ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Եվրոպական ապագա Հայաստանը չունի։ Եվրասիական վեկտորը՝ մասնակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, երկրի կայունությունն ու պաշտպանությունն ապահովող միակ ուղղությունն է։ Այս մասին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն ասաց «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանի ժամանակ:
Նրա կարծիքով՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության համար իրական պայմաններ այսօր չկան։ Անդամակցության ընթացակարգը ենթադրում է, առաջին հերթին, պաշտոնական հրավերի առկայություն, իսկ Հայաստանը հրավեր չի ստացել։
Բացի այդ, առկա է ԵՄ և ԵԱՏՄ իրավական սկզբունքների հիմնարար անհամատեղելիություն։ Եվրոպական դաշինքին անդամակցելը կպահանջի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, իսկ դա լուրջ տնտեսական ռիսկերի հետ կապված քայլ է։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանի արտահանման ներուժն առաջին հերթին ուղղված է ԵԱՏՄ շուկային, մինչդեռ ԵՄ մատակարարումները նվազագույն մակարդակի են։
«Հայաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, չի կարող միանգամից երկու աթոռի վրա նստել։ ԵՄ անդամ լինելն ու ԵԱՏՄ-ի հետ առևտուր անելն անթույլատրելի է, և ոչ ոք Հայաստանին թույլ չի տա դա անել»,-նշեց նա։
Բացի այդ, Հայաստանը ՇՀԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։
Նրա խոսքով՝ գործող իշխանության կայացրած որոշումները ոչ տնտեսական, ոչ քաղաքակրթական առավելություններ չեն ապահովում պետության համար և չեն համապատասխանում ժողովրդի շահերին:
Խոսելով Եվրամիության ընդլայնման հեռանկարների մասին՝ Բալասանյանը նշեց, որ ԵՄ պաշտոնական փաստաթղթերում հստակ նշված է՝ միակ երկիրը, որն իրապես հավակնում է մոտակա ժամանակներում անդամակցության, Մոնտենեգրոն է։ Այս պայմաններում Հայաստանի եվրոպական հեռանկարի քննարկումը, նրա խոսքով, զուրկ է գործնական իմաստից։
Նա նաև մատնանշեց Ուկրաինայի դառը փորձը․ այդ երկիրը դարձել է զինափորձարան, որտեղ բախվում են տարբեր կենտրոնների և ուժերի աշխարհաքաղաքական շահերը: Փորձագետը կարծում է, որ Հայաստանում նման բան թույլ տալ չի կարելի։
Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու շուրջ քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը: Ընդ որում, ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է անվանել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող ընդունվել առանց հանրաքվեի, սակայն նշել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է Եվրամիության կազմում:
Փորձագետների գնահատականներով, ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի 30-40% նվազման, բարդ անցումային շրջանի և միավորման անդամ երկրների կողմից հավանական սահմանափակումների: