Մինչ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկո խոսում է խաղաղությունից, Բաքվում դատախազները պահանջում են ցմահ ազատազրկել Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, և 20 տարով ազատազրկել Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և մի խումբ մեր հայրենակիցների, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում։
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը նկատում է, որ եթե Ադրբեջանը նույնիսկ արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների հարցն է բարձրացնում, ապա ինչո՞ւ ազատ չեն արձակվում մեր գերիները։
«Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ դեմ են եղել, որ ամերիկյան կողմն այդ հարցը բարձրացնի՝ մտահոգություններ ունենալով, թե դա կարող է խոչընդոտել բանակցություններին, համաձայնագրի ստորագրությանը։
Բայց թե՛ մեր գերիների հարցը, թե՛ Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերը մեծացնելը, թե՛ այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք նույնիսկ վերջին օրերին, երբ Ալիևը փաստացի Հայաստանն անվանում է ադրբեջանցիների պատմական տարածք, և միակ «զիջումն» այն է, որ չեն գա տանկերով, կգան մեքենաներով, խոսում է այն մասին, որ Բաքվում իրենց ծրագրերից չեն հրաժարվել, այլ հարց, որ եթե հնարավորություն ունեն հասնելու առանց ռազմական գործողությունների, ուժային ճնշման, այլ ՀՀ իշխանությունների զիջմամբ, ապա կգնան դրան։ Բայց նպատակն է՝ հայկական գործոնի ամբողջական չեզոքացումը տարածաշրջանում։ Նրանք հետևողական գնում են դեպի այդ նպատակը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Երեկ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանեց ազդեցության գործակալներ, նշեց, որ նրանք չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում։ Ասաց, որ 2018-ի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն պետության գրպանում, որի ազդեցության գործակալներն են իր թվարկած անձինք, բայց անվանական չնշեց, թե որ երկիրը նկատի ունի։
Հայկ Խալաթյանից հետաքրքրվեցինք՝ անընդհատ ժողովրդի անունից խոսող Փաշինյա՞նն է որոշողը, թե ով հայտնվի խորհրդարանում, ով՝ ոչ, և երկրորդ, երբ որ ինչ-որ երկրի անընդհատ ակնարկում է, ինչո՞ւ ուղիղ անուն չի նշում, ինչի՞ց է վախենում։
Ի պատասխան՝ Հայկ Խալաթյանն ասաց, որ դա Փաշինյանի պատկերացմամբ՝ խորամանկություն է․
«Բոլորը հասկանում են, որ նկատի ունի Ռուսաստանին, բայց Ռուսաստանի անունը չի տալիս, որ եթե Մոսկվայից հանկարծ հարցեր լինեն, ասի՝ ես հո չե՞մ ասել, որ դա Ռուսաստանն է։ Բայց նա անընդհատ խոսում է Ռուսաստանի մասին, նույնիսկ Մոլդովայի հետ է անալոգիաներ անցկացնում՝ նկատելով, թե Մոլդովայում իբր կար արտաքին միջամտություն, նույնը պլանավորում են Հայաստանում։ Այդ ամենն ասում է Արևմուտքի ներկայությամբ, որը շատ ակտիվ Մոլդովայում մասնակցում էր, բայց խոսում էր Ռուսաստանի միջամտությունից։ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում լսելիս ինձ մոտ մի հարց առաջացավ, որը շատ կուզեմ Երևանում տան վարչապետին և նրա թիմակիցներին։
Տեսեք, նա ասում է, որ Արցախը թոկ էր, որով պահում էին Հայաստանին, մենք ազատվեցինք, ինքնիշխանություն ստացանք և այլն, հիմա հարց՝ մի քանի օր առաջ նշում էինք 44-օրյա պատերազմի հնգամյակը, և կխնդրեմ մեր գործընկերները հարցնեն՝ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ինչո՞վ է առաջնորդվել, իր ցանկությունը եղել է հաղթել պատերազմը, պահպանել Արցախը և «մնալ Ռուսաստանից կախվա՞ծ», թե՞ նպատակն է եղել Արցախը հանձնել և ազատվել Ռուսաստանից։
Փաշինյանի ելույթից ակամա այդ հարցն է ծագում մարդկանց մոտ, որովհետև եթե դու գտնում ես, որ այդ հարցը միշտ օգտագործել են Հայաստանը կախվածության մեջ պահելու համար, ինչի հետ ես համաձայն չեմ, եթե դու գտնում ես, որ ազատվելով Արցախից՝ կարողացանք ինքնիշխանություն ստանալ, ապա հարց՝ 44-օրյա պատերազմում քո համար առաջնային նպատակը ո՞րն էր․․․
Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա ես տեսնում եմ սպառնալիք գնալ հենց Մոլդովայի օրինակով, որտեղ իշխանությունն ունենալով լուրջ խնդիր վերընտրվելու հետ, ինչպես Հայաստանում ամբողջությամբ օգտագործում են այս ռեպրեսիաներն ընդդիմության դեմ, դրա շնորհիվ մինիմալ առավելությամբ կարողացան ապահովել իրենց հաղթանակը։ Վտանգ կա, որ Փաշինյանը տեսնելով, որ չնայած ձեռնարկվող բոլոր միջոցներին՝ չի կարողանում համոզել հասարակությանը, կարող է գնալ մոլդովական սցենարով․․․»։
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test