Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երբ գալիս է դատաստանի ժամը,այն չի խնայում ո՛չ բռնապետներին, ո՛չ նրանց արտաքին հովանավորներին hraparak.am hraparak.am

time
Երբ գալիս է դատաստանի ժամը,այն չի խնայում ո՛չ բռնապետներին, ո՛չ նրանց արտաքին հովանավորներին

Սուդան

1989 թվականին գեներալ Օմար ալ-Բաշիրի բռնապետական ռեժիմի հենարանը ուժային, կուսակցական եւ կլանային կառույցներն էին, հատկապես՝ արագ արձագանքման ուժերը (Ջանջավիդ), ազգային անվտանգության եւ հետախուզության ծառայությունը։ Նրանց խղճին են ընդդիմության, ազգային փոքրամասնությունների եւ քրիստոնյա համայնքների առաջնորդների դաժան հետապնդումներն ու սպանությունները։ Ալ-Բաշիրի դեմ 3 տարի ընթացող շարժումը 2019-ին գլխավորեցին ժողովրդին միացած զինվորականները, եւ արնախում բռնապետը հայտնվեց նույն բանտում, որտեղ տարիներ շարունակ խոշտանգում էր իր հակառակորդներին։ Նա Սուդանում արդեն դատապարտվել է կոռուպցիայի, արտասահմանում դրամական միջոցներ պահելու, անօրինական եկամուտների լվացման մեջ։ Սակայն նրա արտահանձնումն է պահանջում Միջազգային քրեական դատարանը՝ պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքներով։

Բայց արդյո՞ք միշտ է ալ-Բաշիրը եղել Արեւմուտքի կողմից մերժված։ Ամենեւին՝ ո՛չ։ Մինչեւ 2000-ականների կեսը Արեւմուտքն աչք էր փակում նրա վարչախմբի բռնությունների վրա, նախ, քանի որ սառը պատերազմի ավարտին հաջորդած առաջին 10-ամյակում (1990-99թթ․) նրան դիտում էր որպես գործընկեր իսլամական Աֆրիկայում, քանի որ Սուդանը վերահսկում էր Կարմիր ծովի մուտքը, ու ԱՄՆ-ն փորձում էր նրա միջոցով զսպել Իրանի եւ Լիբիայի ազդեցությունն այդ տարածաշրջանում։ Սակայն, երբ պարզ դարձավ, որ ալ-Բաշիրը հովանավորում է իսլամիստներին (հայտնի է, որ Օսամա բեն Լադենը նույնիսկ որոշ ժամանակ ապրել է Խարթումում), Վաշինգտոնը կտրուկ փոխեց վերաբերմունքը եւ Սուդանը ճանաչեց որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր։ Անգամ Դարֆուրի ճգնաժամի տարիներին (2003-2008թթ․), երբ ցեղասպանության զոհ դարձավ շուրջ 300 հազար խաղաղ բնակիչ, միջազգային հանրությունը ծուլորեն էր արձագանքում նրա ոճրագործություններին։ Ինչո՞ւ։ Հայերիս քաջ ծանոթ երկու պատճառով՝ տարածաշրջանում արեւմտյան ազդեցության պահպանում եւ նա՛վթ։ Պարզ է, որ Արեւմուտքի «զսպվածությունը» փաստացի երկարացրեց բռնապետի կյանքը, եւ այդ երկրում մարդու իրավունքների աղետալի խախտումները երկար ժամանակ մնացին միջազգային անտարբերության ստվերում։ Ալ-Բաշիրի դեմ ավելի վաղ եւ վճռական գործողությունները կարող էին փրկել մի քանի հարյուր հազար անմեղ կյանքեր։

Կամբոջա

Բռնակալներին հանդուրժելու քաղաքականությունն Արեւմուտքը գործադրեց նաեւ Կամբոջայում։ Երբ երկարատեւ քաղաքացիական պատերազմից հետո՝ 1997-ին, Հուն Սենը ռազմական հեղաշրջմամբ տապալեց կոալիցիոն կառավարությունը, Արեւմուտքը խիստ ձեւական քննադատության ենթարկեց օրինական իշխանության բռնի տապալումը եւ արագ վերականգնեց խզված դիվանագիտական ու տնտեսական կապերը մեզ հայտնի նույն՝ «տարածաշրջանային կայունության ապահովման» հիմնավորմամբ։ Կամբոջայի հիրավի բազմաչարչար ժողովուրդը շատ թանկ գին վճարեց նման կայունության համար՝ քառորդ դար տառապելով ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դաշնակից Հուն Սենի ավտորիտար վարչակարգի աքցաններում։ Արեւմուտքն այդ տարիներին առատորեն ֆինանսավորում էր ժողովրդավարության զարգացման ծրագրեր մի երկրում, որտեղ վերացվել էին անկախ մամուլը, ընդդիմադիր կուսակցությունները, տեղի էին ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ եւ բռնաճնշումներ։ «Ռեալպոլիտիկի» թեւի տակ Հուն Սենն իշխեց մինչեւ 2023 թվականը, եւ միայն այն բանից հետո, երբ իշխանությունը փոխանցեց որդուն, Արեւմուտքն արձակեց խուլ տրտունջներ՝ թե ժառանգական բռնապետություն է հաստատվել։ Բայց արդեն ուշ է․ Կամբոջայում ժողովրդավարության ինստիտուտները վաղուց են ոչնչացվել (հայկական իրականության հետ զուգահեռներն անխուսափելի են։)

Վենեսուելա

Վենեսուելայի նախագահ Հյուգո Չավեսի կառավարման սկզբնական տարիներին՝ 2000-ականների սկզբին, Արեւմուտքը կրկին ընտրեց սխալ ճանապարհ, բայց ելնելով այլ տնտեսական հաշվարկներից։ Վենեսուելան Արեւմուտքին նավթի մատակարարող հիմնական երկրներից է, եւ ավտորիտար առաջնորդ Չավեսի հակաամերիկյան հռետորաբանությունը երկար ժամանակ ընկալվում էր որպես պոպուլիստական «չարաճճիություն»։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն արձագանքեցին միայն այն ժամանակ, երբ փակվեցին լրատվամիջոցներ, բանտ նետվեցին ընդդիմադիրները, վերացվեցին Սահմանադրական դատարանի վերահսկողական լիազորությունները։ Չավեսի ավտորիտարիզմը շարունակեց նրան հաջորդած զինակիցը՝ Նիկոլաս Մադուրոն։ Սա ավելի սաստկացրեց ժողովրդավարական ուժերի դեմ հալածանքները եւ շնորհիվ վենեսուելական նավթից արտաքին խաղացողների կախվածության ու Արեւմուտքի հակասական քաղաքականության, Մադուրոն դեռ պահպանում է իր անողոք վարչակարգը։ Դեպքերը զարգանում են վատթարագույն սցենարով, ռազմական ներխուժումն անխուսափելի է․ նախագահ Թրամփը նոր է միայն իմացել, որ Վենեսուելայից ԱՄՆ թմրանյութեր են արտահանվում։

Չսերտած դասերի թանկ գինը

Ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին բարձրագոչ ճառասացները տասնամյակներ շարունակ աչք են փակել (ու փակում) բռնապետների հանցագործությունների վրա՝ հանուն նավթի, տարածաշրջանային կայունության կամ ազդեցության գոտին պահպանելու։ Ի հակադրություն այս ցինիզմի՝ կա հավերժական ճշմարտություն․ երբ լցվում է ժողովրդի համբերության բաժակը, նա քամուն է տալիս լռության վրա կառուցված ավազե ամրոցները, եւ գալիս է դատաստանի ժամը, որը չի խնայում ո՛չ բռնապետներին, ո՛չ նրանց հովանավորներին։ Չսերտած դասերի համար թանկ գին են վճարում ե՛ւ զոհերը, ե՛ւ դահիճները։ Շատ ժողովուրդներ են անցել (ու շարունակում են անցնել) բռնապետության քավարանը։ Արեւմուտքը Հայաստանում էլ է նույն սխալը գործում՝ իրավունքի ու ազատության մնայուն արժեքները ստորադասելով վաղանցիկ կայունությանը։ Այս կարգի Realpolitik-ի շահառուներն են նաեւ բռնապետության ուղին բռնած ՔՊ-ականները։

Ժողովուրդ, չպետք է հուսալքվել։ Պետք է պայքարել, եւ ազատ ու արժանապատիվ կյանքի դարպասները կբացվեն քո առջեւ։

Արա Սահակյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test