mediamax.am
«Զանգակ» հրատարակչությունը Մարիա Սադոյանի թարգմանությամբ լույս է ընծայել Թրեյսի Շեւալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը։ Այն սեպտեմբերի սկզբին կայացած Երեւանի գրքի միջազգային փառատոնի ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի թվում էրԴեպքերը կատարվում են Հոլանդիայի Դելֆտ քաղաքում հեռավոր տասնյոթերորդ դարում։ Մարիա Սադոյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է նկարչի, նրա մուսայի, ժամանակաշրջանի ու միջավայրի մասին, որտեղ ծնվել է ներկայումս Հաագայի Մաուրիցհույս թանգարանում կախված փոքրիկ ու հայտնի կտավը։ - Կարո՞ղ ենք ասել, որ «Մարգարտե ականջօղով աղջկա» հայտնիությունը պայմանավորված է Շեւալյեի վեպով։ Շեւալյեն ինքը չի բացառում, որ գուցե աշխարհի ամենահաջողակ գրողն է, որ ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում: - «Մարգարտե ականջօղով աղջիկը» արդեն հայտնի կտավ էր, երբ Շեւալյեն որոշեց մի ամբողջ վեպ նվիրել «Հյուսիսի Մոնա Լիզայի» խորհրդավոր հայացքին։Ինքը՝ Վերմեերը, Հոլանդիայի Ոսկեդարի մեծագույն նկարիչներից մեկը, կենդանության օրոք գավառական ժանրային նկարիչ էր՝ ճանաչված միայն Դելֆտում եւ Հաագայում։ Նրա գրեթե բոլոր նկարները, ըստ երեւույթին, արված են Դելֆտի իր տան երկու փոքրիկ սենյակներում։ Դրանցում նույն կահույքն ու զարդարանքն է՝ տարբեր դասավորությամբ, եւ հաճախ նույն մարդիկ, հիմնականում՝ կանայք։Վերմեերը ստեղծել է ընդամենը 35-37 կտավ, իսկ ապրուստը հիմնականում վաստակում էր այլոց արվեստի գործերը վաճառելով։ Մահվանից հետո նրա անունը մոռացվեց, բայց 19-րդ դարում արվեստագետները կրկին բացահայտեցին Վերմեերին, եւ այդ ժամանակվանից ի վեր նրա հեղինակությունը աճեց ու դարձավ համաշխարհային։Վեպի հաջողության հիմնական գրավականը, իմ կարծիքով, այն է, որ Շեւալյեն արձակի օգնությամբ կարողացավ վերարտադրել Վերմեերի կտավների հարուստ հյուսվածքներն ու մոգական, լուսավոր որակը:Ասում են՝ հաջողությունը գալիս է նրանց մոտ, ով պատրաստ է դրան։ Շեւալյեն շատ մեծ, շատ երկար աշխատանք է կատարել այս վեպը գրելուց առաջ, մասնավորապես՝ ուսումնասիրել հոլանդական պատմությունն ու կենցաղը իրեն հասանելի գրականության օգնությամբ։ Արդյունքում նա վերարտադրել է 17-րդ դարի Դելֆտի կյանքը այնպիսի պատմական մանրուքներով, որ վեպն ընթերցելիս Վերմեերի կտավներն ասես կյանք են առնում։ - Գրքի էկրանավորումը նույնպես դեր ունի այս պատմության հանրահռչակման գործում, բայց չե՞ք կարծում, որ «Մարգարտե ականջօղով աղջկա» ուժն ու հմայքը իրապես բացահայտում ես միայն գիրքը կարդալուց հետո։- Հավերժական հարց. գի՞րք, թե՞ դրա հիման վրա ստեղծված ֆիլմ։ Իմ կարծիքը, որը ձեւավորել եմ դեռ վաղուց, միայն ամրապնդվել է տարիների ընթացքում, երբ թարգմանել եմ գրքեր, որոնք որոշ մարդկանց ծանոթ են նախ եւ առաջ որպես ֆիլմեր։ Գրեթե առանց բացառության՝ վեպերն ավելին են քան ֆիլմը։ Նկատեք՝ ես ասում եմ՝ ավելին, ոչ անպայման ավելի լավը։ Եվ պատճառը նույնն է․գիրքը տեքստ է, որը մեկնությունը ինքներդ եք անում, որի կերպարներն ու պատկերները վերստեղծում եք ձեր գլխում, այդ թվում՝ ամեն անգամ վերընթերցելիս։ Մինչդեռ ֆիլմը մեկ այլ մարդու կամ մարդկանց մեկնությունն է, ձեզ պարտադրված կերպարների ու պատկերների տեսաշարք։ Որպես արվեստի ձեւ՝ գրավոր տեքստն ավելի վերացական է, քան տեսաշարքը, եւ հենց դրանում է դրա գրավչությունն ու անմահությունը։
Կտավի ողջ ուժն ու հմայքը կարելի է զգալ միայն ֆիզիկապես՝ Հաագայի Մաուրիցհույս թանգարանում, որտեղ կախված է «Մարգարտե ականջօղով աղջկա» փոքրիկ կտավը։ Հանգամանքների զարմանալի զուգադիպությամբ ես այժմ ապրում եմ Հաագայում՝ այդ թանգարանից ոչ հեռու, եւ հաճախ այցելում եմ «Աղջկան»։ Երբ բախտ է վիճակվում մի կարճ պահ միայնակ մնալ սրահում, խոսում եմ կտավի հետ, վայելում նրա հայացքի ձգողական ուժը, մտքումս իմ պատմությունը ստեղծում նրա մասին։ - Նկատե՞լ եք ընդհանրությունները 17 դարի եւ մեր ժամանակների։ Սպառողական հասարակություն, առևտուր, արվեստի գործակալներ, սոցիալական խնդիրներ, արվեստագետի մենակություն...- Հոլանդական ոսկե դարը միջին դասակարգի ձեւավորման բուռն գործընթացների ժամանակն էր։ Վերմեերն ու նրա նկարիչ ընկերները աշխատել են մի դարաշրջանում, երբ կյանքի գրեթե բոլոր կողմերը ենթարկվում էին կտրուկ փոփոխությունների: Ցնցումներից ու պատերազմներից Հոլանդիան դուրս եկավ որպես կուռ, բողոքական հանրապետություն՝ կապիտալիստական տնտեսությամբ եւ բուրժուական հասարակությամբ: Ազգի վերածնունդը համընկավ (եւ մասամբ ոգեշնչվեց) նոր գեղարվեստական դպրոցով։ Նոր պատմական իրողությունները ստեղծեցին միջավայր, որտեղ նկարիչները բարգավաճեցին: Ի հայտ եկան այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Ֆրանս Հալսը, Հերկուլես Սեգերսը, Հենդրիկ Ավերկամպը։ Մեծ դեր խաղացին նաեւ վան Ռոյվենի պես մեծահարուստները, որոնք ունեին գումար՝ իրենց առանձնատները թանկարժեք կտավներով զարդարելու համար։ Ավելացնեմ, որ այդ ժամանակ նույնիսկ ոչ հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ նկար գնել. դա նորաձեւ էր։Ոսկեդարը բերեց նաեւ որոշ սոցիալական ապահովություն, որում կարեւոր դեր էիին խաղում համքարությունները՝ գիլդիաները, որոնք կարգավորում էին արվեստի գործերի առեւտուրը, վերահսկում գեղարվեստական որակը, օգնում արհեստավորներին, կրթում աշակերտներին: Վերմեերը Սուրբ Ղուկասի համքարության անդամ էր, եւ հենց այդ համքարությունը Վերմեերի մահից հետո Դելֆտի Հին եկեղեցում տեղադրեց նրա դամբարանաքարը։ - Գրքում արվեստն ու շուկան/կենցաղը, զուգահեռ են ընթանում: Դժվար է ասել՝ դրանք հակադրվո՞ւմ, թե փոխլրացնում են իրար։ - Ես պաշտում եմ հին հոլանդական գեղարվեստը, քանի որ այդ կտավների վրա գեղեցիկն ու հոգեւորը կարելի է գտնել ամենապարզ, ամենակենցաղային բաներում։ Մեջբերեմ վեպից. «Նկարները կաթոլիկների համար հոգեւոր նպատակի կարող են ծառայել, բայց հիշի՛ր նաեւ, որ բողոքականները Աստծուն տեսնում են ամենուր, ամեն ինչում: Նկարելով առօրյա իրերը՝ սեղաններ ու աթոռներ, ամաններ ու սափորներ, զինվորներ ու աղախիններ, արդյո՞ք նրանք չեն փառաբանում նաեւ Արարչի ստեղծածը»:Ավելացնեմ, որ գուցե հենց հոլանդացի «հին վարպետներից» ես վաղ հասակում սովորեցի առօրեականի մեջ տեսնել գեղեցիկը, հաճույքով շրջել շուկաները, վայելել մրգերի ու բանջարեղենի, պանիրների ու մսեղենի գունապնակները։ - «Գույները կռվում են իրար հետ, երբ կողք կողքի են, պարո՛ն»։ Գրիտը խոհանոցում ըստ գույների էր շարում բանջարեղենը։ Նաեւ յուրովի զգում էր արվեստը, բայց չէ՞ որ ի վերջո ընտրում է կարմիրը՝ մսի շուկան։ - Շատ հետաքրքիր բան եք նկատել։ Գրիտն իրոք ընտրում է հողեղենը, իրականը, հագեցնողը՝ մսի լավորակ կտորի պես։ Նա հասկանում է, որ չի պատկանում այն աշխարհին, որտեղ իրեն հավերժացրել է Վերմեերը։ Կտավի վրա նա իրականում ընդամենը «թրոնի» է՝ իր դիմագծերով վերացական գեղեցիկ կերպար, մինչդեռ իրական Գրիտը, սուր դանակն առած, շուկայում փափկամիս է կտրատում ու արյունոտ շորով ճանճերին քշում։ Վեպում Գրիտը մուսա է, ներշնչանքի աղբյուր, եւ որպես այդպիսին չունի ապագա, երբ կտավն ավարտված է, ու նա հոյակապ գիտակցում է դա։ Անիրականալի երազանքների հետեւից ընկնելու փոխարեն նա ընտրում է կյանքը. այդպես է անում նաեւ Վերմեերը։ Պատմության մեջ մի պահ նրանց ճանապարհները խաչվում են, որպեսզի ստեղծվի այս գլուխգործոցը: Վերմեերը տեսավ այն հայացքը, որը փնտրում էր, եւ սիրահարվեց դրան, իսկ աղջիկը, ինչպես հաճախ է պատահում, Վերմեերի օգնությամբ բացահայտեց իր էության մեջ այն, ինչ թաքցնում էր անթերի մաքուր, ճերմակ շորագլխարկը՝ անմեղության խորհրդանիշը։-Կարելի է լինել աղքատ, բայց արժանապատիվ, ինչը և տեսնում ենք գրքում։ Արդյո՞ք հեղինակը փորձում է նաեւ ցույց տալ որքան հեղհեղուկ է դասակարգային բաժանումը, բարեկեցիկ, ապահով կյանքը։ - Հոլանդական ոսկե դարը մեծ հարստության, գիտական եւ մշակութային նվաճումների ժամանակաշրջան էր։ Դասակարգային բաժանումն ու հարստությունը դառնում է պակաս ակնառու, առաջ է գալիս բուրժուական դասակարգը։ Դրան միանում են նաեւ բողոքական կրոնի սկզբունքները, որոնք չեն հանդուրժում շռայլություն ու ճոխություն, պահանջում են հուզական զսպվածություն, իսկ մաքրությունը՝ թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական, պաշտում են սրբության պես: Ի դեպ, ես նկատել եմ, որ այդ սկզբունքներին հոլանդացիները հետևում են նաեւ այսօր։ Արժանապատիվ, ազնիվ կյանքը Հոլանդիայում դասվում է հարստությունից շատ ավելի բարձր, իսկ շքեղ կյանքի ցուցամոլությունը պարսավելի է։ - Ինձ թվում է՝ Շեւալյեն շատ բծախնդրորեն է ընտրել կերպարներին ու ստեղծել է դարաշրջանին բնորոշ մարդկային տիպեր։ Նաեւ միշտ արդիական կերպարներ։ - Վեպի գրեթե բոլոր կերպարներն իրական են. մեծ նկարչի ընտանիքի անդամներն ու ընկերները, նույնիսկ Տանեկե անունով աղախինը։ Շեւալյեն հավատարիմ է նաեւ Վերմեերի կյանքի սակավաթիվ հայտնի փաստերին։ Միայն վեպի հերոսուհին՝ Գրիտը, պատմական կերպար չէ։ Մենք չգիտենք, թե ով է նկարում պատկերված աղջիկը, ինչպես նաեւ Վերմեերի մյուս մոդելներին։ Շեւալյեն հորինել է Գրիտին որպես աղախին, քանի որ կտավից նկարչին նայող աղջիկը, հեղինակի պատկերացմամբ, պետք է լիներ Վերմեերին մտերիմ ծանոթը, թեեւ ոչ ազգականը։ Նկարում աղջկա հագուստը շատ պարզ է՝ Վերմեերի նկարած մյուս կանանց հագուստի համեմատ, այնուամենայնիվ մարգարիտը (որը, թերեւս, մարգարիտ էլ չէ, այլ մետաղական փայլ ունեցող խոշոր ականջօղ) ակնհայտորեն շքեղ է։ Շեւալյեն ենթադրեց, որ մարգարիտն աղջկանը չէր։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ նկարում Վերմեերի ավագ դուստրն էր, բայց, Շեւալյեի կարծիքով, դուստրն այդպիսի հայացքով հորը չէր նայի. այն չափազանց գայթակղիչ է։ Ի դեպ, Շեւալյեն վեպն ավարտելուց հետո է միայն տեղեկացել, որ Գրիտ անունը, որը նա պեղել էր որպես հին հոլանդական անուն, Մարգըրիտ անվան կրճատ ձեւն է, որը, ինչպես կռահում եք, նշանակում է «մարգարիտ»։ Ինքը՝ Յոհանես Վերմեերը մեծացել է Դելֆտում եւ ամբողջ կյանքն այնտեղ է ապրել։ Նա բողոքական էր, բայց ամուսնացել էր կաթոլիկ կնոջ՝ Կատարինա Բոլնեսի հետ եւ, հավանաբար, դավանափոխ եղել։ Ունեցել են 11 երեխա, եւս 4-ը մահացել են վաղ մանկության տարիներին։ Նրանք ապրում էին Վերմեերի սկեսուր Մարիա Թինսի հետ քաղաքի կաթոլիկ թաղամասում։ Չնայած տունն այլեւս գոյություն չունի, Վերմեերի կտակին կցված էր տան ունեցվածքի ցանկը, ուստի գիտենք տան սենյակների, կահույքի եւ այլ իրերի մասին։ Անտոնի վան Լեյվենհուկը՝ մանրադիտակի գյուտարարը, իրոք Վերմեերի կտակի կատարողն էր եւ, ամենայն հավանականությամբ, նրա ընկերը։ Բայց մենք չգիտենք, թե ինչպիսին մարդ էր Վերմեերը։ Լռակյա՞ց էր, թե՞ շատախոս, սիրում էր ժամանակն անցկացնել տա՞նը, թե՞ պանդոկում։ Ի՞նչն էր ավելի կարեւոր նրա համար՝ ընտանի՞քը, թե՞ արվեստը։ Այս բոլոր հարցերին Շեւալյեն պատասխանել է՝ դատելով միայն ու միայն նկարչի կտավներից։- Վերմեերը նկարել է անշտապ։ Գրքում նույնպես իրադարձություները զարգանում են խաղաղ եւ անշտապ։ Ինչպե՞ս է հաջողվել գիրքը թարգմանելիս պահպանել վեպի այդ յուրահատկությունները։ - Իմ թարգմանած վեպերից սա ամենաեթերայինն ու նուրբն էր: Դանդաղ պատում, որտեղ ավելի կարեւոր են հայացքները, ժեստերն ու մթնոլորտը, քան երկխոսությունը, իսկ բառերը փոխանցում են զգացմունքների խորությունը՝ առանց ավելորդությունների: Ինչպես միշտ՝ փորձել եմ հավատարիմ լինել ոչ միայն գրքի լեզվական ոճին, այլեւ «տեմպին» ու ոգուն։ Աշխատել եմ պահպանել եմ բոլոր առանձնահատկությունները․ զուսպ, կարճ, պարզ նախադասությունները։ Չմոռանանք, որ վեպը գրված է առաջին դեմքից, իսկ հերոսուհին շատ երիտասարդ, կիսագրագետ աղջիկ է, որը, սակայն, ունի բնածին զգայունություն գեղեցիկի նկատմամբ: Դժվար էր պահպանել վեպի մի յուրահատկություն. Վերմեերին ոչ ոք անունով չի դիմում, միայն մեծատառով՝ «Նա»։ Հայերենում «նա»-ն չունի սեռ, եւ այդ խոչընդոտը փորձել եմ տարբեր կերպ շրջանցել։ Նախապատրաստվելով թարգմանությանը՝ ընկղմվեցի դարաշրջանի մթնոլորտի մեջ, կարդացի Շեւալյեի գրքում թվարկված աղբյուրները, հատկապես՝ Սայմըն Շամայի «Ամոթալի հարստություն. հոլանդական ոսկե դարի մշակույթի մեկնաբանություն» մեծ աշխատությունը, այցելեցի թանգարաններ։ Այդ ամենն օգնել է ճիշտ թարգմանական մոտեցում գտնել։ Վեպի հայերեն թարգմանության մասին խոսելիս կուզեի նշել նաև այն չքնաղ, յուրօրինակ ձևավորումը, որն իրականցրել է «Զանգակ» հրատարակչությունը։ Գրքի շապիկն ասես օգնում է ընթերցողին «պատուհանից ներս» նայել ու բացահայտել կտավի գաղտնիքը։- Ներածականում Շեւալյեն գրում է․ «Ի՞նչ է զգում աղջիկը, երբ նայում է նկարչին։ Այդ հայացքի մասին ես վեպ եմ գրել, քսան տարի խոսել դրա մասին, բայց դեռ չգիտեմ։ Առեղծվածն է, որ հմայում է մեզ»։ Գուցե իսկապես այս ամբողջ պատմության մեջ, ինչպես եւ կյանքի, կարեւորը առեղծվածն է։ - Առեղծվածն իրոք ամենագրավիչն է մարդու համար՝ գիտություն լինի, թե արվեստ։ Հետաքրքրասիրությունը, իմ խորին համոզմամբ, մեր քաղաքակրթության հիմնական շարժիչ ուժն է։ Գուցե նաեւ կդառնա անկման պատճառը։ Այս հայտնի կտավում առեղծված է ամեն ինչ՝ թե՛ աղջիկը, թե՛ մարգարիտը, թե՛ նրա գլխի չալման, որի համար Վերմեերը չի խնայել ամենաթանկարժեք ուլտրամարին գույնը։ Իսկ հայացքը... այն ոչ թե առեղծվածային է, այլ խորհրդավոր։ Ամեն անգամ կտավին նայելիս դիտորդը կտեսնի մի նոր միտք, հույզ ու խորություն՝ կախված հենց իր հույզերից ու մտքերից։ Եվ թույլ մի՛ տվեք, որ Շեւալյեի հրաշալի վեպը կաշկանդի ձեր երեւակայությունը․ վերաիմաստավորե՛ք «Մարգարտե ականջօղով աղջկա» հայացքը յուրովի եւ ամենակարեւորը՝ վայելե՛ք գեղեցիկը։ Արմինե Սարգսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test