Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Դեղձավանին պատկանող 50 հեկտարը մնացել է փշալարի այն կողմում՝ չեն կարողանում մշակել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Դեղձավանին պատկանող 50 հեկտարը մնացել է փշալարի այն կողմում՝ չեն կարողանում մշակել

Փոքր է Հայաստանի տարածքը, սակայն տարիների ընթացքում այն շագրենի կաշվի նման ավելի է փոքրացել։ Պարզվում է՝ սահմանազատման, սահմանագծման հետ կապված խնդիրներ կան ոչ միայն Ադրբեջանի, այլեւ բարեկամ երկիր Վրաստանի հետ։ 2006 թվականին հայ-վրացական սահմանները նշելիս Նոյեմբերյանի տարածաշրջանի, այժմ՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դեղձավան գյուղի վարչական հողերից 50 հեկտար հողատարածք մնացել է սահմանագոտում փռված փշալարից անդին։ Այդ 50 հեկտարից 5,2-ը Դեղձավան գյուղի 19 բնակիչների սեփականությունն է, 4,4 հեկտարը համայնքային սեփականություն հանդիսացող վարելահող է, մոտ 40,4 հեկտարը համայնքային սեփականության արոտավայրեր են։ Ցանկապատված հատվածի աջ եւ ձախ կողմերում առաջացել է 15 մետր լայնությամբ սահմանային շերտ, որը որոշ հատվածներում կիսել է դեղձավանցի հողի սեփականատերերի հողատարածքները եւ գործնականում անհնար դարձրել հողերի մշակման աշխատանքները։ Այդ չմշակվող հողերի համար ո՛չ հողի սեփականատերերը, ո՛չ էլ համայնքը դրամական փոխհատուցում չեն ստացել, այդ հողերը համայնքի հաշվեկշռից դուրս չեն գրվել։

Դեղձավան համայնքը 2021 թվականից ղեկավարող, ներկայում այդ բնակավայրի վարչական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը հայտնեց, որ 2006-2008 թթ․ նշված հողատարածքների եւ այլ հողերի հարկերի պարտքերը 2012 թվականին ընդունված «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքով ներվեցին։ Դեղձավանի վարչական ղեկավար Յուրի Հովհաննիսյանի բացատրագրի հիման վրա Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանին Դեղձավանի վերոհիշյալ հողերի սեփականատեր, հարկային արտոնություն ստացած 19 բնակիչների փոխարեն 2022 եւ 2023 թվականների համար հաշվարկված հողի հարկը՝ յուրաքանչյուր տարի 33 հազար 557 դրամ, վճարել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի բյուջեից։

Դեղձավանի համայնքապետարանը 2006-2012 թվականներին դիմել է Տավուշի մարզպետարան, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ԱԱԾ, որպեսզի այդ հողերի հարցին լուծում տրվի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Դեղձավանի համայնքապետարանին առաջարկել է գյուղից համարժեք հողերով փոխհատուցել այդ հողերի սեփականատերերին։ Յուրի Հովհաննիսյանը նույնպես սեփական հողամաս ունի նշված սահմանային հատվածում։ Նրա վկայությամբ՝ Դեղձավանը համարժեք հողամասեր չունի, համայնքի պահուստային հողատարածքները կա՛մ ավելի ցածրարժեք են՝ ոռոգելի չեն, կա՛մ էլ 25 տարի ժամկետով վարձակալությամբ են տրված։ Դեղձավանի համայնքապետարանը նախկինում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկել է այդ 50 հեկտար տարածքը հանրային գերակա շահ ճանաչել եւ դրա դիմաց փոխհատուցել Դեղձավանի բնակիչներին։

Նախարարությունից պատասխանել են, որ այդ հողատարածքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, գյուղացիները կարող են անցագրով անցնել փաստացի սահմանը եւ մշակել իրենց հողերը։ Սակայն Դեղձավանի բնակիչներն ասում են, որ չեն կարող անցնել իրենց հողով ձգվող փշալարի միջով։ Վերոհիշյալ 50 հեկտարից ավելի քան 40 հեկտարն արոտավայր է, որից զրկվել է սակավահող Դեղձավան գյուղը։ Այդ պատճառով նվազել է Դեղձավանում պահվող խոշոր եղջերավոր անասունների քանակը։ Յուրի Հովհաննիսյանը հայտնեց, որ ներկայում Նոյեմբերյանի համայնքապետարանն այդ հողերի սեփականատերերին արտոնություն է տվել, զիջել է փշալարից անդին գտնվող, չմշակվող հողերի հարկը, թեեւ այդ հողերի հարկը շարունակում է մնալ Նոյեմբերյան համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցանկում։

Յու․ Հովհաննիսյանին հարցրի՝ վերջին շրջանում իրավիճակը փոխվե՞լ է, հողերի սեփականատերերը կարողանո՞ւմ են անցնել փշալարից այն կողմ, մտնել իրենց հողերը։ Վարչական ղեկավարն ասաց, որ Հայաստանի սահմանապահները գյուղացիներին արգելել են, չեն թույլատրում 300 մետրից պակաս հեռավորությամբ մոտենալ փշալարին։ Նրա խոսքով՝ այդ հատվածում հայ-վրացական սահմանի սահմանագծում եւ սահմանազատում դեռեւս տեղի չի ունեցել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test