Նոյեմբերի 14-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը պետական այցով ժամանել է Ուզբեկստան: Տաշքենդի «Արևելյան» օդանավակայանում նրան անձամբ դիմավորել է ուզբեկստանցի պաշտոնակից Շևքեթ Միրզիեևը: Ղազախստանյան tengrinews-ը հայտնում է, որ պետական այցի ընթացքում նախատեսվում են երկու նախագահների դեմ առ դեմ բանակցություններ, միջկառավարական համագործակցության Բարձրագույն խորհրդի նիստի անցկացում և հատուկ ընդգծում, որ Տոկաևը Տաշքենդ է այցելել Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ ռազմավարական համագործակցության Հռչակագիր ստորագրելուց երեք օր հետո:
Նույն աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ նոյեմբերի 16 –ին Տաշքենդում գումարվում է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան խորհրդատվական խորհրդի 7-րդ նիստը: Բաքվի լրատվամիջոցների տեղեկություններով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդ կմեկնի կիրակի և նույն օրը կվերադառնա: Արդյոք Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները Տաշքենդի խորհրդատվական քննարկումներին մասնակցելու են նախագահի մակարդակով՝ առայժմ ստույգ տեղեկություն չկա:
Դիտարժան է, որ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան խորհրդատվական խորհրդի նիստը գումարվում է Վաշինգտոնում ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովից ուղիղ տասը օր հետո: Վաշինգտոնյան գագաթնաժողովին ընդառաջ ադրբեջանական մամուլը, հղում անելով Ղազախստանի նախագահի աշխատակազմի աղբյուրներին, գրել է, որ Տոկաևը Դոնալդ Թրամփին առաջարկել է, որպեսզի վաշինգտոնյան գագաթնաժողովին հրավիրվի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ավելի վաղ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան «միասնական տարածաշրջան ստեղծելու» առաջարկություն արել է Իլհամ Ալիևը, բայց առևտրա-տնտեսական, կոմունիկացիոն, անվտանգային և քաղաքակրթական ինտեգրացիայի ինստիտուցիոնալացման ձևաչափ, երևում է, չի գտնվում: Տաշքենդի խորհրդատվական քննարկումների առթիվ ուզբեկստանցի քաղաքագետ Կարաևը Բաքվի minval-politika-ին ասել է, որ եթե կողմերը հանգեն հարաբերությունների «ներդաշնակեցման հարցերով մշտական գործող մարմին ստեղծելու որոշման, ապա դա կնշանակի, որ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան ինտեգրացիան կայանում է»:
Ադրբեջանական մամուլն առայժմ սպասվող քննարկումների շուրջ փորձագիտական կարծիքներ չի հրապարակել, խնդրի վերաբերյալ քաղաքական տեսակետներ նույնպես հայտնի չեն: Ուզբեկստանցի քաղաքագետն Ադրբեջանը դիտարկում է «Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի ու Թուրքիայի միջև բնական կամուրջ»: Եթե Տաշքենդի քննարկումներում «բանալի մոտեցում» ներկայացվի այս ընկալումը, դրան ինչպե՞ս կարձագանքի Իլհամ Ալիևը: Բանակցություններում, իհարկե, կարող են արվել նուրբ ձևակերպումներ, բայց Ալիևի համար էականը ոչ թե Կենտրոնական Ասիա-Եվրոպա կամ Կենտրոնական Ասիա-Թուրքիայի տրանզիտի ապահովումն է, այլ՝ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի տարածքի ամբողջացումը որպես աշխարհաքաղաքական գործոն: Իսկ նման համարձակ որոշման Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջակայքում «սեղմված» Կենտրոնական Ասիան կարո՞ղ է ընդունել: Եվ, ամենակարեւորը. Իսկ Կենտրոնական Ասիան ինքը արդեն միասնականացե՞լ է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test