Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

M.A.M շարժում. Միավորել Սփյուռքի կրթական ներուժը եւ ամրացնել կապը հայրենիքի հետ mediamax.am mediamax.am

time
M.A.M շարժում. Միավորել Սփյուռքի կրթական ներուժը եւ ամրացնել կապը հայրենիքի հետ

2022 թվականի գարնանը պատմել էինք հայերենի եւ հայրենագիտության ուսուցման առցանց M.A.M. հարթակի մասին: Այսօր այն վերածվել է կրթական շարժման, որն աշակերտներ ունի աշխարհի գրեթե բոլոր անկյուններից։ Տարբեր մակարդակի հայերենի իմացությամբ երեխաների եւ մեծահասակների համար լեզվի առցանց ուսուցումից բացի, 2025թ. հոկտեմբերից M.A.M-ի նախաձեռնությամբ Սփյուռքի դպրոցների ղեկավարների եւ ուսուցիչների համար մեկնարկել է վերապատրաստման ծրագիրը։ Նպատակը Սփյուռքի դպրոցներին ժամանակակից գործիքակազմ տրամադրելն է, որպեսզի ուսուցման գործընթացը դառնա առավել արդյունավետ, իսկ աշակերտների կապը հայրենիքի հետ՝ ավելի ամուր։

Դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների վերապատրաստումը, սակայն, M.A.M- ի նախաձեռնած մեծ, ընդգրկուն ծրագրի մի մասն է միայն։ Դրա վերջնանպատակը Սփյուռքի բոլոր հայկական դպրոցների քարտեզագրումն ու հաշվառումն է, ինչպես նաեւ՝ դրանց համար դասավանդման միասնական մեթոդաբանության մշակումը։ «Մութ անտառում սեփական ճանապարհը հարթելու», երեխայի մոտ հայերենի հանդեպ սեր ձեւավորելու, Սփյուռքից ոչ միայն պահանջելու, այլեւ՝ աջակցելու մասին Մեդիամաքսը զրուցել է M.A.M կրթական շարժման համահիմնադիրներ Մարինա Ղազարյանի, Աիդա Գրիգորյանի եւ Մելինե Ղազարյանի հետ։«Ցանել» հաստատուն արժեքներ՝ օգնելով Սփյուռքի երեխաներին զգալ եւ սիրել հայրենիքը Մարինա Ղազարյան, M.A.M կրթական շարժման հիմնադիր, տնօրեն Կրթության ոլորտում աշխատում ենք արդեն չորս տարի՝ դասավանդելով տարբեր տարիքի աշակերտներին աշխարհի ավելի քան 40 երկրից։ Կարեւոր է ընդգծել՝ երբեք չենք ցանկացել «մրցել» Սփյուռքում առկա հայկական դպրոցների հետ, հակառակը՝ մեր գլխավոր նպատակը դրանց աջակցելն է։ Ստեղծել ենք առցանց ուսուցման հարթակ, որպեսզի հայերեն սովորելու հնարավորություն տանք այն երեխաներին, որոնք չեն կարող այցելել կիրակնօրյա կամ այլ ձեւաչափի դպրոցներ, քանի որ իրենց համայնքում դրանք պարզապես չկան։Այս տարիների ընթացքում հաճախ ենք մասնակցել Սփյուռքի դպրոցներին նվիրված միջոցառումներին եւ դրանց ղեկավարների, ուսուցիչների հետ մասնավոր զրույցներից ակնհայտ է դարձել՝ կրթական ծրագրերի, ուսումնական նյութերի հետ կապված լուրջ աջակցության կարիք կա։ Սփյուռքի դպրոցները միայնակ են մնացել իրենց նպատակների, խնդիրների եւ առաքելության հետ։ Այս հարցը մշտապես մեր մտքում էր եւ պահանջում էր համակարգային լուծում։ Այս լուծումը կարեւոր էր նաեւ աշակերտների տեսանկյունից, քանի որ առցանց դասավանդման դեպքում M.A.M-ն աշխատում է մեծ, բայց միեւնույն է՝ սահմանափակ քանակի երեխաների հետ, իսկ աջակցելով եւ վերապատրաստելով ուսուցիչներին՝ կկարողանանք «հասնել» առավել շատ աշակերտների։ Բացի այդ, առ այսօր Սփյուռքի դպրոցներում հիմնականում դասավանդում են ուսումնական նյութերով, որոնք նախատեսված են հայաստանյան դպրոցների համար եւ հաճախ հասկանալի, գրավիչ ու հետաքրքիր չեն այլ երկրում մեծացող աշակերտին։ Այս բոլոր խնդիրները լուծելու նպատակով մշակեցինք մեծ ծրագիր, որի առաջին գործնական քայլը Սփյուռքի դպրոցների ղեկավարների եւ տնօրենների վերապատրաստումն է։ Այն մեկնարկել է 2025թ. հոկտեմբերի վերջին։ Առաջիկա 8 ամսվա ընթացքում՝ ամիսը երկու անգամ, Սփյուռքի դպրոցների տնօրենները եւ ուսուցիչներն առցանց «հանդիպում են» Հայաստանից ընտրված լավագույն մասնագետների հետ՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ. հայոց պատմություն, ավանդույթներ, ծեսեր, հոգեբանական ճիշտ մոտեցում երեխային, որ սիրի հայերնն ու դասերին մասնակցի առավել մեծ հետաքրքրությամբ։Վերապատրաստման ընթացքում ուսուցիչներին տրամադրում ենք նաեւ նյութեր, գործիքակազմ եւ կոնտակտներ, որոնք կարող են օգտակար լինել։ Այս պահին ծրագրում ընդգրկված է ավելի քան 130 մասնակից՝ մոտ 40 երկրից։ Մեզ շատ է ուրախացնում մասնակիցների աշխարհագրությունը՝ ԱՄՆ-ից մինչեւ Քուվեյթ, Հնդկաստան, ԵՄ եւ ԱՊՀ երկրներ։ Այս ծրագրին աջակցում է նաեւ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը՝ տարածելով դասընթացների հնարավորության մասին տեղեկատվությունը:Սփյուռքում դասավանդողները Հայաստանում անպայման պետք է ունենան աջակցող կառույց, որից կստանան բոլոր անհրաժեշտ նյութերն ու գործիքակազմը։ Ցավոք, այսօր իրարից կտրված ենք։ Իհարկե, լեզվի իմացությունը կարեւոր է, բայց մեր առաջնային առաքելությունն է Սփյուռքում մեծացող սերունդներին հասկանալի եւ հարազատ դարձնել Հայաստանը։ Լեզվի, մշակույթի միջոցով է, որ երեխան կարող է զգալ, ճանաչել ու սիրել իր արմատները։ Անկախ այս ժամանակաշրջանում լղոզվող սահմաններից եւ արժեհամակարգերից, կան արժեքներ, որոնք հաստատուն են, եւ դրանց սերմերն է, որ մենք փորձում ենք «ցանել»։ «Այս պահին մեր ծրագրերով սովորողների թիվն անցնում է 250-ը»Աիդա Գրիգորյան, M.A.M. կրթական շարժման համահիմնադիր, զարգացման գծով տնօրենԵրբ հետ ենք նայում անցած տարիներին՝ ճանապարհը բավականին բարդ էր։ Առհասարակ, կրթության դեպքում 4-5 տարին իրական փոփոխություններ տեսնելու համար շատ փոքր ժամանակահատված է։ Զարգանում են տեխնոլոգիաները, եւ փոխվում մեր հիմնական թիրախի՝ երեխաների պահանջները։ Այս ամենի հետեւից պետք է «հասցնել», ինչն էլ փորձում ենք անել։ Մեր ստեղծած հարթակն այս ընթացքում վերածվել է բավականին լուրջ կրթական ռեսուրսի։ Սփյուռքի ուսուցիչների եւ տնօրենների վերապատրաստման ծրագրի գործարկումից բացի, մեր հիմնական թիրախը շարունակում են մնալ տարբեր տարիների աշակերտները։ Այսօր ավելի քան 250 սովորող ունենք աշխարհի բոլոր անկյուններից։ Աջակցում ենք նաեւ մի շարք դպրոցների՝ տրամադրելով հատուկ իրենց համար մշակված դասավանդման մեթոդաբանություն եւ ուղեցույցներ։ Շատ լուրջ աշխատանք է կատարում մեր դիզայներների խումբը, քանի որ այսօր չափազանց կարեւոր է ուսումնական նյութի գրավիչ մատուցումը։ Կիրառում ենք արհեստական բանականության որոշ գործառույթներ, խաղային մոտեցում, ինչը տալիս է դրական արդյունք։ Բազմաթիվ արձագանքներ ենք ստանում ծնողներից, որոնք նախկինում համոզում էին երեխային հայերեն սովորել, իսկ հիմա չեն էլ նկատում՝ ինչպես է նա սիրով եւ առանց հիշեցման միանում դասին։ Մեծ դեր ունեն նաեւ կրթական հոգեբանները, որոնց ներգրավում ենք նյութերի մշակման եւ ծրագրերի ստեղծման մեջ։ Կան աշակերտներ, որոնք ընդհանրապես հայերեն չգիտեն եւ նախնական փուլերում նրանց դասավանդում ենք կիրառելով այլ՝ միջնորդ լեզու։ Դասընթացի տեւողությունը եւս անհատական է՝ կախված դրված նպատակից։ Սովորաբար լեզվի մեկ մակարդակի ամենաերկար կուրսը տեւում է 9 ամիս, բայց սովորողները հիմնականում շարունակում են ուսուցումը մեզ հետ՝ փուլ առ փուլ զարգացնելով լեզվի իմացությունը։ Ակտիվ աշխատում ենք նաեւ կորպորատիվ հաճախորդների հետ։ Նրանց թվում մարդիկ են, որոնք տարբեր հանգամանքներից ելնելով՝ ապրում, աշխատում են Հայաստանում եւ նոր միջավայրին առավել արագ հարմարվելու համար ցանկանում են սովորել հայերեն։ Այս դեպքում հաշվի ենք առնում նաեւ ընկերության գործունեության ոլորտը՝ մշակելով հատուկ մեթոդաբանություն, որն ընդգրկում է անհրաժեշտ տերմինաբանությունը։ Այսօր M.A.M-ն ունի ավելի քան 40 աշխատակից՝ դասավանդող ուսուցիչներ, մեթոդաբաններ, կրթության հոգեբաններ, դիզայներներ, մարքեթինգի թիմ եւ անձնակազմ, որը հասանելի է տարբեր երկրներում եւ ժամային գոտիներում։ «Պատրաստ ենք ստանձնել Սփյուռքում կրթությունը վերափոխելու պատասխանատու դերը» Մելինե Ղազարյան, M.A.M կրթական հարթակի համահիմնադիր, գործառնական տնօրեն Լինելով այս գործընթացի անմիջական մասնակից, երբեմն ինքներս էլ չենք նկատում՝ ինչ մեծ փոփոխությունների ենք կարողանում հասնել։ Ամեն անգամ տարին ամփոփելիս արձանագրում ենք՝ «փաստորեն այսքան գործ ենք արել» (ժպտում է – հեղ.)։ Մեր աշխատանքի արդյունքն առաջին հերթին տեսնում ենք երեխաների մեջ։ Շատերը մեզ միանում են լեզվի իմացության զրոյական մակարդակով, իսկ հետո նրանց հանդիպում ենք արդեն հայրենագիտության դասընթացի շրջանակում Հայաստանով ճամփորդելիս. ազատ շփվում են հայերենով, ծանոթանում մշակույթին, ընկերանում նոր մարդկանց հետ։ Այստեղ է, որ ամրանում է գիտակցումը՝ իսկապես արդյունավետ, արդիական եւ կարեւոր առաքելություն ունենք։ Կարծում ենք՝ մեծ գործ ունենք անելու Սփյուռքի կրթության հիմնարար վերափոխման եւ արդիականացման հարցում։ Այսօր Հայաստանի ներսում կրթական մարտահրավերներն այնքան շատ են, որ պետությունը դեռեւս չունի հստակ ռազմավարություն Սփյուռքում կրթության վերաբերյալ։ Մենք, որպես կառույց, որն արդեն իսկ որոշակի փորձառություն ունի, ցանկանում ենք եւ պատրաստ ենք ստանձնել այս պատասխանատու դերը՝ հասնելով իրական փոփոխությունների։ Որոշել ենք ստեղծել Սփյուռքի բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը համակարգող նախագիծ։ Նախ նպատակ ունենք ստեղծել թվային հարթակ, որում կքարտեզագրվեն Սփյուռքի բոլոր կրթական հաստատությունները։ Այսօր, ցավոք, այս տեղեկատվությունը շատ կցկտուր է եւ ոչ ամբողջական։ Մենք ցանկանում ենք միավորել Սփյուռքի ներուժը, ստեղծել տիրույթ, որում կգրանցվեն բոլոր՝ մեկօրյա, կիրակնօրյա, եկեղեցուն կից եւ այլ հայկական դպրոցները, աշխատող ուսուցիչները։ Այսօր մեր Սփյուռքը գործում է ինքնակազմակերպման սկզբունքով եւ եթե ինչ-որ տեղում լինում է նվիրված ուսուցիչ, երեխաները ստանում են պատշաճ գիտելիք։ Բայց միայն վրա հույս դնել չի կարելի եւ պետք է կիրառել համակարգված մոտեցում։ Նպատակը շատ հավակնոտ է եւ բարդ։ Գիտակցում ենք՝ մտնում ենք «մութ անտառ», որտեղ ինքներս մեզ համար պետք է հարթենք անհրաժեշտ ճանապարհը։ «Սփյուռքի հետ, ցավոք, գրեթե չենք աշխատում՝ ակնկալելով աջակցություն միայն հակառակ ուղղությամբ»Մարինա Ղազարյան Ունենալով մեծ Սփյուռք, ցավոք, Հայաստանից դեպի Սփյուռք գրեթե չենք աշխատում։ Մենք մշտապես սպասում ենք աջակցության հակառակ ուղղությամբ։ Սփյուռքում դպրոցների հավաքագրման, դասավանդման միասնական մեթոդաբանության մշակման այս ծրագիրը մեծ ջանքեր եւ ֆինանսավորում է պահանջում, գիտենք՝ չափազանց բարդ է լինելու։ Բայց սա մեր «երեխան» է եւ չենք կարող այն թողնել առանց «ապագայի», որովհետեւ տեսնում ենք՝ ինչքան մեծ ներուժ ունի։ Շատերն ասում են մեզ, որ հավակնում ենք կատարել պետական գործառույթ, բայց այսպիսով ցանկանում ենք մեր փորձով օգնել ԿԳՄՍ նախարարությանը։ Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test