գործոնն ավելի կարևոր է դառնում։ Նրա համոզմամբ՝ այստեղ ընդդիմությունը գործ ունի անելու. պետք է Վաղարշապատը որպես օրինակ ներկայացնի՝ կարող էր հաջողություն գրանցվել, եթե ավելի արդյունավետ ընդդիմադիր հարթակներ ձևավորվեին։
3-րդ գործոնը, որը գործող իշխանությունը մեդիատեռորի է ենթարկելու և փորձի «վաճառել» ժողովրդին, այն է, թե «հակաեկեղեցական քաղաքականությունը հասարակական աջակցություն ունի»։
«Այս թեզն էլ է շատ պրիմիտիվ, որովհետև թեև Մայր աթոռը Վաղարշապատ համայնքում է, բայց մի տեղական ընտրության օրինակով կամ պատկերով չի կարելի նման բարդ խնդրի շուրջ հետևություններ կամ կարծիք ձևավորել, որովհետև Մայր աթոռի, եկեղեցու նշանակությունը շատ ավելի տարողունակ է, դուրս է 1 համայնքի հանրային տրամադրություններից։ Բացի այդ, այս ընտրություններում առհասարակ եկեղեցու թեման չի քննարկվել, նույնիսկ իրենց թեկնածուն վախենում էր այս թեմայի մեջ մտնել (նախօրեին էլ լրագրողների հետ զրույցում ՔՊ թեկնածու
Արգիշտի Մեխակյանը խուսափեց խոսել թեմայի մասին– խմբ․)»,- ասաց Սուրենյանցը։
Ի՞նչ հետևություններ պետք է անի ընդդիմությունը 2026թ․ համապետական ընտրություններին ընդառաջ․ Սուրենյանցը բացառում է, որ ընդդիմությունը կմիանա և, օրինակ, մեկ միասնական ցուցակով հանդես կգա։ Ասում է՝ աշխարհում էլ որևէ տեղ նման բան չես տեսնի, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինում։ Սակայն միանշանակ է, որ գալիք տարվա ընտրություններում ընդդիմությունն ավելի արդյունավետ պետք է գործի, ընդդիմադիր խոսույթը պետք է քաղաքական բովանդակություն ունենա և չկառուցվի միայն գործող իշխանությանն անխնա քննադատելու վրա, այլ սեփական, համոզիչ ծրագրերը մատուցի։
Կարծում է՝ հուսահատվելու կարիք չկա, պետք է կարճ ժամանակն օգտագործել՝ թերությունները շտկելու համար։ Վստահ է՝ եթե ընդդիմությունն ավելի կրեատիվ ձևաչափեր և լուծումներ գտնի մինչև 2026 թվականի հունիսյան ընտրությունները, իշխանության համար պատկերը շատ ավելի տխուր կլինի։
Հիշեցնենք` Վաղարշապատի ընտրություններից հետո
պատկերն այսպիսին է.
Վաղարշապատի ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը` 12 մանդատ, «Մայր Հայաստանը»` 2 մանդատ։