Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ոչ թե Ռոբերտի ու Սերժի Հայաստանից լավը, այլ իր սահմանները պահող արդար Հայաստան hraparak.am hraparak.am

time
Ոչ թե Ռոբերտի ու Սերժի Հայաստանից լավը, այլ իր սահմանները պահող արդար Հայաստան

Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ամեն անգամ զարմանում ենք, երբ բախվում ենք պետական գործիչ դառնալու անկարողությանը: Հատկություն, որն առկա է Հայաստանի վերջին սերնդի իշխանավորների մոտ: Զարմանում ու զայրանում ենք, որովհետեւ նրանց գործելակերպից ու ամենօրյա խոսույթից հասկանում ենք, որ յոթուկես տարուց ավելի իշխանության լինելով, այս մարդիկ այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող միայն խաղաղության մասին լինել եւ Հայաստանի Հանրապետության զարգացման մասին չլինել:

Չեն կարողանում հասկանալ, որ երբ այդ հարաբերությունները միայն խաղաղության եւ ոչ թե զարգացման մասին են լինում, դրանք մեզ արցախահայության վերադարձի իրավունքը չպաշտպանող են դարձնում, դրանք մեզ մեր գերիների վերադարձը չպահանջողներ են դարձնում, դրանք մեզ Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքները չվերադարձնողներ են դարձնում:

Չեն հասկանում, որ երբ դրանք՝ այդ հարաբերությունները ոչ թե զարգացման, այլ միայն խաղաղության մասին են լինում, դրանք մեզ՝ թշնամու պարտադրանքով Սահմանադրությունը փոխողներ են դարձնում, իսկ վաղը կամ մյուս օրը նույն թշնամու պարտադրանքով նաեւ 100, 200 կամ 300 հազար ադրբեջանցու վերադարձին հարմարվողներ էլ կդարձնեն:

Ավելին, երբ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները ոչ թե Հայաստանի Հանրապետության զարգացման, այլ միայն խաղաղության մասին են լինում, դրանք մեզ սեփական բանակն արհամարհող ու նրա դերակատարումը նսեմացնող են դարձնում: Երբ դրանք այդպիսին են լինում, երկրի քաղաքական ղեկավարության պարտադրանքով մեր հատուկ ջոկատայինները Մայր Աթոռի վրա հարձակվող խաժամուժի են վերածվում:

Սակայն միայն այսքանը չէ, ինչն այս իշխանությունների մոտ այսքան վատ է ստացվում: Նրանց մոտ ավելի վատ, թերեւս, իրենց հասցեին հնչած քննադատությանը հակադարձելն է ստացվում: Հարցն այն է, որ ամեն անգամ, երբ հասարակությունը նրանց ապաշնորհ կառավարմանը բախվելով քննադատում է նրանց, նրանք, համապատասխան հետեւություններ անելու փոխարեն, ամեն անգամ Ռոբերտի ու Սերժի ժամանակն օրինակ բերելով են իրենց արդարացնում:

Իսկ այդպես են արդարացնում, որովհետեւ չեն հասկանում, որ եթե անգամ այսօրվա Հայաստանը Ռոբերտի ու Սերժի Հայաստանից ավելի լավ Հայաստան էլ լինի, միեւնույն է, դա հայաստանցուն ու հայ մարդուն ոչ մի բանով չի սփոփի: Չի սփոփի, որովհետեւ ո՛չ հայաստանցու եւ ո՛չ էլ հայ մարդու նպատակն այսօր ամենեւին էլ Ռոբերտի կամ Սերժի Հայաստանից լավ Հայաստան ունենալը չէ: Նրանց այսօրվա սպասելիքներն ու տեսլականներն ինքն իրեն պաշտպանել կարողացող, արդյունավետ տնտեսությամբ, սոցիալապես արդար ու ժամանակակից Հայաստան ունենալու հետ են կապված: Սպասելիքներ, որոնք ոչ միայն սրանք չեն արդարացրել, այլեւ հիմնովին ձախողել են:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test