«Որտեղ կինը ուժ է, իսկ արժեքները` ուղեցույց». ահա այս կարգախոսով նոյեմբերի 14-ին մեկնարկեց «Հայուհի» կանանց կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը բոլոր հայ կանանց միավորելու, շարունակական սովորելու, ուժեղանալու և պարզապես ամուր համայնք ստեղծելու հարթակ և հնարավորություն է:
Հիմնադիր-տնօրեն Լիանա Մանուկյանն ընդգծում է ծրագրի նպատակը. «Սա բարեգործական նախաձեռնություն է, որի նպատակն է հնարավորություն տալ մեր հայուհիներին ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, կերտել ինքնավստահ, կրթված և ակտիվ հայ կնոջ կերպար, ստեղծել մի անկյուն, որտեղ յուրաքանչյուր հայ կին կզգա իրեն գնահատված ու աջակցված, կկարողանա զարգանալ ու առաջ գնալ»:
Կենտրոնն ուշադրություն է դարձնում չորս հիմնական ուղղությունների` կրթություն և ինքնազարգացում, արվեստ և ինքնաարտահայտում, հոգեբանական աջակցություն և սոցիալական ուղղվածության ծրագրեր:
Հարցին, թե արդյոք արդեն կան ծրագրին գրանցված մասնակիցներ, տիկին Մանուկյանն արձագանքեց.
«Զարմանալի է, բայց արդեն ունենք շահառուներ: Բացումն այսօր է, բայց գործընկերներս տեղեկացրին, որ արդեն իսկ 100-ից ավելի հայուհի է գրանցվել»:
Ծրագրերի համակարգող Մարիամ Մարիկյանը ևս ընդգծեց կենտրոնի կարևորությունը, նշելով, որ կենտրոնը հնարավորություն կտա ստեղծել մի ուժեղ համայնք, որտեղ կանայք կկարողանան նեցուկ լինել միմյանց նաև կանացի սոլիդարություն դրսևորելով: Վերջինս նաև հավելեց, թե ինչ հմտություններ անվճար հիմունքներով կարող են ձեռք բերել կենտրոնում հայուհիները.
«Մենք ունենք վարպետաց և մասնագիտական դասընթացներ տարբեր ոլորտներում, օրինակ` վարսահարդարում, մատնահարդարում, կար ու ձև, անգլերեն, մեդիագրագիտություն, SMM և այլն: Նաև շատ ողջունելի է, որ դեռևս չբացված, բայց մեր մասնակիցները ևս հանդես են գալիս իրենց պատրաստակամությամբ և տարբեր առաջարկներով»:
«Հայուհի» կանանց կենտրոնն իր գաղափարախոսությամբ մեկ հարկի տակ էր հավաքել բազմաթիվ կանանց, որոնք ևս մեծ ոգևորությամբ արտահայտում էին իրենց կարծիքը և ողջունում կենտրոնի գաղափարը:
«Կենտրոնի կարևորությունն ակնհայտ է, քանի որ, այնուամենայնիվ, կանանց հիմնահարցերով զբաղվողներն այնքան շատ չեն, որքան դրա կարիքը կա: Օրինակ` դպրոցներում ուսուցիչները մեծ մասամբ կանայք են, իսկ տնօրենը` տղամարդ, ու այսպես տարբեր կառույցներում: Եվ հենց այդ կարգի կենտրոնները դառնում են միջոց, դրդիչ ուժ, որ կինը զարգանա և դառնա ժամանակակից»,- իր խոսքում նշեց հոգեբան Իրինա Ծատուրյանը:
«Ինձ թվում է սրա կարիքը մենք ունեինք: Ուրախ եմ, որ այստեղ եմ ու սրա մի մասն եմ կազմում: Հուսամ, որ հետագայում համագործակցություններ կլինեն, ես պատրաստ եմ իմ ամբողջ ներուժն ու ռեսուրսները ներդնել մեր կանանց էլ ավելի քաջալերելու նպատակով»,- նշեց գործարար, բլոգեր Արմինա Լուչեթը (armina_luceat):
Վերջում հիմնադիր-տնօրեն Լիանա Մանուկյանը եզրափակեց իր խոսքը, նշելով. «Կիրթ, ինքնաբավ կինը կիրթ հասարակության հիմքն է»:
Էլեն ՄԻՐԶՈՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test