Նույնիսկ, եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բանակցային բոլոր փաստաթղթերը, դժվար թե դա բացահայտի ողջ ճշմարտությունը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու շուրջ 30 տարվա ընթացքում առաջարկված ու քննարկված կարգավորման նախագծերն ու հարակից փաստաթղթերը չեն արտահայտելու ղարաբաղյան բանակցային գործընթացի ամբողջ տրամաբանությունը, քանի որ ղարաբաղյան գործընթացն աշխարհաքաղաքական մեծ խաղի կարևոր մասն է եղել։
Հակոբ Բադալյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր նպատակն իրականում եղել է Կովկասի հետխորհրդային կառավարումը, ոչ թե Արցախի հարցի լուծումը կամ կարգավորման համար բանակցությունների հարթակ տրամադրելը, թեև ֆորմալ առումով այն ստեղծվել էր հիմնահարցը լուծելու համար։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հենց կովկասյան հետխորհրդային ստատուս-քվոյի հետ աշխատելու մեխանիզմն էր՝ կառավարման մեխանիզմը։ Ես չեմ կարծում, որ դա եղել է կարգավորման մեխանիզմ այն պարզ պատճառով, որ կարգավորման համար երեք համանախագահող պետությունները պետք է ունենային նույն պատկերացումը։ Թղթի վրա կարող էր գրվել նույն պլանը, բայց արդյո՞ք մենք համարում ենք, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան ունեցել են նույն ռազմավարությունը, Կովկասը նրանք նույն կե՞րպ են պատկերացրել։ Այդ դեպքում հիմա ինչի՞ մասին է խոսքը Կովկասում։
Պարզ է, չէ՞, որ մրցակցել են Կովկասում։ Եթե, օրինակ, ԱՄՆ-ը պատկերացրել է, որ Արցախի հարցը փակելով՝ Կովկասում կարող է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, ավելի անկաշկանդ գործել Ռուսաստանի դեմ բուֆերային գոտիներ կամ հակազդեցության տարածքներ ձևավորելու հարցում, ինչպե՞ս կարող էր Ռուսաստանն Արցախի հարցում նույնությամբ մտածել՝ ինչպես Միացյալ Նահանգները։
Օրինակ՝ երբ Քի Վեսթում (ԱՄՆ) ձեռք է բերվել պայմանավորվածություն, հետո ի՞նչ է տեղի ունեցել, որ Ալիևը վերադարձել է և հրաժարվել պայմանավորվածությունից՝ ասելով, որ անգամ իր ընտանիքի անդամներին չի կարողացել համոզել։ Իսկ այդ ընտանիքի անդամներն ի՞նչ ուժի կամ ազդեցության միջոցով են հորը համոզել դեմ գնալ Միացյալ Նահանգների հովանու ներքո ընդունված փաստաթղթին»,– մեկնաբանում է Հակոբ Բադալյանը։
Վերլուծաբանը հիշեց նաև բանակցային այլ փուլեր, մասնավորապես՝ Կազանում 2011 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանակցություններն ու առաջարկված Կազանյան փաստաթուղթը։
Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ անհիմն են այն մեղադրանքները, թե իբր Հայաստանի նախկին նախագահները չեն ցանկացել կամ չեն կարողացել լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ դա կախված չէր միայն հայկական կողմից, և խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանն էր։
«Քի Վեսթի նախագծով Ադրբեջանն, ըստ էության, ստանում էր այն, ինչ ստանում է հիմա։ Պարզապես Հայաստանն էլ ստանում էր իրենը (Լեռնային Ղարաբաղը,- Ա.Ս.) և, մեղմ ասած՝ ոչ միայն համարժեք, այլ գուցե նույնիսկ անհամաչափ ավելին։ Բայց այդ բոլոր փաստաթղթերը հնարավոր չի եղել կյանքի կոչել։ Ինչո՞ւ։ Որովհետև միայն Հայաստա՞նը համաձայն չի եղել։ Ո՛չ։ Հայաստանը համաձայն է եղել։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարում էր, որ ինքը մեկնում է Կազան և պատրաստ էր ստորագրել, և Կազան այցից առաջ իրեն են զանգահարում Օբաման և Սարկոզին, և Սերժ Սարգսյանն այս մասին շատ հատկանշական մի բան է ասել, որ ինքն Օբամային և Սարկոզիին ասել է, որ՝ «ես պատրաստ եմ ստորագրել, կարող եք՝ գնացեք Ադրբեջանին համոզեք, որ ստորագրի, որովհետև մենք վստահ ենք, որ Ալիևը չի ստորագրելու»։ Եվ փաստացի այդպես էլ ստացվում է. Ալիևը գնում է Կազան և չի ստորագրում, և դարձյալ, ինչպես կրկին Սերժ Սարգսյանն է պատմել, գրեթե տասնյակ նոր պայմաններ է բերել, և այդ պատճառով բանակցությունները տապալվել են։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ալիևը կարող է իր պայմաններն առաջադրել, և հայկական կողմը պետք է ընդունի։ Այդպես չի լինում դիվանագիտությունը»,- հիշեցնում է քաղաքական վերլուծաբանը։
Հակոբ Բադալյանը կարևորում է ղարաբաղյան բանակցային պրոցեսի հետ կապված համակողմանի իրականության բացահայտումը, բայց ավելի շատ հակված է այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանը զուտ ներքաղաքական նպատակներով է պատրաստվում հրապարակել բանակցային փաստաթղթերը՝ նախընտրական շրջանում մարդկանց «զբաղեցնելու» համար։
Վերլուծաբանի խոսքով՝ այդ փաստաթղթերի հրապարակումը մանիպուլյացիաների հերթական ալիքն է բարձրացնելու, և հանրությունը պետք է պատրաստ լինի չհայտնվելու նենգափոխումների նոր ծուղակում։
«Մեծ մտավախություն ունեմ, որ այդ փաստաթղթերի հրապարակումն ընդամենը լինելու է մեզանում գերակշռող մանիպուլյատիվ բաղադրիչի նոր խթան, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն, ի վերջո, գնաց դրան, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ նա շատ հմուտ է այդ ոճի աշխատանքում՝ իրողությունների մանիպուլյացիայի գործում, երբ շատ հանգիստ, աճպարարությամբ նենգափոխում է մատուցվող իրողությունները, օրինակ՝ Արցախի կորուստը վերածում է Հայաստանի հաղթանակի, հաղթանակը վերածում է «Հայաստանի վզին կապված թոկի»։ Այս ամենում նա բավական հմուտ է, և այդ փաստաթղթերը ծառայելու են որպես լրացուցիչ ռեսուրս»,- մեկնաբանեց Հակոբ Բադալյանը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու և ԵԱՀԿ-ի հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հարթակ ստեղծելու նպատակով: 1997 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահում էին Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները:
2025 թ. սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների դիմումի հիման վրա ընդունեց որոշում Մինսկի գործընթացը և հարակից կառույցները փակելու մասին: Որոշման կատարումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև դեկտեմբերի 1-ը:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 7-ին տված հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցային պատմության առանցքային թղթերը՝ ներառյալ 2019 թվականի առաջարկը, այժմ սկանավորվում են ու մինչև տարվա վերջ հրապարակվելու են։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test