Այսօր ռեգիոնալ հաղորդուղիների բացմանը Երևանում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, Բաքվում՝ Իլհամ Ալիևը։
«Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ընթացքում Փաշինյանն ասաց, որ TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը, որ «մենք կանենք և աշխատում ենք դրա վրա», որը նաև պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է։
«Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է»,- նշել է Փաշինյանը։
Ըստ նրա, հաջորդիվ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումն է լինելու, որը կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը, որում ներկայացված կլինեն Հայաստանը և Նահանգները, իսկ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։
Նա նշել է, որ փորձագիտական շրջանում քննարկվում է հետևյալ հարցը՝ արդյոք ՀՀ որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալո՞ւ է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է TRIPP-ը։
Փաշինյանի խոսքով, սահմանափակում չի լինելու։ Նա հավելեց՝ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը, իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը։ Այժմ, նրա ներկայացմամբ, քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա սցենարը։
Փաշինյանը ժամկետը պայմանավորեց ներդրումներով: «Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկը ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդ ներդրումը հետ ստանալ»,- ասել է նա:
Իսկ Բաքվում մեկնարկած «Հատուկ ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում» միջազգային համաժողովի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ թյուրքական պետություններն առաջատար դեր են խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների զարգացման գործում։ Նրա խոսքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր դեր կխաղա մեր երկրների միջև ուղիղ և անխոչընդոտ կապերի հաստատման գործում։
Դիմելով Բաքվում մեկնարկած մասնակիցներին՝ նա շարունակել է. «Այս նախագծի իրականացման արդյունքում բեռնափոխադրումների ծավալի աճ կարձանագրվի, ինչը զգալիորեն կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը»։ Ալիևն ուղերձում ընդգծել է, որ «մեր տրանսպորտային հանգույցների կարևորության աճը դրանք ապակառուցողական ուժերի թիրախ է դարձնում»։
«Մենք այս տրանսպորտային ուղիները դիտարկում ենք ոչ միայն՝ որպես տնտեսական բարգավաճման աղբյուր, այլև որպես թյուրքական պետությունների քաղաքական, մշակութային և անվտանգության ոլորտներում ավելի սերտ ինտեգրման կարևոր հիմք»,- հայտարարել է Ալիևը։
Ստացվում է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո ևս ադրբեջանական կողմը չհրաժարվեց օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինն Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու վերաբերյալ։ Միակ տարբերությունն այն է, որ ՀՀ տարածքով գցվելիք ճանապարհը կունենա առանձին անվանում՝ TRIPP, որը երբեմն նաև ադրբեջանական որոշ պաշտոնյաներ են կիրառում իրենց հայտարարություններում։ Սակայն ընդհանուր առմամբ ողջ հաղորդակցական ուղին Ալիևն անվանում է «Զանգեզուրի միջանցք» ու դա դիտարկում՝ որպես թյուրքական պետությունների ավելի լայն ինտեգրման հիմք։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանին հաջողվեց պահպանել երթուղու ադրբեջանական, երկար քննարկված անվանումը, իսկ Հայաստանին հաջողվեց ՀՀ-ով անցնող երթուղու մասին տալ այլ անվանում, և, թե որքանով է սա գոհացուցիչ, պետք է որոշեն իրենք կողմերը։ Սակայն վերլուծաբանը գտնում է, որ շատ ավելի էական է ավելի լայն գործընթացները հասկանալ՝ իմանալու համար, թե այդ երթուղին ում շահերն է ամրապնդելու։
Ըստ նրա՝ վերջին տարիներին Ադրբեջանը տեսանելիորեն ուժեղացրել է իր ներգրավվածությունն ու ինտեգրացիան թյուրքական երկրների շրջանակում, ու եթե նախկինում դրանք առավելապես մշակութային բնույթ էին կրում, ապա այժմ դրանց փորձում են հաղորդել քաղաքական, տնտեսական և անվտանգային բովանդակություն։ Ուստի, նրա խոսքով, Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) հարթակը վերածվում է մի ուղղության, որտեղ Բաքուն ձևավորում է իր նոր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
«Եվ այստեղ հստակ է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումները՝ Ռուսաստանի ազդեցության թուլացումը, Մերձավոր Արևելքում լարվածությունը, Իրանի շուրջ իրավիճակը և Արևմուտք-Չինաստան մրցակցությունն Ադրբեջանին տալիս են հնարավորություն գործելու ավելի ազատ։ Բաքուն ակտիվորեն օգտվում է դրանից՝ խորացնելով իր կապերը Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը ավանդական արտաքին քաղաքական գործընկերներից՝ ստեղծելով նոր անվտանգային ու տնտեսական հնարավորություններ, ամրապնդված դիրքեր։ Եվ գաղտնիք չէ, որ այս գործընթացի ուժեղ առանցքը մնում է Թուրքիայի հետ հարաբերությունները, որը շարունակում են խորանալ «Մեկ ազգ, երկու պետություն» հայտնի ձևաչափին համահունչ»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ շարունակելով, որ Թուրքիան Ադրբեջանին դիտում է՝ որպես հենակետ Կովկասում, իսկ Ադրբեջանը Թուրքիային՝ որպես ազդեցությունը խթանող ուժ թյուրքական աշխարհում։
Այս տանդեմը, ձևաչափը և դրա ներքո դրված նպատակը, նրա որակմամբ, լավ աշխատեց, որից հետո ակտիվ աշխատանք է սկսվել Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։
«Բաքուն նկատելիորեն ինտենսիվացրել է կապերը Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի հետ միջանցքների զարգացման, էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքների համակարգման ոլորտում։ Ադրբեջանը ձգտում է դառնալ այս երկրների համար դեպի Եվրոպա տանող հիմնական կապող օղակ, բացի այդ, ունի առաջնորդող երկրի հավակնություններ թյուրքական ազդեցության տարածքում։ Ադրբեջանը դիրքավորվում է՝ որպես ազդեցության համակարգող։ Եվ այս ամենի կոնտեքստում ապաշրջափակման գործընթացը Բաքուն, բնականաբար, դիտարկում է՝ որպես թյուրքական շահերն առաջ մղելու հնարավորություն։
Պատահական չէ, որ Բաքուն սկսել է հենց այսպես դիրքավորվել այս փուլում, փորձում են ամեն բան նախապատրաստել, դիրքավորվել իրենց պրոյեկտներն առաջ մղելու համար։ Իհարկե, այս ամենի հաջողությունը կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքականություն կշարունակի Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը։ Եթե նրանք ավելի պասիվ դիրքավորվեն, չփորձեն այլընտրանքային մասնակցություն ունենալ ռեգիոնում, ապա թյուրքական ազդեցությունը կամրապնդվի։ Ուստի ես ռեգիոնալ հավասարակշռության տեսանկյունից կարևորում եմ Իրանի ու Ռուսաստանի մասնակցությունը»,- ասաց վերլուծաբանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test