«Ես Հովհաննավանքի հետ կապված էլ ասացի, որ որեւէ մի թալինիցի չի բերվել հանրահավաքի։ Թալինցիները եկել են, մասնակցել են պատարագի՝ կողմ լինելով Տեր Արամին, կողմ լինելով մեր վարչապետին», - «news.am»-ի լրագրողին ասել է Թալինի քաղաքապետ Սափեյան Տավրոսը՝ փորձելով հիմնավորել թալիցիների մասնակցությունը կարգալույծ արված քահանայի կազմակերպած անօրինական պատարագին: Մի խումբ թալինցիների հետ միասին Սափեյանը մասնակցել է նաև Վաղարշապատում ՔՊ-ի կազմակերպած եզրափակիչ նախընտրական հանրահավաքին: Ասվածն, առաջին հայացքից, տրամաբանական է թվում. «Տեր Արամին» կողմ լինելով՝ մարդիկ մասնակցել են նրա կազմակերպած միջոցառմանը: Նույն ձևով՝ ՔՊ-ական թեկնածուին կողմ լինելով՝ մարդիկ Թալինից հասել են Էջմիածին: Բայց դա միայն առաջին հայացքից, որովհետև, նախ, երրորդ կիրակի օրը ՆԱԽԿԻՆ Տեր Արամը Հովհաննավանքում պատարագ էր մատուցել համարյա թե միայն իր ու սարկավագների մասնակցությամբ: Իսկ այն թալինցիները, ովքեր իբրև թե կողմ էին «Տեր Արամին» ու այդ պատճառով էին մասնակցել նրա մատուցած առաջին երկու պատարագներին, ենթադրաբար այլևս դադարել էին կողմ լինել նրան: Այլապես երրորդ անգամ ևս կգնային պատարագի:
Երկրորդ, եթե թալինցիները, կողմ լինելով «Տեր Արամին», ցանկություն չեն ունեցել մասնակցելու նրա երրորդ պատարագին, ապա ինչո՞ւ պետք է բան ու գործ թողած՝ հասնեին Էջմիածին, ինչ է, թե կողմ են վարչապետին: Ինչը նշանակում է, որ նրանք այնքան էլ իրենց ցանկությամբ չեն գնացել այնտեղ: Իսկ այդ դեպքում խնդիր է առաջանում օրենսդրության հետ: Ո՞վ էր ստիպել նրանց, որպեսզի ոչ իրենց կամքով հասնեին Էջմիածին՝ մասնակցելու ՔՊ-ական թեկնածու Մեխակյանի հանրահավաքին: Այդ հարցի պատասխանը ևս տալիս է համայնքապետը. «Միանշանակ տարբեր մարզերից ՔՊ-ի ակտիվիստները, կուսակցականները պետք է իրենց կուսակցի կողքը լինեն»։ Այստեղ արդեն ծագում է երկրորդ խնդիրը՝ խնդիր օրենսդրության մեկնաբանության կապակցությամբ: Եթե Քրեական օրենսգրքով հանցագործություն է դիտարկվում հանրահավաքին մասնակցել պարտադրելը կամ մասնակցելն արգելելը, ապա նույնը պետք է վերաբերի նաև կուսակցականին: Որովհետև կուսակցությունն ազատ քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ ձևավորված միավորում է, և նրանում կազմակերպված միջոցառումներին մասնակցելը ևս պետք է լինի ազատ կամքով: Այնինչ, համայնքապետի ասածից պարզ է, որ այդ առումով որևէ ազատություն գոյություն չունի, առկա է զուտ պարտադրանք: Ասվածն էլ հիմնավորվում է համայնքապետի կողմից «միանշանակ» բառի օգտագործմամբ:
Հաշվի առնենք նաև, որ իշխանական թեկնածուների հանրահավաքներին մասնակցելուն պարտադրելը վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում է: Ինչի դեմ ժամանակին իր գրչով պայքարում էր ընդդիմադիր լրագրող ու խմբագիր Փաշինյան Նիկոլը: Իսկ այնուհետև խոսքով շարունակում էր պայքարել քաղաքական գործիչ դարձած նույն անձը: Իսկ վարչապետ կարգվելուց հետո դրա կեղծ հիմնավորմամբ անընդհատ հարուցել է տալիս քրեական գործեր ընդդեմ այսօրվա ընդդիմադիրների: Սակայն հաշվի առնելով նաև, որ 2018-ի մայիսից այս կողմ մեզանում հաստատված է չլսված-չտեսնված «ժողովրդավարություն», ապա անընդհատ պետք է հիշենք հին հունական «Ինչը թույլատրաված է Զևսին, արգելված է եզին» թևավոր ասույթը: Ինչի գիտակցումը մեզ թույլ կտա գործող իշխանության ներկայացուցիչների վարքագծին ի պատասխան մոբիլիզացնել մարդկանց, որպեսզի 2026-ի խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն զրկվի իշխանությունից: Հենց դա էլ կլինի նրանց տրվելիք ադեկվատ պատասխանը: Իսկ իշխանափոխությունից հետո, հաստատ, շատ բան կբացահայտվի, շատ բան կվերագնահատվի ու կփոխվի Հայաստանում:
ՀԳ. Թալինի քաղաքապետը, բնականաբար, միակը չէ գործող իշխանության շրջանում, ով «ցավում» է իր կուսակցական ընկերների համար: Բոլորն են այդպիսին՝ ՔՊ-ական բոլոր պաշտոնյաները, ովքեր իշխանափոխությունից հետո կլքեն «հարազատ» կուսակցությունը ճիշտ այնպես, ինչպես դա այլ քաղաքական ուժերի առումով մի քանի անգամ արվել է նախկինում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test