«Վերջին մի քանի տարիների մեր զեկույցներում Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ժողովրդավարության վիճակը վատթարանում է». V-Dem ինստիտուտի տնօրեն
V-Dem զեկույցում ամրագրված է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դիմեց բռնատիրական մարտավարության, ինչպիսիք են խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքացիական հասարակության դեմ պայքարը, լրատվամիջոցների վրա հարձակումները, եւ հետախուզական ծառայությունների միջամտությունները դարձան սովորական երեւույթ»։
V-Dem ինստիտուտի 2025 թվականի Ժողովրդավարության զեկույցի համաձայն՝ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշներն անկում են ապրում։ Հայաստանն ըստ զեկույցի՝ «ընտրական ժողովրդավարությունների» (Electoral Democracy) ցուցակում է, սակայն 2024-ի դրությամբ` որոշ դրվագներով անկում է նկատվում դեպի բռնատիրական համակարգ։
ՀՀ-ի մասով զեկույցում մասնավորապես ամրագրված է. «Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարական, բայց երկրի ներկայիս հետագծերը ենթադրում են, որ ժողովրդավարությունը կարող է վտանգված լինել։ Հայաստանում դեռեւս ժողովրդավարությունը գոյատեւում է։ 2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը «դանդաղ ժողովրդավարություն» դասակարգումից տեղափոխվեց «ընտրական ժողովրդավարություն»։ Հեղափոխության շնորհիվ ՀՀ-ն Ժողովրդավարության նախորդ զեկույցներում ներկայացվել է՝ որպես 10 լավագույն ժողովրդավարացող երկրներից մեկը։ Բռնատիրականացման դրվագը ըստ V-Dem-ի 2024 թվականի զեկույցի՝ սկսվեց 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմով։ Զեկույցում ամրագրված է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դիմեց բռնատիրական մարտավարության, ինչպիսիք են խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքացիական հասարակության դեմ պայքարը, լրատվամիջոցների վրա հարձակումները, եւ հետախուզական ծառայությունների միջամտությունները դարձան սովորական երեւույթ»։
V-Dem ինստիտուտը (Varieties of Democracy Institute) հիմնադրվել է 2014 թվականին Ստաֆան Լինդբերգի կողմից։ Այն անկախ հետազոտական ինստիտուտ է, որի նպատակն է չափել ժողովրդավարությունը։ V-Dem-ը սահմանում է ժողովրդավարությունը՝ օգտագործելով յոթ հիմնական սկզբունք (ընտրական, լիբերալ, մասնակցային, խորհրդակցական, հավասար, մեծամասնական եւ կոնսենսուսային):
Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025-ի ընթացքում Ստաֆան Լինդբերգը հիմնական բանախոսներից էր։ «Առավոտը» նրա հետ զրույցում հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այսպես կոչված եվրոպական «փափուկ ուժով» հաղթել բռնատիրական ռեժիմներին, նա պատասխանեց. «Ես հույս ունեմ։ Ցավոք, մեր ունեցած տվյալները դեռ լավատեսություն չեն ներշնչում։ Ըստ դրանց՝ ժողովրդավարական դիմադրությունը դեռ ազդեցություն չի գործում։ Միայն մի քանի երկրներում է, որ իրավիճակը դրական զարգացում ունի. օրինակ՝ Բրազիլիան, որտեղ իշխանությունից հեռացրին բռնապետ առաջնորդին, նա կարծես այժմ ազատազրկված է։ Սակայն ընդհանուր առմամբ՝ նաեւ Եվրոպայում եւ Հարավային Կովկասում իրավիճակը դրական միտումներ չունի։ Ընդհակառակը, բռնատիրական ալիքն ավելի է խստանում. տեսեք՝ Սլովակիան, Չեխիան, անգամ Լեհաստանը։ Դրական միտումներ չենք տեսնում»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործողություններ են պետք քաղաքական մակարդակում, որպեսզի ժողովրդավարությունները հաղթեն բռնատիրական ռեժիմներին, մեր զրուցակիցը հորդորեց հետադարձ հայացք նետել անցյալ 25 տարիներին, երբ աշխարհը ենթարկվում է բռնատիրության ալիքի. «Այստեղ մի շարք խաղացողներ կան, որոնց թվում Ռուսաստանն է։ Վլադիմիր Պուտինը, գալով իշխանության, միանգամից վնասեց ժողովրդավարությունն ամբողջ Եվրոպայում։ Կարելի է ասել՝ 1990-ականներին Ռուսաստանը ժողովրդավարությանը վնասող հիմնական ուժն էր։ Մյուս հիմնական խաղացողը Չինաստանն է, որը 1900-ականների կեսերից ամեն ինչ անում է հասնելու համաշխարհային գերիշխանության ոչ միայն տնտեսական առումով, այլեւ ռազմական։ Երրորդ խաղացողն ընդդեմ ժողովրդավարության Սաուդիան Արաբիան է, որը շատ երկար ժամանակ՝ 1980-ականներից տարածում է իսլամի՝ իր տարբերակը՝ սալաֆիզմը։ Կան իսլամի մեկնաբանություններ, որոնք համահունչ են մարդու իրավունքների հետ, բայց սալաֆիզմը դրանցից չէ։ Խնդիրներ ունենք նաեւ Եվրոպայում, Հարավային Կովկասում, Իդոնեզիայում, որտեղ երկրի մեկ երրորդը կառավարվում է ջիհադիստների կողմից՝ սալաֆիստական խմբավորումների կողմից»։
Ստաֆան Լինդբերգը մտահոգություն հայտնեց՝ ամբողջ աշխարհում ազգայնական կուսակցությունների լիդերներն են գլխավորում հակաժողովրդավարական ալիքը. «Նրանք ազգայնական են տարբեր ձեւով. կարող են լինել մուսուլման-ազգայնականներ, քրիստոնյա-ազգայնականներ։ Հնդկաստանում կան հինդու ազգայնականներ, այսպես կոչված՝ այլասերված քրիստոնյա ազգայնականներ Թրամփի վարչակազմում։ Նրանք բոլորը նույն բրենդի տարբեր ճյուղերն են»։
Ստաֆան Լինդբերգի համոզմամբ՝ բռնապետներին օգնում է չակերտավոր խոսքի ազատության օգտագործումը, որը չի կարգավորվում, տարածվում է սոցիալական մեդիայում եւ համացանցում՝ ապատեղեկատվություն, ֆեյք նյուզ, դավադրության տեսություններ, մարդկանց մտքերի խեղաթյուրում, մանիպուլյացիա, որով ստիպում են աջակցել բռնատիրական ուժերին։
Հղում կատարելով V-Dem ինստիտուտի ուսումնասիրություններին՝ մեր զրուցակիցն ասաց՝ Հարավային Կովկասը ժողովրդավարության ճակատում կորուստներ է կրում։ Տարածաշրջանում որեւէ երկիր չի որակվում՝ որպես ժողովրդավարական։ Անդրադառնալով ՀՀ-ի վերաբերյալ ցուցիչներին՝ Ստաֆան Լինդբերգն ասաց. «Վերջին մի քանի տարիների մեր զեկույցներում Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ վիճակը վատթարանում է։ Սա նկատվում է 2019-ից հետո։ Թեեւ Հայաստանը ընտրական ժողովրդավարություն electoral democracy ցանկում է, բայց այստեղ ժողովրդավարության ցուցանիշներն անկում են ապրում։ Այսինքն՝ նվազագույն ժողովրդավարական երկիր է»։
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 15.11.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test