Կարեն Անդրեասյանին արդարացնելու օպերացիան Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) «բարեհաջող» ավարտելուց հետո Կարեն Անդրեասյանի ընկեր ու գործընկեր Գրիգոր Մինասյանը գրառում է արել դատավորներ Արթուր Ստեփանյանի և Սուրեն Անտոնյանի առնչությամբ ԲԴԽ որոշումների վերաբերյալ` լրագրողներին մեղադրելով անձնական շահերից ելնելով հոդվածներ գրելու մեջ, իսկ դատավորին՝ որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շահարկել է իր և Կարեն Անդրեասյանի ընկերությունը (երևի կառավարության աշխատակազմում ընկերոջը տաղավար չեն տվել նկարահանումների համար, ինչպես Դատական դեպարտամենտում էր.- Գ.Ս.):
Կարդալով այս գրառումը՝ հասկանալի է դառնում, թե ինչու Հայաստանում ճանաչված և հարգված ընտանիքից սերած երիտասարդին հանրային պաշտոն չէին վստահում այդ հնարավորությունն ունեցող նրա հարազատներն ու բարեկամները:
Գրիգոր Մինասյանը, ով այս պատմության ուղիղ շահառուն է, և ում բերած վարույթներով էր իր ընկեր Կարեն Անդրեասյանը տասնյակ դատավորների լիազորություններ դադարեցնում, իր գրառմամբ այնպես է «սրտաճմլիկ» ձևակերպումներով արձանագրում՝ «տեսեք, որ մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ» տրամաբանության մեջ, ասես «գեղից մարդ չկա», ու Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չգիտի՝ իր ասած ԲԴԽ «նոր» կազմից ով ինչ փոխկապակցվածություն ունի իր ու իր ընկերոջ հետ, և ինչու հնարավոր չէր, որ իրենց կարծիքից տարբերվող որոշում կայացվեր ԲԴԽ «նոր» կազմի կողմից:
Բայց այս մասին՝ քիչ անց:
Չնայած երկար տարիներ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանն աշխատել է իրավական բնագավառում և նույնիսկ ունի գիտական աստիճան, բայց պետք է հիշեցնել, որ ո՛չ լրագրողները և, առավել ևս, ո՛չ էլ Եվրոպական դատարանը դեմ չեն եղել նրա և Կարեն Անդրեասյանի ընկերությանը կամ բիզնես շահերին: Ուղղակի Գրիգոր Մինասյանի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ ներկայացված միջնորդությունը չէր կարող քննել նրա հետ փոխկապակցված ընկեր Կարեն Անդրեասյանը:
Նրանց փոխկապակցվածությունն այն աստիճանի է, որ Գրիգոր Մինասյանն այդպես էլ չի ընկալել, որ ո՛չ ՄԻԵԴ-ը, ո՛չ էլ դատավորների փաստաբաններն այս մասով նախարարի անձի հետ կապված խնդիր չեն տեսել, որովհետև բոլորի համար էլ ակնհայտ է եղել, որ վերջինս նոմինալ նախարար է և կոչված է սպասարկելու Կարեն Անդրեասյանի ցանկությունները, տվյալ դեպքում՝ կարգապահական վարույթների մասով:
Ինչ վերաբերում է ԲԴԽ «նոր» կազմին, ապա Գրիգոր Մինասյանը պետք է նկատած լիներ, որ ԲԴԽ «նոր» կազմում են Կարեն Անդրեասյանի նախկին խորհրդական, իսկ իր պաշտոնավարման ժամանակ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոնի ղեկավար Անահիտ Աբրահամյանը, Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման ժամանակ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արմենուհի Հարությունյանը, «նոր» անդամներից է նաև Կարեն Անդրեասյանի հետ քավոր-սանիկական կապ ունեցող Քրիստինե Մկոյանը, ում նկատմամբ ՄԻԵԴ վճռի հիմքով հարուցված կարգապահական վարույթն ավարտվեց անհետևանք նկատողության հայտարարմամբ, իսկ դա, բնականաբար, գին ունի:
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը Վճռաբեկ դատարանի դատավորների հետ կապված մեկ այլ գործով ևս խնդիր չէր տեսել Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան ընկերական կապի առնչությամբ` մերժելով Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկը, և միգուցե դա էր նաև այն շարժառիթը, որ ԲԴԽ անդամները խուսափել էին քննարկել ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումը, իսկ հետո նաև խնդիր չտեսան, երբ նույն ԲԴԽ անդամը մասնակցել էր գործի քննությանը ԲԴԽ նախորդ կազմում:
«Անաչառ» դատավոր էր նաև հանրակրթական դպրոցը հեռակա և նույն մասնագիտությամբ երկու տարբեր բուհերում ուսանած Կարեն Թումանյանը, ով փորձում էր ԲԴԽ նախորդ որոշման մեջ արտացոլված, սակայն գործի նյութերում փաստաթղթի բացակայությունը հիմնավորել դրա ապացուցողական նշանակության բացակայությամբ, երբ ԲԴԽ նախորդ կազմն անդրադարձել էր այդ հանգամանքին:
ԲԴԽ «նոր» կազմում էր, բնականաբար, Արմեն Դանիելյանը, ով Դավիթ Հարությունյանի գործի վերանայման ժամանակ այնպիսի որոշում էր շրջանառել, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հարկադրված ԲԴԽ անդամների համար ուսուցողական որոշում կայացրեց, թե ինչպես պետք է նոր հանգամանքի հիման վրա վերանայեն դատական ակտերը:
Իհարկե, երախտագիտությունը լավ հատկանիշ է, և բոլորը գիտեն, որ նախարարի պաշտոնը Գրիգոր Մինասյանը ստացել է իր ընկերոջ շնորհիվ և հանձին ՔՊ-ի՝ նոր ընտանիք գտնելով (Գրիգոր Մինասյանի հայտարարությունն է), սակայն նրա զբաղեցրած պաշտոնները ենթադրում էին, որ Գրիգոր Մինասյանը պետք է տեղյակ լիներ, որ իր ընկերը չէր կարող դատավոր լինել նրա իսկ ներկայացրած մեղադրանքի գործով, իսկ այդ փաստի շահարկումը Եվրոպական դատարանը լուրջ էր ընդունել:
Դե, իսկ արդարության ու անարդարության վերաբերյալ Գրիգոր Մինասյանի պատկերացումները բոլոր դեպքերում պետք է որ տեղավորվեին օրինականության տիրույթում, որովհետև նախարարի և ԲԴԽ նախագահի պաշտոններում Կարեն Անդրեասյանի պաշտոնավարելու ժամանակահատվածում Գրիգոր Մինասյանի իրավաբանական ընկերության շրջանառությունն, ըստ մամուլում եղած տեղեկությունների, աճել էր ութ անգամ: Ի դեպ, նույն այն ընկերության, որի ընձեռած բարիքներից օգտվում է նաև Կարեն Անդրեասյանը:
Բոլոր դեպքերում Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարար եղել ու զբաղվում է փաստաբանական գործունեությամբ և իրավաբանի մասնագիտությանը մի քիչ լուրջ վերաբերվելու դեպքում երևի պիտի սպասեր ԲԴԽ որոշումների հրապարակվելուն, որպեսզի կարողանար հասկանալ՝ նրա ընկերն, ի վերջո, արդարացվե՞ց, թե՞ պոտենցիալ պատասխան տվողների շրջանակը լայնացրեց:
Եվ վերջում. դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը, դատավոր Դավիթ Հարությունյանի մասով զեկուցագիր է գրել Գրիգոր Մինասյանի մամլո քարտուղարը, իսկ Սուրեն Անտոնյանի մասով Գրիգոր Մինասյանն ինքն է շարունակել իր ընկերոջ սկսած «ուսումնասիրությունը» և փոխանցել ԲԴԽ:
Մնացածը Գրիգոր Մինասյանը կարող է տեսնել ՄԻԵԴ վճռում, որի հետ լրագրողները ո՛չ գործ են ունեցել, ո՛չ կապ:
Հասկանալի է, որ Գրիգոր Մինասյանն իր գրառումն անելիս առնվազն թաքուն հույս է փայփայել, որ իրեն նորից կհիշի իրեն որդեգրած կուսակցությունը, բայց գոնե քնելիս, երբ մենակ մնա իր մտքերի հետ, պիտի որ ինքն իրեն գոնե խոստովանի՝ դատավորներին հետապնդելու պահանջը ո՛չ ժողովրդինն է եղել, և ո՛չ էլ օրենքով է պայմանավորված եղել:
Ի դեպ, ԲԴԽ «նորացված» կազմով նիստում պարզվեց նաև, որ Վճռաբեկ դատարանում Կարեն Անդրեասյանին բավարարող կազմը հավաքելուց հետո այլևս ՄԻԵԴ վճիռների հիմքով վարույթներ չեն հարուցվել, այդ թվում՝ նաև 2008թ. մարտի 1-ի հետ կապված քրեական գործերով և հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների գործերով:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test