Ադրբեջանն ԱՄՆ–ի շահերի համար առանցքային պետություն է Հարավային Կովկասում. ռուս քաղաքագետ
sputnik
Հարավային Կովկասում հետաքրքիր աշխարհաքաղաքական իրավիճակ է ձևավորվում։ Գլխավոր դերակատարները Հայաստանը, Վրաստանը կամ Ադրբեջանը չեն, իսկ խաղի պայմաններն էլ, չգիտես ինչու, թելադրում է բավական հեռու գտնվող և տարածաշրջանին ամենևին էլ ոչ սահմանակից խաղացողների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի շատ ակտիվ դաշինքը։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հաղորդաշարի եթերում իրավիճակը մեկնաբանում է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի համեմատական քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը։
Փորձագետը նշում է՝ Ռուսաստանը Հարավային Կովկասի մասին խոսելիս ի սկզբանե ենթադրում է «3+3» աշխարհաքաղաքական ձևաչափը: Պետք է նաև հաշվի առնել, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան նախկին Ռուսական, Պարսկական և Օսմանյան կայսրությունների պրոյեկցիան են: Հենց այդ տերություններն են դարեր շարունակ ազդել տարածաշրջանային գործընթացների վրա։ Սակայն, քաղաքագետի խոսքով, վերջին տասնամյակների ընթացքում ձևավորվել է նաև արտաքին աշխարհաքաղաքական ուրվագիծ, որտեղ շատ ակտիվ են արևմտյան երկրները։
Շապովալովն ընդգծում է` արտաքին գծի գլխավոր խաղացողն ԱՄՆ-ն է։ Հենց ամերիկացիներն են ամեն գնով փորձում վերահսկել ամբողջ Հարավային Կովկասը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և իրենց պայմանները թելադրել տարածաշրջանի երկրներին։ Միաժամանակ փորձագետը հատուկ հիշատակում է Զբիգնև Բժեզինսկու բանաձևը, ըստ որի՝ ամերիկյան շահերի համար տարածաշրջանային առանցքային պետություն է Ադրբեջանը:
«Պետք է նաև չմոռանալ «Արևելյան գործընկերության» կոնցեպտը, ըստ որի՝ բոլոր երեք տարածաշրջանային երկրներն իբր Եվրամիության գործընկերներն են, - ասում է Շապովալովը։ - Եվ այսօր աշխարհաքաղաքական ասպարեզում ստեղծված իրավիճակը Արևմուտքին թելադրում է այդ հայեցակարգերի կտրուկ ակտիվացում հենց Հարավային Կովկասում, քանի դեռ Ռուսաստանը զբաղված ռազմական հատուկ գործողությամբ»։
«Այսօր տարածաշրջանային իրավիճակը վերլուծելիս պետք է հաշվի առնել մի քանի գործոն։ Առաջինն այն է, որ Արևմուտքի երկրները ձգտում են գործել Ռուսաստանին առավելագույնս թուլացնելու սկզբունքով՝ չեզոքացնելով հետխորհրդային պետությունների վրա ռուսական ազդեցությունը։ Իսկ հնարավորության դեպքում այդ պետություններից մեկի միջոցով ընդհանրապես երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Պետք է նաև հասկանալ, որ նրանց համար բոլորովին կարևոր չէ, թե տարածաշրջանային երկրներից որ մեկը կարող է դառնալ այդ երկրորդ ճակատը», - ասում է փորձագետը։
Երկրորդ գործոնը, ըստ Շապովալովի, հետխորհրդային պետությունների, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների գործող քաղաքական վերնախավերի դիրքավորումն է։
«Նրանք Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում իրենց տարբեր ներուժի, տարբեր պատմության առկայության պատճառով ձգտում են գլոբալ դիմակայության այս իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար, որպեսզի ստանան ինչպես նյութական, այնպես էլ քաղաքական որոշակի շահաբաժիններ», - ասում է նա։
Ստեղծված իրավիճակում, ըստ քաղաքագետի, շատ կարևոր գործոն է նաև Թուրքիայի դիրքորոշումը։ Անկարան ամենևին էլ «ազնիվ միջնորդ» չէ, ինչպես փորձում է իրեն ներկայացնել համաշխարհային հանրության առջև։ Թուրքիան շատ կոնկրետ շահեր ունի տարածաշրջանում և հենվում է իր դաշնակից Ադրբեջանի վրա։ Եվ ընդհանրապես իր քաղաքական ռանգը բարձրացնելուհամար շատ հստակ ու որոշակի խնդիրներ է լուծում։
«Հենց այս երեք գործոններն էլ պետք է հաշվի առնել Հարավային Կովկասի իրավիճակը վերլուծելիս։ Առաջինը Ռուսաստանին ամեն գնով թուլացնելու արևմտյան ջանքերն են։ Երկրորդը՝ տեղի քաղաքական վերնախավերի ձգտումն է՝ Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության պղտոր ջրում ձուկ որսալ։ Իսկ երրորդ գործոնը, ինչպես արդեն ասացի, Թուրքիան է, որը փորձում է իր համար կորզել աշխարհաքաղաքական, ռազմավարական և քաղաքական նոր հորիզոններ, այդ թվում` Հարավային Կովկասում», - ընդգծում է Շապովալովը։
Փորձագետը համոզված է՝ Հարավային Կովկասում մեր ժամանակների աշխարհաքաղաքականությունը ձևավորող կարևոր գործոնը, անշուշտ,
Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունն է։ «Ոչ պակաս կարևոր է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» և դրա հետևանքներն ու արդյունքները։ Այդ գործընթացն առաջին անգամ իշխանության բերեց մի խավի, որն ի սկզբանե կապ չուներ ներկայիս պետականության ծննդյան, հայկական ինքնության, Ղարաբաղի հետ», - արձանագրում է Շապովալովը։
Քաղաքագետը պնդում է, որ
Հայաստանի գործող քաղաքական վերնախավն իր գործելաոճով ու գործողություններով լիովին և շատ հստակ կողմնորոշվում է դեպի Արևմուտք: Այս վերնախավը լուրջ ջանքեր է գործադրում ոչնչացնելու հենց այն քաղաքական և սոցիալական կառույցները, ավանդական հասարակական ինստիտուտները, որոնք հայ հասարակության մեջ ձևավորվել են տասնամյակներ, եթե չասենք՝ դարեր շարունակ։
«Օրինակ բերենք Հայ առաքելական եկեղեցին, որը շատ ավելի հին է, քան ներկայիս հայկական պետականությունը, շատ ավելի լայն ու ազդեցիկ։ Բայց Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավին պետք չէ հենց դա։ Նրանք չեն ցանկանում գլոբալ հարցերում օգտագործել եկեղեցու դերը, նշանակությունը և ազդեցությունը։ Նրանց պետք է, որ եկեղեցին դադարի լինել հայկական քաղաքականության բարոյական հեղինակություն ու գործոն։ Նույնը վերաբերում է նաև հզոր հայկական սփյուռքին», - ամփոփում է Շապովալովը։
Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը
կարծիք էր հայտնել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար «մեծ խաղը» դեռ առջևում է։