Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իրանի քրդերի եւ ադրբեջանցիների առաջին բախումը ջրի համար mediamax.am mediamax.am

time
Իրանի քրդերի եւ ադրբեջանցիների առաջին բախումը ջրի համար

Ներկայացնում ենք Caucasus Watcհ պարբերականում հրապարակված Kurds, Azerbaijanis, and Iran’s First Water Conflict հոդվածի հայերեն թարգմանությունը (կրճատումներով):Երբ քուրդ եւ ադրբեջանցի երկրպագուները 2025 թվականի հոկտեմբերի 13-ին բախվեցին Ուրմիայում, խնդիրը միայն ֆուտբոլը չէր։ Դա ինքնության, աշխարհագրության եւ իշխանության երկարատեւ մրցակցության վերջին բռնկումն էր։ «Գորշ գայլերի» նշաններ, քրդական դրոշներ, ջարդերի կոչ անող վանկարկումներ ու դիմադրության կարգախոսներ՝ խաղադաշտը վերածվել էր մարտադաշտի։ Խորքում, սակայն, ավելի կառուցվածքային խնդիր էր թաքնված. պայքար ջրի համար։Իրանի խորացող ներքին պառակտմանը զուգընթաց անկայունանում է Արեւմտյան Ադրբեջանի եւ Արեւելյան Քրդստանի խորհրդանշական աշխարհագրությունը։ Այն, ինչ թվում է էթնիկական բախում, գնալով վերածվում է ռեսուրսների, մասնավորապես՝ ջրի հասանելիության համար պայքարի։ Չորացող Ուրմիա լիճը ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական ճգնաժամի վկայություն է։ Caucasus Watch-ը զրուցել է Շվեդիայի Լինկյոպինգի համալսարանի ծագումով քուրդ քաղաքագետ պրոֆեսոր Խալիդ Խայաթիի հետ։ Մեծանալով քրդերի եւ ադրբեջանցիների միջեւ էթնիկական բաժանարար գծերի մոտ գտնվող մի գյուղում՝ Խայաթին քաղաքական ապաստան է խնդրել Շվեդիայում եւ այժմ ուսումնասիրում է քաղաքական տեսությունը, Մերձավոր Արեւելքի միջազգային հարաբերությունները եւ քրդական ինքնության խորհրդանշական աշխարհագրությունը։- Սկսենք Ուրմիա լճից։ Ի՞նչ է նշանակում դրա չորանալը այս համատեքստում։- Երբ մարդիկ ցույցեր էին անում լճի չորացման դեմ, իրենց ջրային ռեսուրսների վատ կառավարման դեմ, միջամտեց Բասիջը (աշխարհազորը)։ Բայց երբ քրդերի եւ ադրբեջանցիների միջեւ բախում եղավ, բասիջները մի կողմ կանգնած նայում էին։ Այդ հակադրությունը խոսուն է։

Երբ խնդիրը ջուրն է, եւ մարդիկ միավորված են բողոքում են, վարչակարգը միջամտում է։ Բայց երբ հակամարտությունը միջէթնիկական է, նրանք թույլ են տալիս, որ այն տեղի ունենա։ Դա է վտանգը։ Խնդիրը միայն ջրի սակավությունը չէ, այլ այն, թե ինչպես է պետությունը կառավարում պառակտումը։- Ուրեմն սա միայն շրջակա միջավայրի վատ կառավարում չէ։ Սա քաղաքակա՞ն հարց է։- Այո՛։ Առաջին խնդիրը վատ կառավարումն է։ Բայց ջրի յուրացումը երկրորդ խնդիրն է։ Ո՞ւմ է այն պատկանում։ Ո՞վ է այն վերահսկում։ Ո՞ւմ է այն հասանելի։ Ադրբեջանաբնակ շրջանները ջրամատակարարելու համար մոտ 20 ամբարտակ է կառուցվել։ Կլիմայի փոփոխությունը վատթարացրել է իրավիճակը։ Մեկ շրջան չորացնում են՝ մյուսը պահպանելու համար։- Դուք խոսում ենք էթնիկական բախումների մասին. ինչպե՞ս է դա դրսեւորվում։- Դա երեւում է Նովրուզի ժամանակ. քրդերը բացահայտ տոնում են, եւ հանկարծ բռնություն է լինում։ Բայց երբ ադրբեջանական խմբերը հանրահավաքներ են անցկացնում կամ ծածանում թուրքական դրոշներ, ոչ ոք նրանց չի դիպչում։ Նույնը մարզադաշտում։ Քուրդ երեխաները դրոշներ են նկարում այտերին, կարգախոսներ են վանկարկում քրդական թիմի եւ Քրդստանի համար։ Մյուս կողմից՝ «Գորշ գայլեր»-ի նշաններն են, ադրբեջանական թիմին գովերգող վանկարկումներ եւ զանգվածային սպանություն կատարած մարդու ողջունում։ - Արդյո՞ք քրդերն ու ադրբեջանցիները երբեւէ համագործակցել են։- Այո՛։ Վերադառնանք 1946 թվական, երբ կազմավորվեցին երկու հանրապետություններ՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Քրդստանի Հանրապետությունը Մահաբադում։ Կենտրոնական կառավարություն չկար, ուստի այս խմբերը ստեղծեցին իրենց վարչակազմերը։ Նրանք համարում էին, որ կիսում են նույն ճակատագիրը։ Մահաբադից ուսանողներ էին ուղարկում Ադրբեջան վերապատրաստվելու, առաջնորդները այցելում էին միմյանց. հարաբերությունները սերտ էին։ Նույնիսկ Իսլամական հեղափոխությունից հետո քուրդ եւ ադրբեջանցի «ձախերը» պահպանում էին համագործակցության հռետորաբանությունը, որն արձագանք գտավ հասարակության լայն շերտերում: Ադրբեջանական համայնքի որոշ հատվածներ մասնակցում էին քրդական դիմադրության պայքարին: Սակայն վարչակարգը քրդերին հիմնականում համարում էր անվտանգության խնդիր, իսկ էթնիկ բաժանումը արժեքավոր գործիք էր Քրդստանի հետագա ապառազմականացումը եւ բռնաճնշումը օրինականացնելու համար: Այս ռազմավարության մի մասն էր վարչակարգի կրոնական, քաղաքական, ռազմական եւ անվտանգության հաստատություններում ադրբեջանցիների հավաքագրումը: Արդյունքը առաջին ավերիչ միջէթնիկական հակամարտությունն էր էթնիկապես խառը Նաղադեհ քաղաքում, որին հաջորդեցին մի շարք կոտորածներ բազմաթիվ քրդական գյուղերում:- Ե՞րբ տեղի ունեցավ այդ փոփոխությունը։- Իսլամական Հանրապետության հաստատումից անմիջապես հետո։ Նոր վարչակարգի հաստատման հանրաքվեի ժամանակ քրդական քաղաքական կազմակերպությունները դեմ էին դրան։ Սկզբում ադրբեջանական խմբերը նույնպես դիմադրեցին, բայց արագ փոխեցին իրենց դիրքորոշումը։ Քրդերը դարձան ընդդիմություն, ադրբեջանցիներն ընտրեցին ինտեգրացիան, եւ այդ պառակտումը հող նախապատրաստեց հետագա լարվածության համար։ - Դա անհավասարակշռությո՞ւն ստեղծեց։- Այո՛, բայց խոսքը միայն կարգավիճակի մասին չէ։ Խոսքը ենթակառուցվածքների մասին է։ Ադրբեջանական շրջաններում սկսեց զարգանալ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, իսկ Քրդստանում՝ ոչ։ Այժմ 20-ից ավելի ամբարտակներ կան, որոնք ջուրը քրդական տարածքներից ուղղորդում են դեպի ադրբեջանական նախագծեր։ Արդյունաբերությունը գետի մյուս կողմում է։ Մեր կողմը դատարկ էր։- Ինչպե՞ս է պետությունն արձագանքում խռովությանը այս համատեքստում։- Ընտրողաբար։ Երբ բախվում են քրդերն ու ադրբեջանցիները, բասիջները հաճախ կողքի են կանգնում ու թույլ տալիս, որ դա տեղի ունենա։ Բայց երբ մարդիկ բողոքում են ջրի վատ կառավարման դեմ, անմիջապես միջամտում են։ Քաղաքացիական հասարակությունն ավելի ուժեղ է ադրբեջանական շրջաններում, բայց այն ճնշվում է ներսից՝ իրենց իսկ ազգայնական ուժերի կողմից։- Ադրբեջանական համայնքի ներսում կա՞ն ձայներ, որոնք դրան մարտահրավեր են նետում։- Անկասկած։ Ֆուտբոլի հետ կապված բողոքի ակցիաներից հետո հանդես եկան երկու երիտասարդ ադրբեջանցի ակտիվիստներ։ Նրանք ասացին՝ «Լսե՛ք, ամենուրեք ադրբեջանական ու թուրքական դրոշները եք ծածանում, եւ ձեզ ոչ ոք չի դիպչում։ Բայց երբ քուրդ երեխաները դրոշ են նկարում իրենց այտերին, դա դառնում է սկանդալ»։ Այս երկուսին արագ ձերբակալեցին։- Ինչպե՞ս եք տեսնում այս հակամարտության զարգացումը։- Այն սրվում է, բայց ոչ ուղղակի ձեւով։ Քրդական քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները տեսնում են վտանգը, բայց հակված են թերագնահատել այն։ Նրանք ուշադրություն չեն հրավիրում իրենց վրա, քանի որ հասկանում են, թե որքան զգայուն է այս հարցը։ Կա մտավորականների մի սերունդ, որն ակտիվ է սոցցանցերում։ Նրանք փորձում են չափավոր եւ ճշգրիտ լինել, պաշտպանել քրդերի իրավունքները՝ չսրելով խնդիրը, բայց այդպիսով հաճախ ի վերջո խուսափում են հարցից։ - Կա՞ ընդհանուր լեզու կամ մշակութային կամուրջ։- Երկլեզու լինելը հազվադեպ երեւույթ չէ։ Ինքս խոսում եմ երկու լեզուներով։ Գուցե հարեւանս քրդերեն չի խոսում, բայց ես խոսում եմ ադրբեջաներեն։ Ես դպրոց եմ հաճախել ադրբեջանական քաղաքում։ Այնուամենայնիվ, պառակտումը խորն է։ Թուրանական խոսույթում քրդերին անվանում են «իրաքցի ներգաղթյալներ». Արեւմտյան Ադրբեջանում մեզ համարում են օտարերկրացիներ։ Բոլորիս՝ 1.7 միլիոն մարդու։ Նրանք նկատի ունեն, որ ես, հայրս, պապս, որ ծնվել եւ մեծացել ենք այս տարածաշրջանում, օտարներ ենք։Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test