ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Օրենսդրական նորամուծություններով թոշակառուներին առաջարկվող «հետադարձ հիփոթեքը» լուրջ ռիսկեր է պարունակում դրանից օգտվողների ժառանգների համար։
Sputnik Արմենիային այս մասին ասել է «Օհանյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Օհանյանը` պարզաբանելով Կադաստրի կոմիտեի հեղինակած օրեսդրական նախաձեռնությունը։
Հանրային քննարկման դրված նախագծով առաջարկվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ներդնել «Հետադարձ հիփոթեք» և «Կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները:
«Հետադարձ հիփոթեքը» թոշակառուներին հնարավորություն կտա իրենց սեփական գույքը` բնակարանը, տունը կամ այգետնակը գրավադրել և դրա դիմաց ստանալ պարբերական եկամուտներ՝ առանց վճարում կատարելու։ Այսինքն` թոշակառուն կկարողանա իր տան գնի չափով ստանալ եկամուտ՝ շարունակելով ապրել այդ տանը։ Նախագծի հեղինակները պնդում են, որ պայմանագրային ամբողջ ժամանակահատվածում պահպանվելու է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։
«Հետադարձ հիփոթեքը» ստանդարտ գրավադրումից տարբերվում է նրանով, որ տունը գրավ դրած թոշակառուն բանկից կստանա ոչ թե ամբողջ գումարը միանգամից, այլ մաս-մաս, յուրաքանչյուր ամիս` համամասնորեն։ Բացի այդ, չի վճարի սպասարկման գումար և տոկոսադրույքներ։
Օրենքի հեղինակների համոզմամբ` սա հնարավորություն կտա թոշակառուին ապահով և բարեկեցիկ ծերություն վայելել։
Լևոն Օհանյանը նշում է, որ սեփական գույքը տնօրինելը թոշակառուի իրավունքն է, հատկապես, որ գործող կրգավորումներով թոշակառուին բանկերը հիմնականում վարկ չեն տրամադրում` դիտարկելով որպես բարձր ռիսկային և ցածր եկամուտ ունեցող խումբ։
Բացի այդ, «Հետադարձ հիփոթեքը», իրավաբանի գնահատմամբ, կապահովագրի թոշակառուին մեր երկրում լայն տարածքում ստացած զեղծարարություններից։
«Պրակտիկայում կան այնպիսի դեպքեր, երբ չարաշահվում է իրավահաջորդի կամ ժառանգության ինստիտուտը։ Մարդիկ ելք են փորձում գտնել, և եթե իրենց վարկ չեն տրամադրում, գտնում են մի լավ ընկեր, բարեկամ, գույքի անվանափոխություն են անում, որի հիման վրա կարողանում են վարկ ստանալ։ Հետագայում գույքի պատկանելության հարց է առաջանում։ Բայց եթե թոշակառուն կարողանա «հետադարձ հիփոթեքից» օգտվել ու ինքն իր գույքից գումար ստանալ, այս չակերտավոր «առուվաճառքները», վարկ ստանալու նպատակով, ինչ–որ չափով կնվազեն»»,– կարծում է Օհանյանը։
Դրա փոխարեն, սակայն, խնդիրները կսկսվեն արդեն թոշակառուի մահից հետո։
Բանն այն է, որ ժառանգության բացման պահին «հետադարձ հիփոթեքի» պայմանագիրը դադարում է, և առաջանում են արդեն պարտավորական հարաբերություններ իրավահաջորդների և բանկի միջև, որը պետք է հետ ստանա կենսաթոշակառուին տրամադրած գումարները։
Այստեղ ժառանգը պետք է որոշի` ստանա՞լ ժառանգությունն ու դրա հետ միասին նաև «պապի» թողած բանկային պարտավորությունը, թե՞ հրաժարվել և՛ տնից, և՛ պարտքերից։ Բայց մինչ այդ ժառանգը նախ պետք է բանկին կարողանա ապացուցել իր այդ կարգավիճակն ու իրավունքը։
«Մեր իրականության մեջ ժառանգները`ամուսին, երեխա, թոռ և այլն, որպես կանոն իրենց կարգավիճակը չեն ամրագրում նոտարական գրասենյակներում` համարելով այդ գույքը իրենց սեփականությունը։ Իսկ դա արդեն բացառելու է հետագայում բանկի կողմից նման գործարքների շրջանակներում գումարների հետ գանձման հնարավորությունը»,– նկատում է Օհանյանը։
Բացի այդ, նրա խոսքով, «ժառանգություն ստացած» վարկային պարտավորության պատճառով ժառանգը կարող է նաև վատ վարկային պատմություն ստանալ և հետագայում զրկվել վարկ ստանալու հնարավորությունից։
Մյուս նորամուծությունը, որն առաջարկում է Կադաստրի կոմիտեն իր օրեսդրական նախաձեռնությամբ, կողակցի սեփականության իրավունքն է։ Սա էլ նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականությունը ամուսիններից մեկի մահվան դեպքում ավտոմատ գրանցվում է որպես մյուսի սեփականություն, և մնացած ժառանգների հետ գույքը կիսելու անհրաժեշտությունը վերանում է։
«Կողակցի սեփականության իրավունքը` 201–րդ հոդվածի փոփոխություններով, նախատեսում է, որ գույքի գրավադրման ու հետադարձ հիփոթեքի ինստիտուտի կիրառման դեպքում ամուսիններից մեկի մահվան հիմքով գույքը ամբողջությամբ կանցնի մյուսին`մինչև վերջինիս մահը, և այդ ժամանակի ընթացքում ժառանգության հետ կապված հարց, ըստ էության, չի առաջանա»,– պարզաբանում է մասնագետը։
Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Այն դեռ պետք է ստանա կառավարության հավանությունը, ապա ներկայացվի ԱԺ` քննարկման և ընդունման։