ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն անընդհատ պնդում էր, թե ընտրախախտումներն անցել են պատմության գիրկը: Կարծում եմ, որ ասվածը միաժամանակ թե՛ ճշմարիտ է և թե՛ կեղծիք: Ճշմարիտ է այն առումով, որ պատմության գիրկն են անցել նախկինների օրոք տեղի ունեցած որոշ տեսակի ընտրախախտումներ: Ասենք թե քվեարկության արկղը ընտրատեղամասից հափշտակելն ու լցոնված քվեաթերթիկներով վերադարձնելը: Բայց այդ տեսակը պատմության գիրկն էր անցել դեռևս նախկիններից ՀՀ երրորդ նախագահի օրոք: Նրա նախագահության սկզբնամասում դեռևս ծաղկում էր լցոնումը հենց տեղամասում կազմակերպելու գործընթացը: Բայց այդ պրակտիկան ևս աստիճանաբար վերանում էր, քանի որ դրան ընդդիմանում էին ընտրական տեղամասի ընդդիմադիր հանձնաժողովականները, վստահված անձինք ու դիտորդները: Իսկ դրանց բոլորի թիկունքին կանգնած էին միջազգային՝ ոչ ԱՊՀ-ական, դիտորդները: Որոնց ներկայությունն, ասեմ որպես շուրջ երկու տասնամյակ դիտորդություն արած անձ, լրացուցիր վստահություն էր հաղորդում մեզ՝ տեղական դիտորդներիս:
Ինչևէ, մերժված Սերժի օրոք անցկացված վերջին ընտրություններին անմիջական խախտումներ այլևս չէին արվում: Կար անուղղակին՝ տեղական հեղինակությունների, ովքեր ընտրությունների ժամանակ վերածվում էին «տասովշիկների», անօրինական ակտիվությունը: Որոնց միջոցով իշխանության հովանավորությունը վայելող գործարարները ընտրակաշառք էին բաժանում՝ դրանով ուղղորդելով ընտրողներին: Որքան հասկանում եմ, Նիկոլի օրոք ընտրակաշառքը բաժանվում է միայն պաշտոնական անձանց միջոցով, քանի որ մասնավորով՝ հատկապես ընդդիմադիր, կատարվողն անմիջապես կասեցվում է: Պաշտոնականն ասֆալտ փռելն է, լուսավորություն անցկացնելը, կարիքավորներին ֆինանսական կամ նյութական օգնություն բաժանելը: Բայց դրանք բնակչության հետ հարաբերվելու՝ գործող իշխանության հիմնական գործիքներն են նաև միջընտրական ժամանակաշրջանում: Չնայած, մեծ հաշվով դրա կարիքն այնքան էլ չկա, քանի որ իրավապահների միջոցով չեզոքացվում են հեղինակություն վայելող ընդդիմադիր գործիչները: Գումարած՝ օգտագործվում է «տասովշիկների» ծառայությունը: Դրա մասին գրել եմ նախորդ հոդվածներիցս մեկում:
Բայց Գյումրիի ավագանու ընտրությունը ցույց տվեց, որ դրանք արդեն այնքան էլ արդյունավետ չեն, ու Վաղարշապատի ավագանու ընտրության շեմին «հայտնագործվեց» մի նոր երևույթ: Այն չկար նախկինների օրոք, այն չէր կիրառվել գործող իշխանության կողմից մինչև այսօր: Դա դիտորդական կազմակերպություններին միմյանց դեմ լարելն է: Նախկինում ևս «Գոնգո» կոչված իշխանական ՀԿ-ների դիտորդները մեզ դրական աչքով չէին նայում, կարող էին նույնիսկ ընտրատեղամասում հակադրվել ընդդիմադիր կամ չեզոք ՀԿ-ների դիտորդներին: Բայց որպեսզի քվեարկությյունից մեկ օր առաջ դիմեին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ արգելելու մեր դիտորդությունը, նման բան չեմ հիշում: Իսկ ես, ինչպես նշեցի, 2003-ից մինչև 2018-2019 թվականը մասնակցել եմ այդ գործընթացին: Ինչևէ, դա նոր խոսք է ընտրական գործընթացում, և վարչապետի աթոռից կառչած անձը Եվրոպայում կարող է գլուխ գովել այդ առումով: Կարող եմ «ընկերաբար» զգուշացնել, որ նույնը չանի Միացյալ Նահանգներում, քանի որ անմիջապես կընկնի նախագահ Թրամփի աչքից: Ով 2020 թվականին, որպես գործող նախագահ և նախագահի թեկնածու, պարտվեց դեմոկրատ Բայդենին հենց ընտրախախտումների արդյունքում: Իսկ եվրոպացիները վաղուց արդեն գործում են քաղաքական շահերի կամ ռեալ պոլիտիկի սկզբունքներով:
Ինչևէ, նախորդ օրը «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «Հայաքվեի» և «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի դիտորդական առաքելությունը կասեցվելու հայց էր ներկայացվել ԿԸՀ «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունների կողմից: Եվ ինչպես հայտնել էր ՊԶՄԿ գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը, ԿԸՀ դիմելուն նախորդել էր ՔՊ-ական պատգամավորներից մեկի ֆեյսբուքյան գրառումը: Անկեղծ, չգիտեմ թե որ մեկինն էր, բայց չի էլ հետաքրքրում, քանի որ վստահ եմ, որ վերջինս կատարել է «մեծարգո վարչապետի» հրահանգը: Կամ, եթե նույնիսկ գաղափարն իրենն է եղել, անպայման պետք է ստացած լիներ վերջինիս համաձայնությունը: Որովհետև, ինչպես հիշում ենք, մեր երկրում ոչինչ չի կատարվում առանց «մեծարգոյի» համաձայնության կամ առնվազն գիտության: Հիշենք, օրինակ, գլխավոր դատախազի կողմից ինչ-ինչ հարցերով նրան զեկուցելու պատմությունը: Եվ, ինչպես ասվեց, ՀԿ-ական պրակտիկայում նման երևույթ երբեք չի եղել կամ գոնե ես չեմ հիշում: Կարծում եմ, որ այդ գործոնը ևս հաշվի է առնվել ԿԸՀ-ում՝ երբ մերժվել է հայցը: Չնայած առկա է եղել նաև հայցի բովանդակային մասը, ինչն, ըստ տիկին Մելոյանի, իրենից ներկայացնում էր «անհեթեթ և զավեշտալի գործընթաց»: Ի դեպ, ԿԸՀ կայքի «Նորություններ» բաժնում ոչինչ չկա ԿԸՀ արտահերթ նիստի, այդ հայցի քննարկման և այն մերժելու մասին: Չնայած այն քննարկվել է ավելի քան 10 ժամ:
Վերջին յոթուկես տարում հասարակության գիտակից մասն ականատաես եղավ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից իրավապահներին հրահանգներ ուղղակիորեն իջեցնելու գործընթացին: Բայց քաղաքացիական հասարակության առումով նման երևույթի առկայությունը վկայում է պետական ողջ համակարգի դեգրադացման մասին: Քանի որ մաքուր բռնատիրական պետությունում նման բանի կարիք չի լինում, իսկ ժողովրդավարությունում դա ուղղակի նոնսենս է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test