Հինգշաբթի օրը Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը պահանջել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների համար 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում, հայտնում է ադրբեջանական Azertac-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ դատախազը պահանջել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին դատապարտել ցմահ ազատազրկման: Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաև Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին դատախազը պահանջում է դատապարտել 20 տարվա ազատազրկման:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, դատախազը պահանջել է Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել 19 տարվա, Դավիթ Ալավերդյանին 18, Լևոն Բալայանին 17 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյանին և Էրիկ Ղազարյանին 16 տարվա ազատազրկման: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների մեջ: 2023-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից ու Արցախի ժողովրդի էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարեց 16 հայերի, 8-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, նրանց թվում է նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի դատավարությունն առանձին է ընթանում: Մյուս 8-ը ռազմական գործողությունների հետևանքով գերեվարվածներն են: 2020-ի 44-օրյա պատերազմի ու Արցախի շրջափակման ժամանակ գերեվարված ու արդեն տարբեր պատժաչափերով դատապարտված հայերի թիվը 7-ն է: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում հաստատված 23 հայ գերիներ են պահվում: Այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:
- Հայ ռազմագերիներին` ռազմաքաղաքական էլիտային Բաքվի դատարանը սպառնում է ցմահ կամ 19-20 տարվա ազատազրկում սահմանել, այդ ամենին զուգահեռ Հայաստանի վարչապետը երջանիկ դեմքով, հրճվալից ինչ-որ միջոցառումների է մասնակցում` խաղաղության, ճանապարհների բացման մասին խոսում և ոչ մի խոսք չի ասում ռազմագերիների մասին: Ըստ Ձեզ` այժմ ի՞նչ քայլեր կարող է անել Հայաստանը, ռազմագերիների մասով, ուրախանալուց, հրճվելուց բացի:
- Իշխանությունների՞ մասին է խոսքը: Անկեղծ ասած, իշխանությունը շատ բան կարող է անել, եթե ցանկանա: Օրինակ` ամեն մի հարմար առիթ, քննարկում կարող է օգտագործել գերիների, պատանդների վերադարձի համար: Բայց ինչպես տեսնում ենք ոչինչ չի արվում, այդ փաստաթղթի նախաստորագրումից առաջ էլ, հետո էլ ոչինչ չարվեց փաստացի, համենայն դեպս որևիցե առարակայական քայլ չենք տեսնում, հստակ գործողություններ չենք տեսնում: Իմ խորին համոզմամբ` այս իշխանությունը մատնված է անգործության և այդ պատճառով էլ երբեմն ինչ-որ հերթապահ հայտարարություններ են անում, որպեսզի ծածկադմփոց անեն թեման, բայց որևիցե հստակ քաղաքական քայլ չեն ձեռնարկում, չեն բանակցում, միջազգային հարթակներն էլ չեն օգտագործում այս հարցերի համար:
- Աղոթքի նախաճաշ են անում, որին տարբեր երկրներից հյուրեր են մասնակցում: Ըստ Ձեզ` այդ հարթակը կօգտագործե՞ն իշխանությունները` գերիների հարցը բարձրաձայնելու համար:
- Պետք է բարձրացնեն, բայց ես վստահ եմ, որ այդ հարցը չի բարձրաձայնվելու: Այն իրականում շատ կարևոր առիթ է, միջավայր է, որպեսզի այդ հարցը ևս մեկ անգամ դառնա քննարկման առարկա, նամանավանդ, որ այդ նախաճաշին մասնակցող տարբեր քրիստոնեական կազմակերպություններ իրենց գործունեության ընթացքում գերիների թեման ողջ աշխարհում առհասարակ կարևորում են: Հետաքրքիր է, այդ մարդկանց մոտ Հայաստանի ղեկավարը կխոսի՞ հայ ռազմագերիների մասին, թե՞ ոչ: Ես, անկեղծ ասած, խիստ կասկածում եմ, որ անգամ գերիների մասով աղոթք է հնչելու:
- Բայց ինչո՞ւ են խուսափում հայ ռազմագերիների թեմայից: Ի վերջո` եթե խաղաղություն են ուզում հաստատել Բաքվի հետ, ապա ո՞րն է խնդիրը:
- Ինչպես տեսնում ենք` նրանք խուսափում են բոլոր այն հարցերից և բոլոր այն թեմաներից, որոնք գլխացավանք են իրենց համար, այդ թվում` Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեման: Այսինքն` բոլոր այն հարցերը, որոնց Ադրբեջանը կարող է դիմադրել, իրենք փորձում են շրջանցել, շրջանցելով մեր ազգային օրակարգերը: Որևէ հարց չեն բարձրացնում, որը կարող է այդ իմիտացիոն խաղաղության գործընթացին վնասել:
- Երբ դեռ նոր էր գերության մեջ հայտնվել Արցախի ռազմաքաղաքական էլիտան, տեսակետներ կային, որ կպահեն, կդատեն, սակայն դատավճիռների փուլում գերիներին կարտահանձնեն Հայաստան: Ի՞նչ եք կարծում` դա այժմ իրատեսակա՞ն է:
- Դատելով Ադրբեջանի վերաբերմունքից, ես նման հեռանկար չեմ տեսնում: Այս ամբողջ պրոցեսը հստակ սցենարով գրված է: Ինձ համար այստեղ չկա որևէ անակնկալ, չեմ զարմանում: Առաջին օրվանից մինչ օրս ականատես ենք լինում բեմականացումների: Ամեն ինչ մտածված քայլ է, իբրև անհատականացված պատժաչափեր են կիրառում, այլ ոչ թե համատարած: Տպավորություն են ստեղծում, թե յուրաքանչյուրի գործն առանձին քննել են, դրա համար տարբեր պատժաչափեր են սահմանել: Այս ամբողջ անօրինական պրոցեսը մեկ նպատակ է հետապնդում. ցույց տալ, որ այսպես են վարվում բոլոր նրանց հետ, ովքեր Ադրբեջանի իշխանությունների դեմ են դուրս եկել: Աշխարհին ցույց են տալիս նաև իրենց ուժը, բայց մենք ամեն դեպքում ունենք աշխատելու տեղ: Դատավճիռները պետք է անպայման կերպով վիճարկվեն: Առնվազն արդար դատաքննության մասով պետք է դիմել Եվրոպական դատարան: Ինքնորոշման իրավունքի համար պայքարող անձինք չեն կարող լինել ահաբեկիչներ, դրանով իսկ այս ամբողջ պրոցեսը կապալեգիտիմացվի:
- Եթե Հայաստանի իշխանությունները չեն զբաղվում այս հարցերով, ո՞վ, կամ ովքե՞ր պետք է զբաղվեն:
- Անհատական գանգատների միջոցով պետք է մի բան արվի: Իրվապաշտպան կառույցների աջակցությամբ, ինչպես նաև այլ ռեսուրսներով պետք է տանել աշխատանքները: Օրակարգը պետք է տաք պահել:
- Եվ այս ամենի ֆոնին դեռ խոսում են ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու մասին:
- Իրականում այս խոսույթը ադրբեջանական կողմը պահում է օրակարգային թեմայի մեջ, բայց այս ամենին զուգահեռ ոչ մի խոսք չենք լսում Արցախի ժողովրդի վերադարձի մասին` որևէ խոսք: Թեպետ այս երկուսը չեն կարող զուգահեռվել, սակայն այնուամենայնիվ ոչ մի խոսք չի ասվում արցախցիների Արցախ վերադարձի մասին: Ադրբեջանցների վերաբնակեցման թեման հերթական անգամ հայ ժողովրդին հոգեբանորեն ճնշելու փորձ է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test