freenews.am
«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկանք է հրապարակել Վաղարշապատ համայնքի ՏԻՄ արտահերթ ընտրության՝ 2025 թ․ նոյեմբերի 16-ին կայացած քվեարկության վերաբերյալ: Տեղեկանքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Ականատես» դիտորդական առաքելությունը հետևել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների քվեարկության գործընթացին՝ առավոտյան 08։00-ից մինչև քվեարկության արդյունքների հաշվարկի ավարտը։
Առաքելության 10 դիտորդներն ընդգրկված են եղել շրջիկ խմբերում և այցելել են Վաղարշապատ համայնքի բոլոր 47 ընտրատեղամասերը։
Դիտարկվել են նաև թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) աշխատանքները՝ ժամը 19։00-ից սկսած։
Դիտորդները հետևել են նաև կուսակցությունների և դաշինքների շտաբների ու գրասենյակների, տեղամասերին հարող տարածքների ընդհանուր միջավայրին և իրադարձություններին։
Ընդհանուր առմամբ, քվեարկությունն անցել է խաղաղ մթնոլորտում՝ առանց համակարգային խնդիրների կամ լուրջ միջադեպերի։ Դիտորդները տարբեր ընտրատեղամասերում արձանագրել են հետևյալ խնդիրները՝
Քվեարկության ընթացք (08։00-20։00)
1. Դիտորդի աշխատանքի խոչընդոտում
14/01 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել դիտորդի ազատ տեղաշարժին՝ հրահանգելով նրան գտնվել միայն տեսախցիկի նկարահանման դաշտում։
2. Ընտրողների քվեարկության իրավունքի խոչընդոտում
14/20 ընտրատեղամասում ընտրողը քվեարթերթիկը չիմացությամբ դրել է ոչ թե ծրարի մեջ, այլ դրա տակ, որից հետո հանձնաժողովի անդամը փակցրել է ինքնասոսնձվող դրոշմանիշը ծրարի տակ գտնվող քվեաթերթիկի վրա։ Հանձնաժողովը խնդիրը քննարկելուց հետո մարել է քվաթերթիկը ծրարով հանդերձ, և դրանք գցել քվեատուփի մեջ (ինչը ևս ընթացակարգային սխալ է)՝ առանց ընտրողին կրկին քվեարկելու հնարավորություն տալու։
14/46 ընտրատեղամասում ժամը 11:00-ին տեղի է ունեցել բաց քվեարկության դեպք․ մասնավորապես՝ անձը մինչև քվեախցիկ մտնելը քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ։ Միջադեպին ականատես է եղել միայն «Մայր Հայաստան» կուսակցության վստահված անձը, և այդ կապակցությամբ վեճ է ծագել ընտրողի և վստահված անձի միջև։ Ընտրողը պատճառաբանել է, որ քվեաթերթիկը ծրարի մեջ է դրել մինչև քվեախցիկ մոտենալը, քանի որ քվեախցիկում դեռ ընտրող է եղել և ցանկացել է շուտ կատարել քվեարկությունը։ Հանձնաժողովի նախագահը ԿԸՀ ցուցումով վերցրել է անձի ծրարը և թույլ չի տվել նրան կրկին քվեարկելու։ Ընտրողը հեռացել է տեղամասից՝ քվեարկությունն ավարտին հասցնելու հնարավորություն չունենալով։
3. Քվեարկության բացահայտում
14/20 ընտրատեղամասում մինչև քվեարկություն կատարելը ընտրողը բարձրաձայնել է, թե ում օգտին է պատրաստվում քվեարկել։
4. Ուղղորդման ռիսկեր
14/20 տեղամասում «Հայրենիք» կուսակցության վստահված անձը, որը տվյալ դպրոցի նախկին տնօրենն էր, հաճախ շփվել ու զրուցել է ընտրատեղամաս մտնող և հեռացող ընտրողների հետ։
14/25 տեղամասում «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության վստահված անձը ակտիվորեն շփվել է ներս մտնող և հեռացող ընտրողների հետ, ուղեկցել նրանց դեպի քվեարկության սենյակ կամ դրանից դուրս, պարբերաբար երկար զրուցել նրանց հետ տեղամասի մուտքի մոտ։
5. Կողմնակի անձանց ներկայություն
14/01 տեղամասում ներկա են գտնվել կողմնակի անձինք, որոնք դիտորդի նկատառումից հետո հեռացվել են տեղամասից։
6. Մարդկանց և մեքենաների կուտակումներ
Մարդկանց և մեքենաների կուտակումներ են արձանագրվել տեղամասերի մուտքի մոտ կամ 50 մետր շառավղով տարածքում՝ 14/01, 14/08, 14/45, 14/46, 14/47 տեղամասերում:
Մարդկանց կուտակումներ են արձանագրվել 14/08 և 14/46 տեղամասերի ներսում:
7. Քվեատուփերի հետ կապված խնդիրներ
14/05 ընտրատեղամասում քվեատուփի հատուկ պլաստիկե կապիչներից մեկը վնասված է եղել։
14/02 և 14/29 ընտրատեղամասերում այդ փակիչներն ընդհանրապես բացակայել են և քվեատուփը փակված է եղել միայն ինքնակպչուն թղթյա կնիքներով։
8. Ընտրատեղամասերի մատչելիության և կահավորման խնդիրներ
Մատչելիության խնդիրներ են արձանագրվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/01, 14/02, 14/04, 14/05, 14/06, 14/08, 14/11, 14/14, 14/18, 14/19, 14/20, 14/22, 14/24, 14/26, 14/28, 14/29, 14/30, 14/32, 14/42, 14/47։
Կահավորման խնդիրներ են հայտնաբերվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/01, 14/05, 14/11, 14/20, 14/31, 14/35, 14/45, 14/46, 14/47:
9. Հանձնաժողովի անդամների անաչառություն
14/17 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի նախագահը խոսել է նույն կուսակցության վստահված անձի տրամադրած հեռախոսով՝ անհայտ անձի հետ։ Նախագահը հրաժարվել է դիտորդին տեղեկացնել, թե ինչի մասին է զրուցել հեռախոսով։ Երևույթը խնդրահարույց է, մասնավորապես, հանձնաժողովի նախագահի անաչառության սկզբունքի պահպանման տեսանկյունից։
10. Այլ խնդիրներ
14/10 ընտրատեղամասի ընտրական ցուցակում ընտրողի անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն։
14/8 և 14/13 տեղամասերում հոսանքազրկման հետևանքով որոշ ժամանակով դադարեցվել է քվեարկության ընթացքը մինչև լուսավորության վերականգնումը։ Կարևոր է նշել, որ նկարագրված խնդիրների մեծամասնության դեպքում հանձնաժողովի անդամները համագործակցել են դիտորդների հետ և փորձել շտկել խնդիրները։ Նշված խնդիրների մասին դիտորդների կողմից գրառումներ են կատարվել ընտրատեղամասերի գրանցամատյաններում։
Արդյունքների ամփոփում (20։00-ից սկսած)
14/28 և 14/46 ընտրատեղամասերում ոստիկանության ծառայողները ընտրական հանձնաժողովից պահանջել են ներկայացնել քվեարկության արդյունքները և դրանք զեկուցել անհայտ անձանց։ Ոստիկանները նաև պահանջել և ստացել են քվեարկության արդյունքներն ամփոփող արձանագրության քաղվածքը, ինչը ևս օրենքով չի նախատեսվում։
14/46 ընտրատեղամասում «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները պարբերաբար միջամտել են հանձնաժողովի աշխատանքներին, նաև հայտարարություններ արել մասնակից ուժեից մեկի դեմ՝ խախտելով դիտորդական չեզոքությունն ու չմիջամտելու պարտավորությունը։
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում արձանագրվել է երեք դեպք (14/4, 14/14, 14/19 տեղամասեր), երբ ԸԸՀ ներկայացված ընտրական պարկը ստորագրված/կնքված չի եղել տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test